Եկեղեցու ներքին գործերին միջամտելու իրավասություն Դուք չունեք, իսկ Ալիևին համարժեք պատասխան տալու իրավասություն կամ պարտականություն՝ ունեք

Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարոն Փաշինյան, ՀՀ հարգարժան վարչապետ,

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ապրող ու գործող կառույց է, հայ եկեղեցականներն էլ` այդ սրբազան հաստատության սպասավորները։ Մենք ծառայում ենք Աստծուն և մեր հավատավոր ժողովրդին։ Մեր ծառայության ճամփին վստահաբար ունենում ենք բազում սայթաքումներ, սխալներ ու բացթողումներ, գործում ենք մեղքեր (հուսամ` ոչ աններելի)։ «Ով իցէ մարդ, որ կեցցէ և ոչ մեղիցէ»,- ասում է Սուրբ Գիրքը։

Ի տարբերություն մարդկանց, Աստված մեզ տեսնում է ոչ միայն դրսից, այլ նաև` ներսից, գիտի մեր ով ու ինչ լինելը։ Իմիջիայլոց` գիտի նաև ձեր բոլորի ով ու ինչ լինելը։ Մենք էլ, դուք էլ` Աստծուն ապացուցելու, առավել ևս` համոզելու, ոչինչ չունենք։ Աստված գիտի մեր ոչ միայն անցյալն ու ներկան, այլ նաև գալիք ապագան։

Ես էլ մարդ եմ, Դուք էլ մարդ եք։ Եկեք, ոչ ես Ձեզ կամ ձեզնից որևէ մեկին դատեմ, ոչ էլ Դուք` ինձ կամ իմ հոգևոր եղբայրներից որևէ մեկին։ Դատելը թողնենք Աստծուն, իսկ մենք օգտվենք մեր քննադատելու իրավունքից։

Ասում եք, որ Դուք հավատացյալ եք և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ։ Ձեր քրիստոնյա լինելու մասին չեմ ուզում որևէ բան ասել, քանզի ուզում եմ հավատալ Ձեր խոսքին։

Ուզում եմ հավատալ նաև Ձեր հավաստիացմանը, որ Հայ Եկեղեցու հավատացյալ հետևորդ եք։ Այս ուղղությամբ ունեմ սակայն հարցեր։ Հայ Եկեղեցու հետևորդ եմ ասելը խոսքով չի լինում, այլ կան մի քանի հիմնական նախապայմաններ.

  1. Մկրտություն։ Որևէ մեկը չգիտի, Դուք մկրտված ե՞ք կամ ոչ։ Ունե՞ք Սուրբ Մկրտության վկայական։ Ի՞նչ կասեք այս մասին։
  2. Հայ Եկեղեցու վարդապետության, ինչպես նաև առաքելական հաջորդականությամբ փոխանցված նվիրապետության ընդունում։
  3. Քանի որ արդեն վաղուց չափահաս եք և ապրում եք մի կնոջ հետ, ուրեմն` օրինավոր ու Եկեղեցու կարգ ու կանոնով նվիրագործված Սուրբ Ամուսնություն, որն Եկեղեցու յոթը սրբազան խորհուրդներից մեկն է։ Ի՞նչ կասեք այս մասին։
  4. Պարտավորություն` զավակներին դաստիարակել քրիստոնեաբար` ըստ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ուսմունքի ու վարդապետության։ Ինչպես արդեն հասկանալի պիտի լինի շարադրվածից, քրիստոնեական կյանքով ապրելու և Հայ Եկեղեցու հետևորդ լինելու առաջին, բայց ոչ միակ, նախապայմանը վերստին ծնունդն է Եկեղեցու սուրբ ավազանից, այսինքն` Սուրբ Մկրտությունը։ Ձեր երեխաները մկրտվա՞ծ են։ Ի՞նչ կասեք այս մասին։
  5. Սուրբ Պատարագի կանոնավոր մասնակցություն և Սուրբ Հաղորդության ընդունում։ Կասեք, ե՞րբ եք վերջին անգամ մասնակցել Սուրբ Պատարագի, կատարել խոստովանություն և ստացել Սուրբ Հաղորդություն։

Կան ուրիշ չափանիշներ ևս, սակայն չծանրաբեռնեմ այս գրությունս։

Այս հիմնական չափանիշների լույսի ներքո` Դուք որոշեք, թե արդյոք Հայ Եկեղեցու հետևորդ եք կամ ոչ։ Եթե` այո, ուրեմն` որպես նույն Եկեղեցու հետևորդ եկեղեցականներիս քննադատելու, մեզնից պահանջելու, մեզ ավելի լավը տեսնելու ակնկալիք ունենալու, մեզնից մեր ուխտին հավատարիմ լինելու պահանջ ներկայացնելու իրավունք ունեք, ճիշտ այնպես ու այն նույն չափով, որ ունեն Առաքելական մեր Եկեղեցու միլիոնավոր այլ հետևորդներ։ Սակայն Ձեր գրառումներից այլ հոտ է գալիս, այնպես է թվում, թե Ձեր նպատակն ակնհայտորեն այլ է։

Նախորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը ձեր քաղաքական ուժին մանդատ է տվել ձևավորել խորհրդարանական մեծամասնություն և կազմել կառավարություն Ձեր գլխավորությամբ։ Վստահ եմ, ինձնից լավ գիտեք Ձեր իրավասություններն ու պարտականություններ։ Հիշեցնեմ միայն, որ Եկեղեցու ներքին գործերին միջամտելու իրավասություն Դուք չունեք։

Բայց այ, ադրբեջանական սուլթան Իլհամ Ալիևին համարժեք կամ գոնե ինչ-որ հոդաբաշխ պատասխան տալու իրավասություն կամ պարտականություն Դուք ունեք։ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ոչ թե սպասում է, որ Դուք հրապարակներում «հոգևոր հանդիպում» կազմակերպեք, այլ սպասում է լսել Ձեր պատասխանը Ալիևի վերջին բարբաջանք-հոխորտանքներին.

«Ադրբեջանցիները չպետք է հայ սահմանապահի երես տեսնեն», փոխադարձաբար` «Ինչ վերաբերում է մեզ (իմա՝ Ադրբեջանին)` մեր տարածքում ո’չ արտաքին օպերատոր է լինելու, ո’չ էլ վարձակալություն»։

Իսկ եկեղեցիներում կատարվող ամենօրյա առավոտյան և երեկոյան ժամերգությունները, և հատկապես կիրակնօրյա Սուրբ Պատարագը, հավատացյալի համար «հոգևոր հանդիպում» են, նախ` Աստծո հետ, ապա նաև իր հավատակից հայրենակցի հետ։ Դուք էլ, ցանկության դեպքում, կարող եք մասնակցել նրանց»։

Leave a Comment