Շոգին օծանելիքը, հեռախոսը, համակարգիչը մի թողեք ավտոմեքենայի սրահում, դրանք կարող են պայթել (տեսանյութ)

Ավտոմեքենայի տաքացած սրահում որոշ իրեր կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ։ Զգուշացնում են ՆԳՆ-ից։

Ամռան ամիսներին ավտոմեքենայի սրահում ջերմաստիճանը կարող է հասնել +60°C և ավելի։ Այդպիսի պայմաններում որոշ իրեր տաքանալով կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ։

Հիշեք՝ ավտոմեքենայի տաքացած սրահում չի կարելի թողնել․

  • էլեկտրոնային սարքեր (հեռախոս, համակարգիչ, Power Bank, պլանշետ) – շոգը վնասում է մարտկոցը, ինչը կարող է դառնալ պայթյունի կամ հրդեհի պատճառ,
  • կրակայրիչ – բարձր ջերմաստիճանից այն կարող է պայթել,
  • ավտոխնամքի միջոցներ (յուղեր, քիմիական նյութեր) – դրանք շոգից կարող են այրվող գոլորշիներ արձակել,
  • օծանելիք, սփրեյ, դեզոդորանտ – բարձր ջերմաստիճանից դրանք կարող են պայթել,
  • պլաստիկ շշեր – արևի ուղիղ ճառագայթների տակ դրանք կարող են առաջացնել խոշորացույցի էֆեկտ և և դառնալ հրդեհի բռնկման պատճառ,
  • ապակյա շշերով ալկոհոլային և գազավորված ըմպելիքներ – դրանք շոգից ու պարունակության ճնշումից կարող են պայթել։

Ջերմության նկատմամբ զգայուն իրերը պետք չէ թողնել մեքենայում, նույնիսկ մի քանի րոպե։ Կարևոր է իմանալ նաև, որ արևի տակ մեքենայի սրահի ջերմաստիճանը, փակ ապակիների պայմաններում, ընդամենը 20-30 րոպեում կարող է բարձրանալ մինչև 50-70°C։

Ներքին գործերի նախարարություն

Leave a Comment