Վաղարշապատի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել

Ուղիղ երկու ամիս առաջ առանց որևէ հստակ բացատրության Վաղարշապատի քաղաքապետի պաշտոնից հեռացած ՔՊ-ական Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել, տեղեկությունը հայտնում են «Ազատության» աղբյուրները: Գործը քննող Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ չի մեկնաբանում: Թե ինչ հոդվածով կամ հոդվածներով է մեղադրանքն առաջադրվել, նույնպես մինչ այս պահը հստակ չէ: Նախկին քաղաքապետի հետ կապ հաստատել չի հաջողվել: Գասպարյանը չի արձագանքում ո՛չ զանգերին, ո՛չ հաղորդագրությանը:

37-ամյա Գասպարյանը, որի ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման ընթացքում տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ են հայտնվել, պաշտոնը լքելու մասին որոշումը հիմնավորել էր ժամանակն ընտանիքին նվիրելու ցանկությամբ: Այն ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» ևս ուղիղ չէին խոսել իրենց թիմակցի հեռանալու իրական պատճառներից՝ չհերքելով, որ Գասպարյանի հրաժարականը կապ ունի նրա ընտանիքին առնչվող կոռուպցիոն պատմությունների հետ:

«Տրամաբանական ա ձեր հարցը և բնական ա, և էդ հարցադրումը կա բնության մեջ: Երբ պետք ա էդ հարցադրման պատասխան տրվի, հարցադրումներին պատասխաններ տրվում են: Եվ, էլի եմ կրկնում, եթե որևէ մեկի հետ կապված կոռուպցիոն որևէ պատմություն լինի՝ իր համապատասխան իրավական հիմնավորումներով, դրա մասին բոլորը կիմանան», – հայտարարել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Ամիսներ առաջ «Ազատություն»-ը պարզել էր, որ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայրի հետ՝ սեղմված բնական գազ ձեռք բերելու համար: Հրապարակումից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ էր հարուցել Գասպարյանի կողմից ենթադրյալ շահերի բախման փաստի առթիվ:

Ավելի վաղ համայնքապետի ամուսնու ծնողները հայտնվել էին Վաղարշապատում ապօրինի շինարարություն իրականացնելու սկանդալի կենտրոնում, սրա վերաբերյալ էլ քրեական գործ կա հարուցված: Ավելի քան մեկ տարի առաջ հարուցված այս գործով դեռ մայիսին որևէ մեղադրյալ չկար: Արդյոք այս գործով է նախկին քաղաքապետին մեղադրանք առաջադրվել, հայտնի չէ:

ՔՊ-ական համայնքապետի ընտանիքին առնչվող վերջին պատմությունն էլ, որ ողբերգական ավարտ ունեցավ, Գասպարյանի սկեսրայրին պատկանող գազալցակայանի տարածքում տեղի ունեցած սպանությունն էր: Ըստ «Հետք»-ի՝ սպանվածը մի քանի ամիս առաջ վիճել էր Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հետ:

Այս գործի վերաբերյալ երեկ Քննչական կոմիտեն մանրամասներ հայտնեց՝ պնդելով, որ սպանությունից հետո գազալցակայանի երկու աշխատակից պարտակել են հանցագործությունը:

«Մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով՝ գազալիցքավորողին հրահանգել է ջրով լվանալ գազալցակայանի տարածքում թափված արյան հետքերը, հավաքել և զուգարանակոնքը նետել կրակոցների արդյունքում տարածքում թափված կրակված պարկուճները, այնուհետև կրկին լվանալ արյան հետքերը՝ այդ կերպ կազմակերպելով և ղեկավարելով գազալիցքավորողի կողմից Կ.Բ.-ի կատարած հանցագործությունների պարտակումը», – աված էր հաղորդագրությունում:

Քննչականի փոխանցմամբ՝ գազալցակայանի հերթափոխի պետին մեղադրանք է առաջադրվել հանցանք կատարած անձին աջակցելու, կազմակերպելու համար, իսկ գազալիցքավորողին՝ հանցանք կատարած անձին աջակցելու հոդվածով: Արդյոք նրանք գործել են Դիանա Գասպարյանի սկեսրայրի կամ ամուսնու հրահանգով, թե՞ վերջիններս անտեղյակ են եղել իրենց գազալցակայանում տեղի ունեցածից, ՔՊ-ական Դիանա Գասպարյանից այս հարցերի պատասխանը ստանալ դեռ չի հաջողվել:

Leave a Comment