
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Գալյանն ասաց․ «Մեր քաղաքացիներն իրապես դժգոհ են ՀԷՑ-ի աշխատանքից։ Գործողությունների ժամանակագրությունը պետք չէ խառնել, ամեն ինչ պետք է ճշգրիտ ներկայացնել հանրությանը։ ՀԷՑ-ի հետ կապված դժգոհությունները եղել են ավելի վաղ շրջանում, դժգոհությունների հետ կապված քննարկումները եղել են շատ ավելի վաղ շրջանում, և այդ խնդիրները լուծելու հետ կապված հրահանգները եղել են ավելի վաղ շրջանում։ Գուցե այդ հայտարարությունները, որոնք արվել են համապատասխան անձանց կողմից, պայմանավորված են եղել հենց այդ խնդիրների քննարկմամբ և հանձնարարականներով, որոնք տրվել են այդ խնդիրները լուծելու համար»։
Հարցին, թե մարդկանց իրավունքների խախտո՞ւմ չէ, որ Փաշինյանը սպառնում է ՀԷՑ-ի աշխատողներին ազատել աշխատանքից, եթե նրանք մասնակցեն ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի բողոքի ցույցերին, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Ոչ ոք չի կարող սպառնալ ազատ կամքի իրացման հետ կապված, եթե այդ կամքն իրապես ազատ է։ Վարչապետն ընդամենն ասում է, որ պարտադրաբար, ոչ թե կամավոր կերպով հավաքներին մասնակցելու պարագայում դա կարող է ունենալ որոշակի հետևանք»։ Դիտարկմանը, թե 2018 թվականին ևս տարբեր ընկերությունների աշխատակիցներ մասնակցում էին ցույցերին, նախարարն ասաց․ «Եթե հեղափոխության մասին եք խոսում, ապա ամեն ինչից ակնհայտ է, որ այդտեղ պարտադրաբար ոչինչ չի եղել։ Խնդիրն աշխատակիցների ուշադրությունը հրավիրելն է այն հանգամանքին, որ պարտադրաբար հավաքներին մասնակցելը կամ հարկադրաբար հավաքներին մասնակցելու կոչերն իրավախախտում են, և չպետք է տրվել սադրանքի»։