Երրորդ նախագահի դեմ չորրորդ գործը դատարանում

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ արդեն չորրորդ գործն է ուղարկվել դատարան:

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հայտնեց, որ Սարգսյանը մեղադրվում է 2000-ից 2018 թվականներին՝ պաշտպանության նախարարի, հետո՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելու համար։

Մեկ ամիս առաջ էլ մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեղադրանքով գործն էր դատարան ուղարկվել: Նա նաև անցնում է Իսակովի պողոտայի և Եռաբլուրի հարակից հողերի օտարման, ինչպես նաև դիզվառելիքի յուրացման վերաբացված գործով:

Վերջին գործով, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, երրորդ նախագահն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, նպաստել է, որ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող գործարար Միխայիլ Բաղդասարովն ու նրա ընկերությունները ներգրավվեն արտասահմանյան ներդրումներով կառուցվող բիտումի գործարանի հիմնադրմանը։

Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը գործը շինծու է որակում։ Պնդում է՝ այն իրավական հիմք չունի։

«Էդ մեղադրանքը հերթական հերյուրանքն է, որը իշխանությունները տարածում են էն ժամանակ, երբ որ ինչ-որ իրադարձություններ են իրենք ակնկալում, որ երկրի գլխին նորից պետք է կախվի», – «Ազատության» հետզրույցում հայտարարեց փաստաբանը:

Մակինյանն ասում է, որ այս գործով առերեսումները դեռ հինգ տարի առաջ են եղել, դեռ այն ժամանակ ողջ գործարար Բաղդասարովը հերքել է իրեն վերագրվող թարգմանությունները, որոնք այս վարույթի հիմքում են դրվել, ըստ փաստաբանի. – «Առերեսման ժամանակ երբ որ հարցեր առաջադրվեց Միխայիլ Բաղդասարովին, շատ զարմացավ ու ասեց՝ «էդ ով ա՞ էդ թարգմանությունները արել, ես էդպիսի բան չեմ ասել, թարգմանությունները ճիշտ չեն, իրականությունը այդպես չի, այլ այդպես ա»: Այսինքն՝ էն, ինչ որ փորձ էր արվում բերել ու մոտեցենել պարոն նախագահին, Միխայիլ Բաղդասարովը մեր ներկայությամբ ամբողջությամբ հերքեց»:

Մակինյանը վստահ է՝ իրավապահները գործի մասին հիշել են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։

Փաստաբանը շեշտում է՝ այս գործի վաղեմության ժամկետներն անցել են։ Այսինքն՝ եթե նույնիսկ մեղադրանքը հաստատվի, Սարգսյանը պատասխանատվության չի ենթարկվի։

Ըստ իրավապահների, Սուրենավանում բիտումի գործարանի հիմնադրմանը ներգրավվելու համար Բաղդասարովի ընկերությունը Կիպրոսում գրանցված ռուսական երկու ընկերությունների հետ համատեղ 2006 թվականի փետրվարի 20-ին հիմնադրել են նոր ընկերություն: Ընդ որում, հաղորդվում է, որ Սարգսյանը Բաղդասարովից պահանջել է հիմնադրված նոր ընկերության՝ նրան պատկանող բաժնեմասի 22.5 տոկոսը որպես կաշառք փոխանցել իր եղբորորդու և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու հիմնադրած ընկերությանը:

Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ գործարար Միխայիլ Բաղդասարովը հետո հիմնել է նոր ընկերություն, որին փոխանցվել են մյուս ընկերությունների ակտիվները, այդ թվում՝ Երևանում և մարզերում գտնվող 23 բենզալցակայանները, նավթամթերքի բազան և Արարատի մարզի Սուրենավան համայնքում գտնվող՝ բիտում արտադրող գործարանը:

Ըստ իրավապահների, 2015-ին արդեն Սարգսյանի դստեր ամուսու հետ փոխկապակցված ընկերությունը 40 միլիոն ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Բաղդասարովի հիմնադրած նոր ընկերության 100 տոկոս բաժնեմասը և, գերատեսչության պնդմամբ, բենզին ներկրելու մենաշնորհ ստացել:

Leave a Comment