Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվեց Երեւանի քաղաքապետարանի էլեկտրոնային ծառայությունների YES հարթակը, որն այս շաբաթվանից փորձնական գործարկվում է: «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սարգիս Մանուկյանը մանրամասն ներկայացրեց, թե այն իրենից ինչ է ներկայացնում, ապա ընդգծեց՝ քանի որ համակարգը բավականին ծավալուն է, նախագիծը կգործարկվի փուլային տարբերակով:
«YES հարթակի իրականացումը նախաձեռնվել է այն նպատակով, որ Երեւանի քաղաքապետարանը հանձն է առել իր բոլոր ծառայություններն ամբողջապես թվայնացնել: YES հարթակի միջոցով դուք այսօր էլ կարող եք մտնել, գրանցվել, իդենտիֆիկացվել՝ տանից դուրս չգալով, օգտվել քաղաքապետարանի հնարավոր բոլոր ծառայություններից՝ առանց որեւէ այլ հավելյալ խոչընդոտի: YES հարթակի հետագա զարգացումը ենթադրում է նաեւ հեռախոսային հավելվածներ, որոնք ցանկալի կլիներ մինչեւ տարվա վերջ ունենալ»,- նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նրա ձեւակերպմամբ, այս համատեքստում ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն այն է, որ այս բոլոր նախագծերում առկա է KYC (Ճանաչիր քո հաճախորդին) իդենտիֆիկացիոն համակարգը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր մարդու ուղղակի դեմքի իդենտիֆիկացիայով միանալով իր համապատասխան տվյալներին՝ հայտնվել համապատասխան միջավայրում, ինչը նույնն է, ինչ վեր կենաս ու գնաս քաղաքապետարան եւ օգտվես «մեկ պատուհանից»:
Տեսանյութն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: