Վարդան Ղուկասյանը՝ Սամվել Կարապետյանին. «Սամվել, կողքդ կանգնած ենք, հեչ չմտածես, Աստված մեզ հետ է»

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ այսօր շարունակվեց  Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա հետ փոխկապակցվող անձանց գործով հերթական դատական նիստը:

Հանրային մեղադրող Արեգ Խաչատրյանը շարունակեց հրապարակել ապացույցների հետազոտման փաստաթղթերը, որոնց վերաբերյալ Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը ներկայացնում էր պաշտպանական կողմի մեկնաբանությունները:

 

Երկու ժամ աշխատելուց հետո դատարանը նիստը հետաձգեց: Հաջորդը կկայանա հուլիսի 15-ին, ժամը 10:00-ին:

Դատական նիստի ավարտին Վարդան Ղուկասյանը Aravot.am-ին ցանկություն հայտնեց խոսել ոչ թե իր դատի, այլ Ճանաչված գործարար եւ մեծ բարերար Սամվել Կարապետյանի հետ նախորդ գիշեր կատարվածի մասին: «Միանշանակ պաշտպանում եմ Սամվել Կարապետյանին: Նման մարդուն մեղադրանք առաջադրել,  ձերբակալել, խայտառակություն է: Ամբողջ հայոց ազգի մեջ այսօրվա դրությամբ այդքան մեծ ներդրում անող, ազգի յուրաքանչյուր հարցին իր մասնակցությունն ունեցող մարդուն ուզենալ կալանավորել միայն թուրքերը կցանկանան:

Մի բան կարող եմ ասել: Եթե ամբողջ ՔՊ-ին դնես կշեռքի  մի նժարին, կշռես ու լինի, ասենք, 10 տոննա, Սամվել Կարապետյանը 20 տոննա փող է դրել հայոց ազգի համար: Խայտառակություն է սա: Ով իմանում՝ ծիծաղում է, ով իմանում՝ հայհոյում է: Ուղղակի ամոթ է»,-ասաց Գյումրիի քաղաքապետը:

Հարցին, թե որոշ տեղեկություններով Ադրբեջանը Սամվել Կարապետյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ադրբեջանը միանշանակ այդպիսի բան կանի: Որ ժողովուրդն անսում է՝ Ալիեւի կամակատարներն են, ամեն րոպե տեսնում ենք այդ ամեն ինչը»:

Հետաքրքրվեցինք, թե Սամվել Կարապետյանը Գյումրիում ներդրումներ անո՞ւմ է: «Սամվել Կարապետյանն այս պահին «Վառեմ-մարեմի» շենքն է վերականգնելու: Սամվել Կարապետյանը ուզում է Գյումրիում հսկայական թաղամաս կառուցել: Ցավոք սրտի, նախկինները մինչեւ այսօր շինթույլտվություն չեն տվել: Հիմա այդ հարցերը արագացնում եմ: «Վառեմ-մարեմի» թույլտվությունը տվել ենք: Մնացել է թաղամասը: Այդ էլ արագ կարգով կտանք: Մարդը հսկայական ներդրումներ է անում:

Մենք իրար չենք ճանաչում: Ես նրա եղբոր՝ Կարեն Կարապետյանի հետ եմ աշխատել եւ հարգում եմ իրեն: Սամվել Կարապետյանին էլ յուրաքանչյուր հայ ճանաչում, հարգում է՝ կատարած գործերի համար»,-ասաց պարոն Ղուկասյանը:

Դիտարկմանը, թե Սամվել Կարապետյանին քննադատողները որպես վատ օրինակ բերում են, որ նրա ու նրա տիկնոջ նկարը կախված է իր նորոգած եկեղեցու  պատին, Վարդան Ղուկասյանը հակադարձեց. «Շատ լավ է: Այդ ամեն ինչը Սամվել Կարապետյանն է արել, նրա նկարն էլ այդտեղ փակցված է: Նախանձությո՞ւն է: Դրանք կարող են համեմատվել Սամվել Կարապետյանի հե՞տ: Ես զարմանում եմ: Սամվել Կարապետյանին ով այդպիսի բան է ասում, նա ուրեմն վերջին մարդն է հայոց ազգի մեջ: Սամվելի պես տղերքին միայն պետք է գլխին դնել ու պտտեցնել: Սամվել Կարապետյանի պես քանի՞ տղա կա: Թող մատների վրա հաշվեն, որ ամեն ինչին մասնակցել է, մասնակից եղել հայոց երկրի զարգացման, շենացման, «Համահայկական» հիմնադրամի բոլոր մարաթոներին մասնակցել է: Հապա նայեք՝ դրանց անուն-ազգանունները կա՞ն, թեկուզ հազար դրամով մասնակից եղե՞լ են, որ ելել ու այսօր Սամվել Կարապետյանին քննադատում են:

Մի խոսքով, Սամվելին հարգում ենք: Սամվել, կողքդ կանգնած ենք, հեչ չմտածես, Աստված մեզ հետ է»,-եզրափակեց Գյումրիի քաղաքապետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment