Ակտիվիստ Արթուր Չախոյան. «Երեւանի քաղաքապետարանը իմ տան տանիքի վրա, որը ես իմ սեփական միջոցներով եմ կառուցել, գումարներ է դուրս գրել»

Ակտիվիստ Արթուր Չախոյանը գրառում էր կատարել, որով լրատվամիջոցներին հրավիրում էր Երեւանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ, որպեսզի Երեւանի քաղաքապետարանին հանձնի «իրենց իսկ կոռուպցիան»:

Գալով հանդիպման վայր՝ նա հայտարարեց. «Կոռուպցիան կայանում է նրանում, որ Երեւանի քաղաքապետարանը իմ տան տանիքի վրա, որը ես իմ սեփական միջոցներով եմ կառուցել, գումարներ է դուրս գրել: Եվ հիմա իրենց շինանյութը, որ իրենք դուրս են գրել, իրենց կոռուպցիան բերել եմ՝ հանձնեմ Երեւանի քաղաքապետարանին:

Կոռուպցիան այ այսպես է լինում: Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, բոլորս էլ շատ լավ գիտենք ու գիտակցում ենք, որ սա միակ ու եզակի դեպքը չէ: Այսինքն, բոլորն էլ գիտեն, որ Երեւանի քաղաքապետարանը նման կերպ, որ տանիքները չեն նորոգում, բնակիչներին նորոգել են տալիս, որ իրենք նորոգված տանիքների վրա շինանյութ դուրս գրեն եւ փող թալանեն: Հիմա ես տվյալ դեպքով ակնհայտ ապացուցեցի: Սա էլ Երեւանի քաղաքապետարանի չակերտավոր «կազմած ցուցակն է», որ իբրեւ թե ես՝ Արթուր Չախոյանս, շինանյութի հայտ էի ներկայացրել տանիքը նորոգելու համար: Նման բան բնավ չի եղել: Այսինքն, սուտ, կեղծ փաստաթուղթ են կազմել իմ անունով, որ փող եւ շինանյութ դուրս գրեն:

Ես շաբաթ օրը գնացել, այդ կոռուպցիան ստացել եմ, առհասարակ միտում չեմ ունեցել որեւէ բան գողանալու, այլ իրենց գողությունը վերցրել եմ, որ բերեմ-հանձնեմ իրենց, ի ցույց դնեմ հանրությանը, որ հետո չմանիպուլացնեն: Այսինքն, որպեսզի վաղն անհերքելի լինի, որ հետո չասեն՝ մենք չէինք տրամադրի իրեն, վրիպակ է տեղի ունեցել:

Պատկերացնո՞ւմ եք, թե բոլոր վարչական շրջաններում քանի այսպիսի միլիոնավոր դրամներ կարող են դուրս գրել: Հիմա ես այս շինանյութը նվիրատվություն եմ անում քաղաքապետարանին, վերադարձնում եմ: Թող տանեն ծախեն, ինչ ուզում են, անեն:

Ես ամեն ինչը տեսաձայնագրել եմ, թե ինչպես եմ գնում, վերցնում: Չեն կարող ասել, թե Չախոյանը առել ե, գողացել է: Պաշտոնյաները տեղյակ են»,-հայտարարեց ակտիվիստը եւ շինանյութը բեռնատարից իջեցրեց քաղաքապետարանի գլխավոր մուտքի առջեւի մայթին:

Արթուր Չախոյանի մոտավոր հաշվարկով այդ շինանյութը կարող է արժենալ 500 հազար դրամ:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment