Արամ Մանուկյան. «Այսօր Առաջին Հանրապետության օրն է, բայց պետականորեն համարյա չի նշվում, որովհետեւ այսօրվա իշխանությունների համար Անկախությունը բարձրագույն արժեք չէ»

Քաղաքական գործիչ, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը կուսակցության գրասենյակում բանախոսություն ունեցավ Առաջին Հանրապետության օրվա առիթով:

«Այսօր Հայաստանի Հանրապետության պետական տոներից մեկն է՝ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրը: Այս օրը պետական է, բայց պետականորեն համարյա չի նշվում, շատ քիչ տեղերում կարելի է զգալ տոնական տրամադրություն, որովհետեւ այսօրվա իշխանությունների համար Անկախությունը բարձրագույն արժեք չէ:

Առաջին Հանրապետությունը մեր երկրի պատմության լավագույն կղզյակներից մեկն է: Տեւել է շատ կարճ ժամանակահատված՝ ընդամենը 2,5 տարի: Բայց կարեւոր է, որ այդ 2,5 տարին եղել է 600 տարվա ընդմիջումից հետո: Այսինքն, Անկախանալու երազանքը իրականացվել է, դարձել է հողեղեն, դարձել է պառլամենտ, դարձել է կառավարություն մի ժամանակահատվածում, երբ Հայաստանում 40 հազար որբ ու սոված երեխա կար եւ Հայաստանը բառացիորեն ծվատված էր»,-ասաց Արամ Մանուկյանը եւ ներկայացրեց այն ժամանակ երկրի վիճակը, կառավարիչների առջեւ ծառացած անլուծելի թվացող խնդիրները, որոնք, սակայն, հաղթահարվել են:

«Սոցիալական ծանրագույն վիճակի պայմաններում նաեւ համալսարաններ են կառուցվել, դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել, մոտավորապես 40 երկիր Հայաստանի անկախությունը ճանաչել է եւ այդ ընթացքում մենք ունեցել ենք հյուպատոսական ծառայություններ, դեսպանատներ եւ այլն: 25 հազարանոց բանակ են պահել ու նաեւ եղել է մեխանիզմ պատերազմի ընթացքում այդ թիվը հասցնելու մինչեւ 40 հազարի: Դա շատ մեծ թիվ էր այն ժամանակների համար, այն էլ՝ քանդված տնտեսության պայմաններում: Բայց, այնուամենայնիվ այդ ամենն արվել է: Այսպիսի կարծիք ասեմ. եթե չլիներ Առաջին Հանրապետությունը, հավանաբար, չէր լինի Երրորդ Հանրապետությունը, որի մեջ մենք ապրում ենք: Դա ժառանգություն էր, որ մենք վերցրեցինք եւ օգտագործեցինք Երրորդ Հանրապետության ժամանակ»,-ասաց Արամ Մանուկյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment