
«Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում, և շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին այս որոշմանն աջակցելու համար»,–սոցցանցերում գրել է ՀՀ վարչապետը՝ ըստ էության հաստատելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը։
Հիշեցնենք, որ այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է Երևանում ՌՀՀ-ի ուսանողների հետ հանդիպմանը։ Նախարարը հիշեցրել է, թե ինչու է նախաձեռնվել այս գագաթնաժողովը՝ այն ստեղծվել է որպես ԵԱՀԿ եվրոպական անդամների ձևաչափ, բայց առանց Ռուսաստանի և Բելառուսի։
Լավրովը նշել է, որ Ռուսական կողմը գնահատական է տվել այս մտադրությանը հայ գործընկերների հետ բանակցությունների ժամանակ, հույս հայտնելով, որ իրենց գնահատականը կընդունվի հարգանքով, ինչպես Ռուսաստանի Դաշնությունը հարգանքով է վերաբերվում գործընկերների և դաշնակիցների գործողություններին՝ ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում։