Մխչյանի դպրոցում տեղի ունեցածը սարսափելի է, այլ բառեր չունեմ. ԿԳՄՍ նախարար – Live News

«Մխչյանի դպրոցում տեղի ունեցածը սարսափելի է, այլ բառեր չունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այժմ քննություն է գնում։ Հույս ունենք՝ քննության ավարտից հետո մենք կունենանք բոլոր հարցերի պատասխանները կոնկրետ դրվագի հետ կապված»,- ասաց Անդրեասյանը։

Նա նշեց, որ նմանատիպ իրավիճակն անթույլատրելի է, այստեղ ոչ միայն իրավապահների աշխատանքն է, նաև պետք է մանրամասն հասկանալ, թե դպրոցն ինչ քայլեր պետք է ձեռնարկած լիներ, որ օղակն է իր տեղում եղել, ճիշտ արձագանքել։

«Նման դեպքերը տեղի չեն ունենում մեկ օրում, պարզապես, երբ տեղի են ունենում, որոշակի նշաններ երևում են, անհանգստացնող ազդակներ են լինում։

Այն, ինչ տեղի է ունեցել, չպետք է կրկնվի, ամեն ինչ անենք, որ դա չկրկնվի»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։

Հիշեցնենք, որ Մխչյանի բնակիչները պատմել են, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցի բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։ Տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ),  4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Leave a Comment