Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ-ում էր, բայց ոչ նախօրեին հնչած հայտարարությունների հետքերով։ Դրանք, սակայն, այսօր եղել են խորհրդարանական քննարկումների առանցքում, մեկնաբանվել իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների կողմից ու հարցերի տեսքով ուղղվել նաև գլխավոր դատախազին։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համոզված է, որ հարց ու պատասխանի մթնոլորտը թեժացրած կոռուպցիոն թեմաներով գլխավոր դատախազը դեռ կվերադառնա խորհրդարան։ Օրենսդիր իշխանության ղեկավարը չի կարծում, որ հնչած հայտարարություններում սպառնալիք կամ ուղղորդում կար։
Հայաստանի գլխավոր դատախազը չի մեկնաբանում նախօրեին ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Աղվան Վարդանյանն էր դատախազ Աննա Վարդապետյանին հարցնում, թե արդյոք իրավիճակը կարելի է մեկնաբանել Քրեական օրենսգրքով։
-Ըստ ՔՕ-ի ինչպե՞ս կբնութագրեք Նիկոլ Փաշինյանի երեկվա վարքագիծը ԱԺ-ում։ Անհանդուրժողականությունը, բացահայտ սպառնալիքները պաշտոնատար անձանց՝ ԱԺ պատգամավորների նկատմամբ։
-Պարոն Վարդանյան, գլխավոր դատախազը քաղաքական հայտարարություններ չի անում և քաղաքական գնահատականներ չի տալիս։
— Ես չթվարկեմ այն հոդվածները, որոնք կան ՔՕ-ում, բայց դուք այլևս վարչապետի օգնականը չեք, դուք ՀՀ գլխավոր դատախազն եք, ես ձեզ կհորդորեի դուրս գալ նախկին կարգավիճակից, որովհետև նույն օրենսգրքում կան հոդվածներ պարտականությունները չկատարելու կամ ոչ լիարժեք կատարելու վերաբերյալ։
-Քաղաքական հայտարարությանը արձագանք չունեմ։


Փոխարենը քաղաքական հայտարարությունների պակաս չկար խորհրդարանի միջանցքներում։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հասկանում է, թե ինչու վարչապետը նիստերի դահլիճում հունից դուրս եկավ, կոշտ հայտարարություններ արեց կոռումպացված անձանց վերաբերյալ և պատգամավորներից մեկին դիմելով՝ հայտարարեց, որ նա անպայման «նստելու է»։ Ալեն Սիմոնյանը կիսում է վարչապետի այդ մոտեցումը, բայց չի հստակեցնում, թե ով էր հայտարարությունների հասցեատերը։
«Եկեք անձերի վրա չկենտրոնանանք, հա՞։ Կոռուպցիոն խումբը հարցնում է կոռուպցիայի մասին, ու վարչապետը ճիշտ է ասում՝ ժողովրդի ու մեր այստեղն է հասել այդ ձև անելը»։
ԱԺ նախագահը համոզված է, որ գլխավոր դատախազը կոռուպցիոն կոնկրետ գործերով դեռ վերադառնալու է ԱԺ։ Իսկ հարցին, թե ինչու 7 տարին բավարար չէր այդ խնդիրը լուծելու համար, խորհրդարանի ղեկավարն արձագանքում է․
«Եթե մենք այդ ամեն ինչը անենք, վարչապետը կամ որևէ այլ պաշտոնյա ասի՝ սրան տարեք գցեք բանտը, մեկ տարի հետո մենք դառնալու ենք իրենք։ Ինչո՞ւ ենք իրավապահ մարմինների, դատարանների մասին հաճախ խոսում։ Մենք երկու քարի արանքում ենք՝ դառնալ դեսպոտ և բռնապետ՝ բավարարելով ժողովրդի պահանջը, որ ասում են՝ տարեք, դատեք դրանց՝ անունները տալով։ Ես կարծում եմ, որ ընդդիմադիրները ներողություն պետք է խնդրեն, որովհետև այդ ամենը նրանց գործունեության, լկտիության հետևանք էր։ Որովհետև այդ լարվածության աստիճանը անընդհատ բարձրանում է․ սկզբում սկսում են քեզ ընդհատել, երբ միտք ես ասում, դրանից հետո սկսում են «դու»-ով խոսել, դրանից հետո սկսում են ակնհայտ սուտ խոսել, հետո սկսում են բղավել, հետո սկսում են կոլեկտիվ բղավել։ Դուք չեք պատկերացնում այդ լարվածությունը ինչ աստիճանի է»։
«Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը հաստատում է, որ խմբակցությունում քննարկումներ են ընթանում հասկանալու, թե նախօրեի միջադեպով ինչ գործընթաց կարող է նախաձեռնվել։ Այս պահին հետագա քայլերի մասին որոշում չունեն։ ԱԺ նախագահի հնչեցրած մեղադրանքներին ի պատասխան՝ ընդդիմադիր պատգամավորն քաղաքացիների՝ իրենց ուղղված հորդորներն է վկայակոչում։
«Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ուղիղ 7 տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է վարչապետի պաշտոնում ու 7 տարի անց դեռ խոսում է, որ նախկինում տեղի են ունեցել կոռուպցիոն գործեր։ Բա բացահայտեք այդ գործերը, ամեն ինչը ձեր ձեռքում է։ Իրականում երեկ տեղի ունեցածը հետևյալի մասին էր․ 7 տարի առաջ իշխանության գալով այս մարդիկ ասում էին, որ եկել են կոռուպցիան հաղթահարելու, կոռուպցիան արմատախիլ անելու։ Ամենօրյա ռեժիմով հրապարակումներ կան, թե ինչպիսի կոռուպցիոն գործարքների մեջ են իրենք։ Բազմաթիվ դրվագներից ընդամենը մեկ դրվագի մասին եմ խոսում, ԱՆԻՖ-ի մասին, որը մեր հարկատուների հաշվին փաստացի 60 մլն դոլարի մսխում է, մարդիկ վճարել են, 60 մլն դոլարը չկա։ 3 տարի ասում է՝ քննություն է գնում։ Հարցնում եմ՝ քննության ընթացքում մեկ հոգի ներգրավված անձ կա՞։ Չկա»։


Կոռուպցիոն խնդիրներին անդրադարձել է նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա պնդում է, որ «ԱԱԾ պադվալներ լցնելու մասին» հայտարարությունով վարչապետը կոնկրետ անձանց չի սպառնացել։
«Վարչապետը խոսել է մամուլում կոռուպցիայի մասին հրապարակվող ինֆորմացիայի մասին։ ԱԽՔ գրասենյակը հավաքագրում է դրանք, ամբողջական զեկույց է կազմում և տեղեկացնում է վարչապետին։ Վարչապետը խոսել է սրա մասին, բոլորի վերաբերյալ և մեր հիմնական ուշադրությունը, բնականաբար, նաև կառավարության անդամների, ՏԻՄ մարմինների աշխատակիցների վրա է։ Ինչն է պատճառը, որ ԱԽՔ գրասենյակը սրանով զբաղվում է, որովհետև կոռուպցիան մենք համարում ենք մեր ազգային անվտանգությանը սպառնալիք»։
ԱԺ նախագահի ենթադրությամբ՝ քաղաքական այս աղմուկը վկայում է նախընտրական փուլի մեկնարկի մասին։ Թեև ընդունում է, որ իշխող կուսակցությունը վարկանիշի որոշակի անկում ունի, բայց համոզված է նաև, որ քաղաքացիների հետ հանդիպումներում այդ խնդիրը կշտկվի։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2026 թ-ի ընտրություններին կմասնակցի առանձին՝ առանց կոալիցիայի․ սա ԱԺ նախագահի «հաստատ համոզմունքն է»։


Արդյո՞ք Ալեն Սիմոնյանն ակնարկում է, որ իշխող ուժի վարկանիշի վրա կարող են ազդել գործընկեր կուսակցություններն ու նրանց հետ կապված միջադեպերը, օրինակ՝ Նոր Նորքի համայնքապետարանում վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ ծեծկռտուքը։ Այս դեպքի առնչությամբ ԱԺ նախագահը փոխանցում է իր անձնական, այլ ոչ թե կուսակցության կարծիքը։ Նա համոզված է, որ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, չպետք է շարունակի զբաղեցնել այդ պաշտոնը։
«Շատ վատ դեպք է։ Գիտե՞ք հասցեատերը ով է։ Քաղաքապետը իր կարծիքն ասել է, ես հարյուր անգամ ասել եմ, երեկ վարչապետն ասել է։ Կարևոր է, որ այդ հետևանքը «Հանրապետություն» կուսակցությունը գիտակցի։ Պետք է իրենք գիտակցեն, որ այդ հետևանքը լինելու է։ Այդ հետևանքը կարող է այդ րոպեին չլինել, մեկ ժամից չլինել։ Բայց, իմ կարծիքով, եթե «Հանրապետություն» կուսակցությունը հետևություններ չանի և իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցնի, կարող է այն արդյունքները չունենալ, որոնք 6 ամիս առաջ է գրանցել»։
Կա տեսակետ, որ Երևանի քաղաքապետարանում այս հարցով կտրուկ քայլերի չեն գնում, քանի որ կա կոալիցիայի պահպանման, «Հանրապետություն» կուսակցությանը, այսպես ասենք, չնեղացնելու խնդիր։ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Աննա Գրիգորյանն այդ վախերը հիմնավոր է համարում։ ԱԺ նախագահը պնդում է, որ այդպիսի ենթադրությունները իրականության հետ որևէ կապ չունեն։