ԲԴԽ-ն թույլատրել է քրեական հետապնդում սկսել երկու դատավորի նկատմամբ

Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն է տվել երկու դատավորի նկատմամբ նրանց լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելուն։ Լուրը «Ազատության» հետ զրույցում հաստատել են ԲԴԽ-ից:

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը «Ազատության»-ը հայտնել էր, որ համապատասխան երկու միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ։

Գլխավոր դատախազությունը չի հրապարակել, թե որ դատավորներին են վերաբերում միջնորդությունները՝ պատճառաբանելով, որ նախաքննության գաղտնիության, դատական իշխանության և դատավորի հեղինակության պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդությունների բովանդակությունն ու դատավորներին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն։

«Ազատության» տեղեկություններով՝ խոսքը դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի մասին է։

Մասիս Մելքոնյանը հայտնի է մի շարք քաղաքական հնչերանգ ունեցող գործերով կալանքի իր որոշումներով։«Մասիս Մելքոնյանի որոշումներով կալանավորվել են ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը, գեներալ Տիրան Խաչատրյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Գևորգ Պողոսյանը դատավոր է նշանակվել 2021 թվականին։ Մինչև այդ աշխատել է դատարաններում՝ որպես դատավորի օգնական, այդ թվում՝ Վերաքննիչ քրեական դատարանում։

«Ազատության» տեղեկություններով՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունները ԲԴԽ-ում քննվելու են այսօր։

Leave a Comment