ԿԿՀ-ն 200 հազար դրամով տուգանել է Զարուհի Փոստանջյանի ամուսնուն

Iravaban.net-ը ուսումնասիրել է ԿԿՀ որոշումը, որով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 200 հազար դրամով տուգանել է Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանի ամուսնուն՝ Սուրեն Դրամփյանին՝ 2023 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագրում սխալ և ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար։

Համապատասխան որոշումն ընդունվել է 2026 թվականի նոյեմբերի 6-ին՝ վարչական իրավախախտման վերաբերյալ ՎԻՎ/140/2026 գործի քննության արդյունքում։

Հանձնաժողովի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Դրամփյանը 2025 թվականի սեպտեմբերի 26-ին ներկայացրած 2023 թվականի տարեկան հայտարարագրում սխալ տվյալներ է նշել իր ձեռք բերած BMW X2 SDRIVE 18i 1.5 մակնիշի ավտոմեքենայի վերաբերյալ։

Մասնավորապես՝ 2019 թվականի արտադրության ավտոմեքենան, որը նա ձեռք է բերել 2023 թվականի հուլիսի 3-ին, հայտարարագրում ներկայացվել է որպես գնում, սակայն ձեռքբերման գինը և արժույթը նշվել են զրո, իսկ գործարքի մյուս կողմի տվյալների փոխարեն լրացվել է անհասկանալի տառերի համադրություն։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Դրամփյանն ավտոմեքենան ձեռք է բերել 9 միլիոն 752 հազար 328 դրամով։ Մաքսային վճարն ու պետական տուրքը միասին կազմել են 1 միլիոն 85 հազար 674 դրամ։ Գործարքի մյուս կողմը Գերմանիայի քաղաքացի Wiskemann Jorg Rudi-ն է եղել։

Բացի այդ, Հանձնաժողովը պարզել է, որ Դրամփյանը հայտարարագրում չի նշել իր մասնակցությունը «ՍՈՒՐԵՆ ԵՎ ԱՐՄԵՆ» ՍՊ ընկերությունում։ Մինչդեռ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ նա 1999 թվականի մայիսի 4-ից ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերն է, իսկ 2006 թվականի հուլիսի 18-ից զբաղեցնում է նաև ընկերության գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը։

Հանձնաժողովի գնահատմամբ՝ հայտարարագրում ավտոմեքենայի ձեռքբերման գնի և գործարքի մյուս կողմի վերաբերյալ սխալ տվյալները խոչընդոտել են Դրամփյանի գույքային դրության վերաբերյալ հիմնավոր եզրակացություն կատարելու հնարավորությանը։ Արդյունքում հնարավոր չի եղել պատշաճ կերպով գնահատել գույքի ձեռքբերման հիմնավորվածությունը նրա եկամուտներով և հայտարարագրված մյուս տվյալներով։

Որոշման մեջ նշվում է նաև, որ Զարուհի Փոստանջյանն իր շահերի հայտարարագրում նույնպես չի ներկայացրել ընտանիքի անդամի՝ ընկերությունում ունեցած բաժնեմասնակցության վերաբերյալ տվյալները։

Հանձնաժողովը գործի շրջանակում նյութերն ուսումնասիրելուց հետո դրանք 2026 թվականի մայիսի 14-ին ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պաշտոնատար անձի և նրա ընտանիքի անդամների գույքային դրությանն առնչվող կասկածների կապակցությամբ։

Նշենք, որ Սուրեն Դրամփյանը վարչական վարույթի ընթացքում պարզաբանումներ չի ներկայացրել։ Նոյեմբերի 6-ին գործի քննությունն իրականացվել է նրա բացակայությամբ։ Հանձնաժողովի որոշման համաձայն՝ նա պատշաճ ծանուցված է եղել, իսկ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի փոխանցմամբ՝ Դրամփյանը հրաժարվել է ստանալ իրեն ուղղված ծանուցումը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Դրամփյանի արարքը որակել է որպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավախախտում։ Այդ հոդվածը հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով։

Հանձնաժողովը որոշել է Սուրեն Ֆրիկսի Դրամփյանի նկատմամբ կիրառել նվազագույն չափով վարչական տույժ՝ 200 հազար դրամի չափով։ Միաժամանակ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո նրան տրամադրվել է եռօրյա ժամկետ՝ հայտարարագրի համապատասխան բաժիններում ուղղումներ կատարելու համար։

Որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով և ժամկետում։

Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment