ՀԱՊԿ–ի փոխարեն COP31, Մոսկվայի փոխարեն Անթալիա․ ՀՀ վարչապետի աշխատանքային այցերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովից հետո բարձրաստիճան հանդիպումները շարունակել է Անթալիայում։ COP31–ի շրջանակում այնտեղ ընթանում է Առաջնորդների գագաթնաժողովը: Այն ոչ միայն առիթ է խոսելու կլիմայական խնդիրների մասին, այլև հնարավորություն է մեկ վայրում, թեկուզ կարճատև, երկկողմ հանդիպումներ ունենալու տարբեր երկրների ղեկավարների հետ։ Հակառակ տարբեր երկրներից Թուրքիա մեկնածների մեծ թվին՝ որոշ խոշոր երկրների, օրինակ՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները չեն մասնակցում այս տարվա գագաթնաժողովին։ Ուշագրավ է, որ Անթալիայի գագաթնաժողովին զուգահեռ՝ նույն օրը Մոսկվայում ընթանում է մեկ այլ միջոցառում, որին Հայաստանը չի մասնակցում։

Հայաստանի վարչապետը Փարիզ աշխատանքային այցից հետո կարող էր լինել նաև Մոսկվայում, բայց ընտրեց Անթալիան։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին նա նախընտրեց Անթալիայի COP31–ի առաջնորդների գագաթնաժողովը, որին մասնակցում են 95 երկրների և 7 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։

Հայաստանի վարչապետի աշխատանքային այցերի համար ընտրված երթուղին ճիշտ և արդարացված է համարում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը․

«Դա հնարավորություն կտա երկկողմ, նույնիսկ ոտքի վրա ճշտումներ անելու մեր քաղաքականության հետ երկրների հետ։ Ուրեմն, այնտեղ գնալը, իմ կարծիքով, տեղին է։ Բայց ի՞նչն է ուշագրավը։ Նիկոլ Փաշինյանը գնաց Ֆրանսիա, Թուրքիա, մինչև այդ հանդիպեց Իրանի ղեկավարներից մեկի հետ, բայց իր օրակարգում Ռուսաստանը չկա»։

Քաղաքագետը սա բացատրում է վերջին շրջանի քաղաքականությամբ, որը Ռուսաստանը վարում է Հայաստանի նկատմամբ։ Փոխարենը փոփոխություններ են նկատվում հայ–թուրքական հարաբերություններում։ Նոր հնարավորությունների մասին խոսել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հենց COP31–ի հարթակում։ Լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական ​​աշխատանքները: Սակայն, գործընթացի շարունակությունը Անկարան կապում է հայ–ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորման հետ․

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը լիարժեք համաձայնության կգան։ Սա մեզ համար կարևոր է։ Ես բանակցություններ եմ վարել իմ գործընկեր հայ նախարարի հետ, մենք կատարել ենք անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ ինչպես երկաթուղային դարպասի, այնպես էլ Ալիջանի ցամաքային սահմանի բացման ուղղությամբ։ Փոխադարձ համաձայնության դեպքում և, հաշվի առնելով Ադրբեջանի զգայունությունը, մենք կարծում ենք, որ համաձայնության ձեռք բերումից հետո սահմանի բացումը շատ երկար չի ձգվի։ Աստծո կամոք, դա տեղի կունենա կարճ ժամանակում»։

COP31–ի հարթակում ՄԱԿ գլխավոր քարտուղարը և Թուրքիայի նախագահը ջերմորեն դիմավորեցին Հայաստանի վարչապետին, հետաքրքրվեցին նրա որպիսությամբ։

Դիմավորման արարողությանը հաջորդեց մասնակիցների պաշտոնական լուսանկարահանումը։ Հայաստանի վարչապետին հատկացված էր լուսանկարի կենտրոնական հատվածը՝ Էրդողանի թիկունքում, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողքին։ Իսկ առաջին շարքում Էրդողանի ձախ կողքին կանգնած էր Ադրբեջանի նախագահը։

Ի դեպ, հոկտեմբերին Երևանում անցկացված COP17 կենսաբազմազանության համաժողովին Թուրքիայի նախագահը չէր ժամանել, իսկ այդ երկրի մասնակցությունը նախարարական մակարդակով էր։

Աշխարհի երկրներին և առաջնորդներին COP31–ի հիմնական ուղերձն է՝ հրաժարվել հանածո վառելիքից, ինչն ամենաշատն է վնասում կլիմային։ Այդ խնդիրներն էր իր խոսքում ընդգծում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

ՄԱԿ բարձրաստիճան պաշտոնյան հիշեցնում է, որ 2025 թվականին արտանետումները հասել են բոլոր ժամանակների առավելագույնին: Ռեկորդային ցուցանիշները շարունակում են գերազանցվել: Վերջին չորս տարիները եղել են երբևէ ամենաշոգը: Իսկ հանածո վառելիքի հարցում շահագրգիռ կողմերը շարունակում են շահույթ ստանալ՝ միաժամանակ կործանելով մոլորակը:

Միայն վերջին եռամսյակում նավթային ինը խոշորագույն ընկերություններ 95 միլիարդ դոլարի շահույթ են ստացել, մինչդեռ կորուստների և վնասների հիմնադրամը ստացել է ընդամենը 600 միլիոն դոլար: Մոլորակն աղտոտողները պետք է վճարեն՝ եզրակացրել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։

Ըստ Անտոնիու Գուտերեշի՝ հանածո վառելիքի դարաշրջանը փլուզվում է: Մարդկության երեք քառորդն ապրում է այնպիսի երկրներում, որոնք ներմուծում են հանածո վառելիք՝ դառնալով գների ցնցումների պատանդ, որոնք նրանք չեն ստեղծել և չեն կարող վերահսկել: Իսկ վերջին հակամարտությունները ապացուցել են, որ սա քրոնիկ անապահովության և կենսաապահովման ճգնաժամի բաղադրատոմս է:

Ապագայի համար շեշտը պետք է դրվի «կանաչ» և անվտանգ էներգետիկայի վրա, իսկ գլոբալ արտանետումները պետք է նվազեն տարեկան շուրջ 6 տոկոսով: Բայց նույնիսկ այդ դեպքում, ըստ հաշվարկների, եթե ծրագրերն անգամ ամբողջությամբ իրականացվեն, աշխարհը դարավերջին ավելի շոգ կլինի 2,5 աստիճանով՝ այդ ճանապարհին հատելով վտանգավոր և անշրջելի բեկումնային կետերը:

Որպես եզարակացություն առաջացել է նոր կլիմայական արդարության համաձայնագրի անհրաժեշտություն՝ հիմնված ընդհանուր պատասխանատվության, ընդհանուր անվտանգության և ընդհանուր օգուտների վրա:

Leave a Comment