«Պուտինի ուղի»․ նոր առաջարկ Մոսկվայից՝ Հայաստանի շուրջ փոխվող հաղորդակցային քարտեզի ֆոնին

Մոսկվայում շրջանառության մեջ է դրվել Հարավային Կովկասի հաղորդակցություններին վերաբերող նոր առաջարկ՝ «Պուտինի ուղի» աշխատանքային անվանմամբ, որը ենթադրում է Ռուսաստանի, Աբխազիայի, Վրաստանի և Հայաստանի միջև երկաթուղային, իսկ հետագայում՝ նաև ավտոմոբիլային կապի վերականգնում։ Խոսքը դեռևս միջպետական կերպով քննարկված կամ համաձայնեցված նախագծի մասին չէ։

Խորհրդային տարիներին գործած երկաթուղային կապի վերականգնման գաղափարը թարմացվել է ու որպես նոր առաջարկ ներկայացվել «Պուտինի ուղի» աշխատանքային անվամբ։ Այն քննարկվել է Հարավային Կովկասի տրանսպորտային և լոգիստիկ ցանցերի զարգացման հեռանկարներին նվիրված միջազգային քննարկումների շրջանակում՝ ռուսական և հայկական հետազոտական կառույցների մասնակցությամբ։ Առաջարկի հեղինակն է Ռուսաստանի Կապի զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի՝ НИИРК-ի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովը։

Նախաձեռնությունը ենթադրում է Ռուսաստանի հարավային շրջաններից Աբխազիայի և Վրաստանի տարածքով երկաթուղային կապի վերականգնում մինչև Հայաստան։ Հեղինակներն անգամ համարում են, որ հեռանկարում երթուղին կարող է շարունակվել դեպի Նախիջևան, Ջուլֆա և Իրան՝ մինչև Թեհրան։

Բայց այստեղ հիմնական հարցը հենց դրա իրատեսականությունն է ու այն, թե ինչո՞ւ է Մոսկվայում հիմա նման գաղափար շրջանառվում։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատեց.

«Ենթակառուցվածքների առումով երբեք շատ չեն լինում նախագծերը, և որքան շատ այլընտրանքային ուղիներ առաջարկվեն, որոնք հատկապես ՀՀ տնտեսության համար կարող են օգտակար լինել, այնքան ավելի լավ։ Փորձագիտական տեսանկյունից իրատեսականությունը բավականին բարձր է, բացառությամբ այն հանգամանքի, որ Աբխազիայի գործոնը, այնուամենայնիվ, բավական խրթին է այսօրվա դրությամբ։ Բայց, եթե հաշվի առնենք տնտեսական դիվանագիտության ընձեռած հնարավորությունները  և մի փոքր ավելի քաղաքական և տնտեսական տեսանկյունից դիտարկենք, ապա՝ անհնար չէ»։

Այս առաջարկը հնչում է այն պայմաններում, երբ Հայաստանը տարածաշրջանային հաղորդուղիների լայն վերաձևավորման մասին է խոսում։ Առանցքային նախագծերից մեկը TRIPP-ն է, որով նախատեսվում է Հայաստանի տարածքով երկաթուղային կապ Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև։ Ընդամենը օրեր առաջ՝ սեպտեմբերի 17-ին, Հայաստանի կառավարությունում քննարկվել է TRIPP զարգացման ընկերության իրավական և պայմանագրային փաթեթը։  Իսկ սեպտեմբերի 24-ին էլ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում հայտարարել էր, որ TRIPP-ը Հայաստանի համար կարող է ապահովել երկաթուղային կապ Ադրբեջանի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի ուղղություններով։

Այսինքն, եթե Մոսկվայից հնչող առաջարկն էլ իրատեսական դիտարկվի, Հայաստանի շուրջ ձևավորվող հաղորդակցային քարտեզում հայտնվում է մի քանի ուղղություն՝ Ռուսաստան–Աբխազիա–Վրաստան–Հայաստան՝ հյուսիսից և Ադրբեջան–Նախիջևան–Հայաստան–Վրաստան՝ արևելք–արևմուտք։ Այս համատեքստում հարցն արդեն միայն այն չէ, թե «Պուտինի ուղին» մրցակցո՞ւմ է TRIPP-ի հետ, այլ՝ հնարավո՞ր է արդյոք տարբեր հաղորդակցային նախագծերի համադրումը Հայաստանի շահերի տեսանկյունից։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը մեզ հետ զրույցում նկատեց.

«Ուղղակիորեն ակնհայտ է, որ ինքը TRIPP-ին չի կարող փոխարինել կամ իրապես մրցակցել, որովհետև TRIPP-ը շատ ավելի լայն նախագիծ է։ Այն ներառելու է այնպիսի կոմունիկացիաներ, որոնցից օգտվելու են շատ տարբեր դերակատարներ՝ խոշոր, միջին, փոքր, արևմտյան դերակատարներ, ասիական դերակատարներ և այլն։ Եվ, բնական է, որ Ռուսաստանի ներգրավվածությամբ Ռուսաստանի տարածքով անցնող որևէ նման բան չի կարող լինել»։

Սակայն «Պուտինի ուղու» ամենամեծ անորոշությունը ոչ միայն TRIPP-ի հետ համեմատությունն է։ Ռուսաստան–Վրաստան երկաթուղային հաղորդակցությունը Աբխազիայի տարածքով դադարեցվել է 1990-ականների սկզբին՝ վրաց-աբխազական հակամարտությունից հետո։ Նույն երթուղու վերականգնման հնարավորությունը քննարկվել էր նաև 2016-ին, սակայն գործընթացը չէր շարունակվել։ Այսօր ևս գլխավոր խոչընդոտը Վրաստանի դիրքորոշումն է։ Թբիլիսին Աբխազիան դիտարկում է որպես Վրաստանի տարածքային ամբողջականության մաս, իսկ Ռուսաստանի ռազմական ներկայությունն այնտեղ՝ որպես օկուպացիա։ Հետևաբար,

Թաթուլ Մանասերյանի համոզմամբ՝ Հայաստանի համար հնարավոր տնտեսական և հաղորդակցային շահը մի հարց է, իսկ այդ ճանապարհի քաղաքական իրագործելիությունը՝ մեկ այլ։ «Պուտինի ուղի» նախաձեռնությունն ու TRIPP-ը պետք է դիտարկել ոչ թե որպես մրցակցող նախագծեր, այլ՝ փոխլրացնող.

«Կարծում եմ, որ և՛ Թրամփի առաջարկած, և տվյալ նախագիծը նոր հնարավորություններ են ընձեռում։ Խնդիրը, ըստ էության, Հայաստանի տնտեսության և տնտեսության կառավարման օղակների դաշտում է՝ հաշվարկների առումով։ Եվ եթե պահանջարկված լինի՝ նաև փորձագիտական հանրության դաշտում, որպեսզի հստակ հաշվարկներ արվեն, թե Հայաստանի տնտեսությունը ինչ կշահի կամ ինչ կարժենա դա Հայաստանի համար և որքանով մեր մասնակցությունը պետք է ավելացնել՝ տարածաշրջանային խաղացողների հետ նման նախագիծը իրականություն դարձնելու համար»։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի գնահատմամբ՝ եթե ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները ծայրահեղ չլինեն, ապա առաջարկվողը կարող է ինչ-որ մի ճյուղ լինել, որը կարող է, այսպես ասած, միանալ TRIPP-ին՝ որպես լրացուցիչ ճանապարհ։ Այդ առումով հնարավորություն տեսնում է Վարդանյանը, սակայն դժվար է պատկերացնում Վրաստանի համաձայնությունը՝ Ռուսաստանի հետ սուր հարաբերությունները հաշվի առնելով։

Leave a Comment