Radar-Զրույցի այսօրվա հյուրն է Ադրբեջանի հարցերով վերլուծաբան, «Հայկական խորհրդի» ասոցացված փորձագետ Դիանա Կարապետյանը։
Անդրադառնալով երեկվա միջադեպին, երբ ադրբեջանցի զինծառայողը ներխուժել էր Շաքի գյուղ ու կրակել ՀՀ քաղաքացու վրա, փորձագետը նշեց.
«Այդ հատուկենտ դեպքերը որևէ դեպքում չենք կարող բացառել, բայց, ընդհանուր առմամբ, հատկապես վերջին 1 ամսվա ընթացքում, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում այս փոքրիկ լարված մթնոլորտը մեզ թույլ է տալիս որոշակի սկեպտիկ կերպով վերաբերել միջադեպին։ Իհարկե, դատապարտելի է․ կինը վնասվել է: Փառք Աստծո, զոհ չի եղել միջադեպի արդյունքում։ Բոլոր դեպքերում, կարծում եմ, այս միջադեպի հանրային արձագանքը և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, խոսում է այն մասին, որ եթե մենք լինեինք առավել հակամարտային, թունդ շրջանում, դա կարող էր դառնալ նաև սահմանային էսկալացիայի պատճառ, սակայն այսօր կողմերը, դրանից 1-2 օր առաջ, փոխանակվում են տեղեկատվությամբ»։
Փորձագետի խոսքով՝ մայրաքաղաքների արձագանքը և կառուցողական գործելաոճը խոսում են այն մասին, որ սա չի լարի հարաբերությունները, եթե կողմերը կարողանան ճիշտ լուծում տալ խնդրին։
Անդրադառնալով հարցին՝ կարո՞ղ է միջադեպը անդրադառնալ գերիների խնդրի վրա, Կարապետյանը նշեց.
«Այս թեմայի մասին խոսելիս մենք կարող ենք միայն, եթե ենթադրությունների ճանապարհով չգնանք, նայել հետահայաց, թե ինչ նախադեպեր ունենք։ Օրինակ, սիրիացի վարձկանների դիմաց, որոնց հայկական կողմը արտահանձնեց, եղավ 4 ռազմագերու վերադարձ, և կարող ենք որոշակիորեն ունենալ դրական կանխավարկած ու հույս, որ գուցե նաև այդ ճանապարհով ընթանան պրոցեսները։ Ադրբեջանում 19 գերի կա այս պահին, և պետք է իրապես քաղաքական կամք լինի և՛ Երևանից, և՛ Բաքվից, որ այս միջադեպն օգտագործեն այդ խնդրի լուծման համար»։
Փորձագետը չբացառեց, որ որոշ գերիներ կարող են վերադառնալ։
Մանրամասները՝ տեսանյութում։
