G7-ի երկրները պայմանավորվել են չսահմանափակել էներգակիրների արտահանումը

Մեծ յոթնյակի (G7) երկրները վերահաստատել են միավորման անդամների միջև էներգակիրների և էներգետիկ արտադրանքի արտահանման սահմանափակումներ չկիրառելու պարտավորությունը։ Այս մասին ասվում է տեսակոնֆերանսի արդյունքներով G7-ի առաջնորդների համատեղ հռչակագրում։

«Մենք կրկին հաստատում ենք G7-ի երկրների միջև էներգիայի և էներգետիկ արտադրանքի արտահանման սահմանափակումներից զերծ մնալու մեր պարտավորությունը և կոչ ենք անում բոլոր արտադրողներին զերծ մնալ այնպիսի արգելքներ սահմանելուց, որոնք կարող են սրել լարվածությունը շուկայում»,– ասվում է փաստաթղթում։

Որոշումն ընդունվել է նավթի շուկաներում գների կտրուկ աճի և բարձր տատանողականության պայմաններում։ Հանդիպման արդյունքներով G7-ի առաջնորդները նաև պայմանավորվել են Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) միջոցով չորս ամսվա ընթացքում պահուստներից համակարգված կերպով շուկա բաց թողնել 100 միլիոն բարել նավթ և նավթամթերք։ Դիզելային վառելիքի զգալի ծավալները նախատեսվում է բաց թողնել առաջին 20 օրվա ընթացքում։

Նախօրեին Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կոչ է արել Ֆրանսիային և Գերմանիային սկսել դիզելային վառելիքի արտակարգ պահուստների բացթողումը՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում Վաշինգտոնը կարող է սահմանափակել դրա արտահանումը ԱՄՆ-ից։ Ամերիկյան կողմը եվրոպացի դաշնակիցներից պահանջել էր օգտագործել պահուստները՝ վառելիքի համաշխարհային գները նվազեցնելու նպատակով։

Leave a Comment