Հայ կինոյի երկրպագուները վերնագրից թերեւս կարծեն, թե խոսքը նշանավոր «Տժվժիկի» մասին է: Մինչդեռ Մոսկվայում, Կինեմատոգրաֆի համամիութեանական պետական ինստիտուտում (ՎԳԻԿ) ուսանելու տարիներին մեր կինոյի ականավոր վարպետ Արման Մանարյանը (1929-2016) նկարահանել է մի կինոնկար, որի մասին անգամ կինոաշխարհի մարդիկ տեղյակ չեն: Խոսքը ռուս գրականության դասական Ալեքսանդր Կուպրինի «Նռնաքարե ապարանջանը» վիպակի մի հատվածի էկրանավորման մասին է, որը 1959-ին իրականացրել է 30-ամյա Արման Մանարյանը: Միեւնույն ժամանակ ՎԳԻԿ-ում նույն ստեղծագործական կազմով վիպակի մեկ այլ հատված նկարահանել է ուզբեկուհի, Կենտրոնական Ասիայի առաջին կին կինոբեմադրիչ Քամարա Քամալովան (ծն. 1938): Գլխավոր հերոսի՝ Ժելտկովի դերը կատարել է ռեժիսորական բաժնի երրորդ կուրսի ուսանող, հետագայում լատվիացի ճանաչված կինոբեմադրիչ Իվար Կրաուլիտիսը (1937-2004): Կինոնկարն արժանացել է ինստիտուտի ղեկավարության եւ Կուպրինի դստեր՝ դերասանուհի Քսենյա Կուպրինայի (1908-1981) բարձր գնահատականին: Վերջինս 1920-30-ականների ֆրանսիական կինոյի դերասանուհիներից էր, որը հայրենադարձվել էր 1958-ին եւ աշխատանքի անցել Մոսկվայի Պուշկինի անվան դրամատիկական թատրոնում:
Կինոգետ Կարեն Քալանթարն Արման Մանարյանին նվիրած իր ռուսերեն աշխատության («Ազգային կինոյի հմայքը. ակնարկներ Արման Մանարյանի ստեղծագործության մասին», Երեւան, ԳԱԹ հրատարակչություն, 2007) մեջ այս ֆիլմը չի հիշատակել: Հասկանալի է, որ այն, ցավոք, չի պահպանվել: Այս իրողությունը հաստատեց նաեւ բեմադրիչի որդին՝ երգահան Հայկ Մանարյանը:
Հիշենք, որ 1965-ին Աբրամ Ռոմը նկարահանել է «Նռնաքարե ապարանջանը»՝ խորհրդային հայտնի դերասանների խաղարկությամբ: Դիտե՞լ էր նա արդյոք հայ եւ ուզբեկ սկսնակ կինոբեմադրիչների երախայրիքը… Այս հարցին թերեւս կարելի կլինի պատասխանել, եթե ինչ-որ հրաշքով մոսկովյան կինոարխիվներից մեկում հայտնաբերվի Մանարյանի կինոերախայրիքը: Իսկ հիմա թարգմանաբար ներկայացնենք ՎԳԻԿ-ի «Պուտ կ էկրանու» («Ճանապարհ դեպի էկրան») պարբերականի 1959 թվականի նոյեմբերի 23-ի համարում լույս տեսած հոդվածը «Նռնաքարե ապարանջանի» մասին: Հատկանշական է նաեւ, որ այն գրել է ՎԳԻԿ-ի նախկին պրոռեկտոր Յուրի Գենիկան (1893-1965), որի եւ Գրիգորի Ռոշալի արվեստանոցում է ուսանել Արման Մանարյանը: Հոդվածում հիշվում են նաեւ դերասաններ Կարաման Մգելաձեն (1928-2015), Պավել Մախոտինը (1925-2001), Նելլի Կոռնիենկոն (1938-2019), օպերատոր Գենրիխ Նավրոցկին (ծն. 1933) եւ նկարիչ Բորիս Գուրեւիչը (1929-1990):
Հոդվածը մեզ է տրամադրել ռուս երիտասարդ կինոգետ Դանիիլ Լարինը, որին հայտնում ենք մեր շնորհակալությունը:
Քսենյա Կուպրինա. «Նռնաքարե ապարանջանն» ինձ դուր եկավ…»
Յու. Գենիկա
Դեռեւս 1957-58 ուսումնական տարում ռեժիսորական բաժնի երկրորդ կուրսում (Գ. Լ. Ռոշալի եւ Յու. Ե. Գենիկայի արվեստանոց) ուսանող Ա. Մանարյանը տաղավարում բեմադրեց Ա. Ի. Կուպրինի հանրահայտ «Նռնաքարե ապարանջանը» վիպակի մի հատվածը: Դերերը կատարում էին նույն արվեստանոցի ուսանողները՝ Ի. Կրաուլիտիսը (Ժելտկով), Մ. Մախմուրովը (Շեին) եւ Կ. Մգելաձեն (Տուգանովսկի): Կինոռեժիսուրայի ամբիոնը լավ գնահատականի արժանացրեց այդ աշխատանքը՝ հատկապես ընդգծելով Ի. Կրաուլիտիսի խաղը:
Անցյալ ուսումնական տարում այս հատվածի հիման վրա նկարահանվեց մեկ մասանոց ուսումնական հնչյունային ֆիլմ՝ ռեժիսորական, օպերատորական եւ գեղարվեստական բաժինների ուսանողների համագործակցությամբ: Սցենարի հեղինակը եւ բեմադրիչն Ա. Մանարյանն է, օպերատորներն են Գ. Նավրոցկին եւ Դ. Ստեպանովը, նկարիչը՝ Բ. Գուրեւիչը: Գլխավոր դերում կրկին հանդես է գալիս Ի. Կրաուլիտիսը, իսկ Շեինի եւ Տուգանովսկու դերերը կատարում են Մոսկվայի Երմոլովայի անվան թատրոնի դերասան Պ. Մախոտինը եւ Մ. Շիշովը: Նույն ռեժիսորական արվեստանոցի ուսանողուհի Ք. Քամալովան նույն նկարահանող խմբով նկարահանել է «Նռնաքարե ապարանջանի» մեկ այլ տարբերակ, որտեղ Շեինայի դերը կատարել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանի դիպլոմանտ ուսանողուհի Ն. Կոռնիենկոն: Ներկայումս Ն. Կոռնիենկոն Փոքր թատրոնի դերասանուհի է:

Ինստիտուտի խորհուրդը «Նռնաքարե ապարանջանը» համարեց Գ. Լ. Ռոշալի եւ Յու. Ե. Գենիկայի ռեժիսորական արվեստանոցի լավագույն աշխատանքներից մեկը: Բարձր գնահատվեց նաեւ օպերատորների եւ նկարիչների աշխատանքը:
Վերջերս ինստիտուտում էր գտնվում Ա. Ի. Կուպրինի դուստրը՝ Քսենյա Ալեքսանդրովնա Կուպրինան, որն այժմ Մոսկվայի Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի է: Նրա ցանկությամբ ցուցադրվեցին «Նռնաքարե ապարանջանի» երկու հատվածները: Ք. Ա. Կուպրինան շատ լավ կարծիք հայտնեց ուսանողների՝ իր հոր վիպակի հատվածների էկրանավորումների մասին: Նա հատկապես նշեց ռեժիսոր Ա. Մանարյանի աշխատանքը եւ Ժելտկովի դերակատար Ի. Կրաուլիտիսի խաղը:
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ