Վանա լճի, տեղահանությունների եւ հիշողությունների ընդհանուր գաղափարները ներկայացնող «Անհայտների գերեզմանատունը» խորագրով ցուցահանդես է բացվելու հոկտեմբերի 15-ին Բոստոնի (ԱՄՆ) Գյոթե ինստիտուտի (Goethe Institute Boston) 19-րդ դարաշրջանի գեղազարդ դահլիճում, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի սեպտեմբերի 26-ի համարը: Տեղանքային յուրահատուկ ինստալացիայի հեղինակն է թուրք արվեստագիտուհի Փնար Օրենջին (Pinar Ögrenci), որ փորձել է սարսռեցնող կապ հաստատել միջավայրի կորստի, բռնագաղթի, հետապնդումների եւ մոռացված պատմությունների միջեւ, դրանով պատմական այդ շենքը դարձնելով անմահների փառաբանման պատկերասրահի:
Արեւելյան Թուրքիայի իր ծննդավայր Վանում եւ նրա շրջապատում կատարած երկար տարիների հետազոտությունների արդյունքում Օրենջին բացահայտել է մարդկային տառապանքի թաքուն պատմություններ:
Ցուցահանդեսի հատուկ ուշադրության «առարկան» Վանա լիճն է, որի մասամբ կլիմայի փոփոխության, մասամբ էլ այլ գիտական երեւույթների հետեւանքում նվազող ջրերը երեւան են հանել արտակարգ կազմավորումներ, հսկայական մարջաններ, ստալագմետներ, բրածո դարձած «հուշակոթողներ», որոնք սկզբնաղբյուր են ծառայել Օրենջիի լուծումներ պահանջող հետազոտությունների համար: Նրա համոզմամբ, լանդշաֆտները շատ ավելին են հիշում, քան հասարակութունները, որոնք նախընտրում են մոռացության տալ այն ամենը, ինչ իրենց նպատակահարմար չէ:
Ցուցահանդեսի խորագիրը թուրք-իրանական սահմանի երկայնքով ձգվող գերեզմանատներին է վերաբերում, որտեղ հանգչում են քրդեր, հետապնդումների եւ բռնությունների ենթարկված այլազգի մարդիկ, որոնց անունները գուցե միայն դատական արձանագրությունների արխիվներում կարելի է գտնել: Լուսանկարների, այդ թվում նաեւ երկնային, հմտորեն կատարված ինստալացիաների միջոցով Օրենջին անհետ կորած մարդկանց հետքերով է գնում, որոնց պատմությունները միախառնվում են տարածաշրջանի ավելի վաղ կատարված ողբերգական իրադարձություններին, ինչպիսիք են, օրինակ` Հայոց ցեղասպանության եւ տարագրության փաստերը: Նա փորձում է հասկանալ, թե արդյոք վերոնշյալ ստորջրյա կազմավորումները առաջացել են մարդկային թաքուն պատմությունների հետեւանքում:
Նախագծի հատկանշական կողմերից մեկն էլ ԱԹՍ-երի եւ տեխնիկական այլ օդային միջոցների օգտագործմամբ կատարված նկարահանումներն են, որոնց նա պարզ հետազոտական պարտականությունից այն կողմ անցնելով տալիս է մոռացությունից փրկելու առանձնահատուկ նշանակություն:

Փնարը նաեւ ֆիլմարտադրող է: Ծնվել է 1973-ին Վանում: Ներկայիս ապրում է Բեռլինում: Տարագրությունը, միգրացիան, նաեւ վերապրելու կամքի դրսեւորումներն ու դիմադրությունը կազմում են նրա հետաքրքրությունների ոլորտը: Նրա աշխատանքները ապագաղութային են: Որոշակի տեղանքներ եւ բռնարարքների լռության մատնված ճակատագրեր երեւան հանելու ծանր պարտավորությունն է վերցրել նա իր ուսերին, նպատակ ունենալով ավելի արդար ապագա ստեղծել:
Նրա աշխատանքները ցուցադրվել են Հարվարդի, Համբուրգի, Բեռլինի, Վիեննայի, Ստամբուլի թանգարաններում եւ Վենետիկի, Շարժայի, Աթենքի, Գուանջուի (Հարավ. Կորեա) բիենալեներում: 2024-ին պարգեւատրվել է Վիլլա Ռոմանա արվեստի մրցանակով:
Ցուցահանդեսը, ըստ հաղորդակցության, գործելու է մինչեւ հոկտեմբերի 25-ը: Մուտքն ազատ է:
Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Arm. Mirror-Spectator)