2026 թվականի սեպտեմբերի 24-ին համացանցում տարածվեց մի զեկույց, որում խոսվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «ճգնաժամի», նրա «յուրացման» եւ Եկեղեցու բարեփոխման անհրաժեշտության մասին՝ միաժամանակ բարձրացնելով Ամենայն Հայոց Հայրապետի հեռացման եւ նոր կաթողիկոսի ընտրության հարցը:
Սակայն հարցը այլեւս միայն Գարեգին Բ Կաթողիկոսի անձը չէ:
Հարցն է՝ որտե՞ղ է ավարտվում պետության իշխանությունը եւ որտե՞ղ է սկսվում Եկեղեցու իրավունքը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն: «Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»:
Սա նշանակում է, որ Եկեղեցին կառավարության առընթեր մարմին չէ եւ չի կառավարվում աշխարհիկ իշխանության կողմից, այսինքն՝ խորհրդարանը Եկեղեցու Սինոդը չէ, իսկ վարչապետը՝ Եկեղեցու Կաթողիկոսը չէ:
Անշուշտ օրենքի առջեւ բոլորը հավասար են եւ օրենքը պետք է կիրառվի բոլորի նկատմամբ: Եթե կան հանցագործություններ, դրանք պետք է քննվեն դատարանում: Եթե կան ֆինանսական խախտումներ, պետք է գործեն օրենքով նախատեսված ընթացակարգերով: Եթե կան եկեղեցական եւ կանոնական խնդիրներ, դրանց լուծումը պատկանում է Եկեղեցու իրավասու մարմիններին:
Սակայն Եկեղեցու ներքին կյանքը իշխանական հրամանով վերափոխելը այլ բան է:
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը պաշտպանում է, խղճի եւ կրոնի ազատությունը:
Եվրոպական դատարանը, մասնավորապես «Հասան եւ Չաուշն ընդդեմ Բուլղարիայի» գործով, ընդգծել է, որ պետության միջամտությունը կրոնական համայնքի ներքին կազմակերպմանը եւ ղեկավարության հարցերին կարող է խախտել կրոնի ազատությունը:
Հետեւաբար հարցը ավելի քան հստակ է. Ո՞ր իրավական հիմքով է պետական իշխանությունն իրեն իրավունք վերապահում որոշելու, թե ով պետք է ղեկավարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Եթե ոմանք հայտարարում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետք է հեռանա, այնուհետեւ նախաձեռնում են նոր ընտրական գործընթաց, ապա բնական հարց է առաջանում. որքանո՞վ է այդ ընտրությունը լինելու Եկեղեցու ազատ եւ ինքնուրույն կամքի դրսեւորումը:
Եկեղեցու բարեփոխումը պետք է ծնվի Եկեղեցու ծոցում՝ նրա կանոնական եւ ժողովական համակարգի միջոցով, ոչ թե քաղաքական որոշմամբ եւ մի խումբ անբարոյականների, գող-ավազակների, հարբեցողների, դրամաշորթերի, ինչպես նաեւ նզովված կորյունների եւ այլասերված խորենների հետ համագործակցությամբ:
Ոչ ոք չի պահանջում Եկեղեցուն դնել օրենքից վեր դասել: Պահանջը շատ ավելի հստակ է. իշխանությունները իրենք պետք է մնան օրենքի սահմաններում:
Կարելի է պահանջել հաշվետվողականություն, բարձրաձայնել խնդիրներ, ինչպես նաեւ պահանջել բարեփոխումներ:
Սակայն այս ամենը վարչապետին չի դարձնում Եկեղեցու կանոնական իշխանության մարմին:
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խոսքերը բոլոր ժամանակների համար են. «Տվե՛ք կայսրինը՝ կայսրին, եւ Աստծունը՝ Աստծուն»:
Սա պետության դեմ կոչ չէ, այլ հիշեցում իշխանության սահմանների մասին: Վարչապետը ամենավերջին անձն է, որը կարող է միջամտել Եկեղեցու ներքին գործերին, քանզի նա չի հանդիսանում ոչ ծխական խորհրդի անդամ, ոչ թեմական խորհրդի անդամ եւ ոչ էլ Եկեղեցու որեւէ հարակից մարմնի անդամ
Եկեղեցին պետության թշնամին չէ: Բայց պետությունը նաեւ Եկեղեցու վերադասը չէ:
Պետությունը պատասխանատու է օրենքի առջեւ:
Եվ այստեղ է հիմնական հարցը: Եթե Դուք հայտարարում եք, որ Կաթողիկոսին պետությունը չի նշանակում, ապա ինչո՞ւ է իշխանությունը պահանջում Հայրապետի հեռացումը:
Եթե Եկեղեցու պետի ընտրությունը Եկեղեցու ներքին գործն է, ապա ինչո՞ւ է իշխանությունը նախապես որոշում, թե ով պետք է հեռանա եւ ով ստանձնի «բարեկարգումը»:
Եվ վերջապես՝ Հայաստանի Հանրապետության ո՞ր օրենքն է իշխանությանը տալիս Եկեղեցու ներքին կանոնական կառուցվածքը փոխելու իրավասություն:
Այս հարցերին պետք է պատասխանել ոչ թե քաղաքական կարգախոսներով, այլ Սահմանադրությամբ եւ օրենքով:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ավելի հին է, քան մերօրյա քաղաքական կուսակցությունները եւ գործող պետական մարմինները:
Սա բոլորովին չի նշանակում, որ Եկեղեցին օրենքից վեր է: Սակայն դա նշանակում է, որ ոչ մի քաղաքական իշխանություն իրավունք չունի փոխելու դարերով ամրագրված Եկեղեցու սրբազան ընթացքը:
Ուստի՝ պետությունը եկեղեցի չէ եւ ոչ էլ Եկեղեցին է պետություն: Եվ նրանցից ոչ մեկը չպետք է պարտավորություն ստանձնի փոխարինելու մյուսին:
Թող Եկեղեցուն վերաբերող հարցերը լուծվեն Եկեղեցու ներսում՝ կանոնական եւ ժողովական ճանապարհով:
Թող հանցագործությունները քննվեն դատարաններում: Թող իշխանությունը հարգի Սահմանադրությունը: «Տվե՛ք կայսրինը՝ կայսրին, եւ Աստծունը՝ Աստծուն» (Մատթ 22:22):
Աբգար Եպս. Հովակիմյան
Առաջնորդ Կանադահայոց թեմի
Մոնթրէալ, 25 Սեպտեմբեր 2026