
Դեկտեմբերին Աբովյանի համայնքի տեղական ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը: Նա ՔՊ Աբովյանիի տարածքային կառուցի ղեկավարն է: Որոշումը կայացվել է երեկ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած կուսակցության վարչության նիստում:
Վարչության անդամներից Հասմիկ Հակոբյանը «Ազատությանը» փոխանցեց, որ մինչև Աբրահամյանի թեկնածության հաստատումը ՔՊ Աբովյանի տարածքային կառույցում ներքին ընտրություններ են եղել և ամենաշատ ձայներ ստացած 2 թեկնածուներից մեկին էլ երեկ ՔՊ վարչությունն ընտրել է:
Որքանո՞վ է ՔՊ-ական Հովհաննես Աբրահամյանը մրցունակ թեկնածու, հաշվի առնելով, որ Աբովյանում իր թեկնածությունը առաջադրելու մտադրություն ունի նաև գործող համայնքապետ, կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանը։ Աբովյանը ղեկավարող Բաբայանը 2021-ին առաջադրվել էր ԲՀԿ-ից կողմից: Մամուլը գրում է, որ այժմ Բաբայանը մտադիր է ինքնուրույն մասնակցել ընտրություններին:
ՔՊ վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը ասաց, թե գնում են ընտրության՝ առավելագույն ձայներ ստանալու նպատակով:
Իսկ ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, որ իշխող ՔՊ-ն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի օրինակով մտադիր է եղել համագործակցել նաև Էդուարդ Աբրահամյանի հետ. Հակոբյանն ասաց՝ իրենց քննարկումները փակ ֆորմատով են եղել, և իրենք որոշել են ներկայանալ իրենց կուսակցությունով:
Իշխող ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններին որոշ համայնքներում մասնակցում է «Համերաշխություն» անվանումով դաշինքով, իսկ որոշներում՝ միայնակ:
Այս տարի ՏԻՄ ընտրություններ են նշանակված Հայաստանի 46 համայնքներում: ՔՊ-ն մասնակցում է խոշորացված բոլոր համայնքներում՝ «Հանուն խաղաղ զարգացման» կարգախոսով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության համար չորս օր է սահմանել՝ սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը, նոյեմբերի 29-ը և դեկտեմբերի 13-ը:
Սեպտեմբերի 27-ին արդեն ընտրություններ են անցկացվել չորս համայնքում՝ Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։