Փաշինյանը Լիպարիտ Դրմեյանին կասկածում է կոռուպցիայի մեջ. Դրմեյանն արձագանքում է

ՄԻԵԴ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանին Նիկոլ Փաշինյանը կասկածում է կոռուպցիայի մեջ։ Վարչապետը դրա մասին հայտարարեց Դրմեյանի պաշտոնանկությունից մեկ տարի անց, երբ նա արդեն ընդդիմադիրների շարքերում է:

վարչապետն այսօր ճեպազրույցի ժամանակ կոչ արեց իրավապահներին, որ ուսումնասիրեն Լիպարիտ Դրմեյանի ունեցվածքն ու կապերը: Վարչապետին անհանգստացնում է, թե ինչու էր Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի գործով կառավարության դիրքորոշմանը հակասող պնդում անում:

«Ես հիմա նաև հրապարակային առիթից օգտվելով հաղորդում եմ տալիս հանցագործության մասին հնարավոր, չգիտեմ, որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց ես կարծում եմ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ, իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն՝ ո՞նց կարա պարզվի, որ էս շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ է եղել, հետո գնացել է։ Պետք է ստուգվեն հաշիվները, պետք է ստուգվի ունեցվածքը», – ասաց վարչապետը:

Փաշինյանի կառավարությունը միլիարդատեր Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո սկսեց նրան պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացման գործընթացը: Կարապետյանի պաշտպանական խումբը դիմել էր արբիտրաժային դատարան, ու դատարանը միջանկյալ որոշմամբ պահանջել էր Հայաստանից ձեռնպահ մնալ ընկերության ակտիվներն առգրավելուց, չփոխել ՀԷՑ-ի կառավարման մարմիններն ու կանոնադրությունը, չնշանակել ժամանակավոր կառավարիչ:

Փաշինյանի կառավարությունը հրաժարվեց այդ պահանջները կատարել։ Մինչդեռ, վարչապետի ենթակայությամբ գործող Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը պնդել էր, որ միջազգային դատարանի որոշումը ենթակա է պարտադիր կատարման:

«Հիմա իրավապահներին կոչ եմ անում, հաղորդում եմ տալիս՝ թող տրոյական ձիու գործունեությունը քննեն: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննե՞լ է, ես նաև պատասխան եմ պահանջում ինստիտուտներից՝ քննել ե՞ն էդ դեպքը, թե՞ չեն քննել», – նշեց Փաշինյանը:

Փաշինյանի այս պահանջից մեկ ժամ էլ չէր անցել, Գլխավոր դատախազությունը ընթացք տվեց վարչապետի հաղորդմանը:

«Այս ամենը հետևում է իմ քաղաքական ակտիվությանը». Դրմեյան

Մինչ այդ, Լիպարիտ Դրմեյանը «Ազատություն»-ից տեղեկացավ վարչապետի իր դեմ ներկայացրած հաղորդման ու կասկածների մասին: Ավելի ուշ նա ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքեց. «Այսօր տեղեկացա, որ կառավարության նիստից հետո «Կառավարությունը ես եմ»-ը հիշել էր ինձ։ Մի կողմ թողնենք այն, որ ներկայացված փաստերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն և դրանք «Կառավարությունը ես եմ»-ը դեռ ստիպված է լինելու հերքել։ Ես գործել եմ հանուն մեկ սուբյեկտի և այդ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է»։

Լիպարիտ Դրմեյանը գործադիրի ղեկավարի հաղորդումը կապում է իր ընդդիմադիր գործունեության հետ: Նա միացել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի թիմին, «Միասնության թևեր« կուսակցության նախընտրական ցուցակում էր: Նախընտրական բանավեճերին էր մասնակցում ու քննադատում Փաշինյանի կառավարությանը: Ընտրություններից հետո արդեն, երբ «Միասնության թևեր»-ը Սահմանադրական դատարանում վիճարկում էր արդյունքները, կուսակցությանը ներկայացնում էր Լիպարիտ Դրմեյանը:

«Զավեշտն այն է, որ այս ամենը հետևում է իմ քաղաքական ակտիվությանը։ Ավելին, այս ամենը հետևում է Սահմանադրական դատարանում մեր ներկայացրած փաստարկներին, որոնք ուղղակիորեն ցույց էին տալիս, թե ֆինանսական, ադմինիստրատիվ և ռեպրեսիվ ինչպիսի միջոցներ էին կիրառվել ՔՊ-ի կողմից ընտրությունների ամբողջ ընթացքում։ Իրավունքը և արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ «Կառավարությունը դու չես», – նշել է նա։

Նիկոլ Փաշինյանը Լիպարիտ Դրմեյանի այս խոսքերին դեռ չի արձագանքել, մինչև օրվա վերջ իրավական այլ զարգացումներ էլ չեղան:

Դրմեյանը պաշտոնից ազատվեց 11 ամիս առաջ: Պաշտոնանկությունից մեկ օր առաջ Փաշինյանը հայտարարել էր՝ կառավարությունը ինքն է ու եթե կան մարդիկ, որ իր դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող դիմում գրեն:

Leave a Comment