2026-ի ընտրությունները պատմական ռեկորդ կսահմանեն․ «դրսի» պատերազմը ՀՀ դեմ

Նախընտրական շրջանի լարվածությունը նոր զգալի ծանրաբեռնվածություն է ստեղծել իրավապահ համակարգի համար։ Միմյանց հետ և միմյանց դեմ պայքարող քաղաքական ուժերը գրեթե ամենօրյա ռեժիմով իրավապահներին ներգրավում են ընտրական գործընթացներին՝ տարբեր հաղորդումներ ներկայացնելով։ Եթե քարոզարշավի առաջին օրերին ահազանգում էին առավելապես ընտրախախտումների մասին, այժմ արդեն մեղադրանքները հասել են այսպես ասած ամենաթունդ կետին՝  մեղադրանքներ՝ պետական դավաճանության մասին։ ՀՀ-ում քարողզչական լարված վիճակի մասին խոսում են նաև միջազգային կառույցներն ու լրատվամիջոցները։

Ընտրական գործընթացում ապատեղեկատվության և հիբրիդային պայքարի տարրերը թեև նորություն չեն Հայաստանի համար, բայց դրանց գործիքները, մասշտաբն ու աշխարհաքաղաքական ազդեցության աստիճանն այս անգամ հասել են պատմականորեն ամենաբարձր և ամենավտանգավոր կետին՝ ասում են փորձագետները։

Տեղական ու միջազգային կառույցների գնահատմամբ՝ պայքարը դուրս է եկել «ավանդական կեղծ լուրերի» սահմաններից։ 2026-ի նախընտրական այս շրջանը   նախորդներից տարբերվում է մի քանի էական տարրերով։

Եթե 2021-ին ապատեղեկատվությունը տարածվում էր հիմնականում կեղծ հոդվածների, մոնտաժված լուսանկարների կամ ֆեյքերի, բոտերի միջոցով, ապա այսօր կիրառվում են բարձրորակ Deepfake տեսանյութեր և ձայնային սիմուլյացիաներ։ Արհեստական բանականության գործիքներով ստեղծված նյութերն այնքան բնական են, որ անգամ մասնագետների համար է երբեմն անհնար տարբերակել կեղծիքը։ Այսօր շատ հաճախ խոսվում է տեղեկատվական մանիպուլյացիայի և դրսից միջամտության մասին։ Սա ինքնին ենթադրում է աշխարհաքաղաքականություն և մասշտաբայնություն։ Վերլուծաբաններն արձանագրում են, որ ներկայիս հիբրիդային պայքարը զուգորդվում է նաև նյութական ու քաղաքական ուղղակի լծակներով։

Հանրային կարծիքի ձևավորման հարցում «Հայկական խորհուրդ» կազմակերպության նախագահ, քաղաքագետ Արեգ Քոչինյանն ընդգծում է ոչ թե կոնկրետ գործիքների կիրառման, այլ ընդհանուր ֆոնի ստեղծման վտանգը․

«Խնդիրը ոչ այնքան ինչ-որ մի կոնկրետ տեղեկատվությանը հավատալն է, ոչ թե կոնկրետ մի արշավի զոհ դառնալն է, այլ այդ ֆոնը ձևավորելն է։ Որովհետև երբ 174 անգամ մեկ ամսվա ընթացքում ինչ-որ տեղեկություն է պտտվում անվտանգային խնդիրների մասին, դա ֆոն է ստեղծում մարդկանց մոտ, որը ազդում է իրենց քաղաքական վարքի վրա։ Երբ մեկը մեկին հաջորդող նման ապատեղեկատվություններ են տարածվում, դա մարդու մոտ ստեղծում է անապահովության զգացողության ֆոն ու դա է իրականում խնդիրը։ Ընդ որում, թեպետ մեթոդները բոլոր տեղերում նույնն են, բայց երբ նայում ես Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ռումինիայում, բոլոր տեղերը օգտագործել են տեղի ամենամեծ վախերը։ Օրինակ` Վրաստանում անընդհատ խոսում են պատերազմից, Մոլդովայում անընդհատ խոսում են այն մասին, որ արտադրությունը, տնտեսությունը ուրիշ ոչ մեկի պետք չէ, միայն ռուսներին է պետք և սովից մեռնելու են։ Ռումինիայում ինչ-որ ավանդական արժեքներից էին խոսում։ Բոլոր հասարակություններում իդենտիֆիկացնում են այն, ինչից իրենք վախենում են։ Մեր դեպքում շատ օբյեկտիվորեն կան անվտանգության հետ կապված վախեր։ Բայց մեր ցավը փորձում են մեր վրա ծախեն»։  

Նախօրեին նախընտրական Հայաստանում ընտրարշավի մաս դարձավ նոր խոսույթ պետական դավաճանության մասին, թերևս ամենածանրը՝ մինչև օրս։ Իշխանության և ընդդիմության միջև այսօրինակ կոշտ մեղադրանքների փոխանակումը վկայում է նախընտրական պայքարի բարձր լարվածության և խոսույթի բևեռացման մասին:

Հայաստանի վարչապետը հաստատեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է ներկայացնելու Քննչական կոմիտե՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության մեղադրանքով: Մեղադրանքի հիմքում այդ գործչի մասնավոր, հանրային այցերը և շփումներն են Դոնբասի ու Լուգանսկի իշխանությունների ու ներկայացուցիչների հետ։ Իշխանությունը քաղաքական այդ շփումները որակում է ՀՀ արտաքին անվտանգության դեմ ուղղված քայլ՝ պետական դավաճանություն։

Մինչդեռ ընդդիմադիր գործիչն ու նրան սատարող «Բարգավաճ Հայաստան»-ը դա համարում են հումանիտար հրապարակային գործունեություն, իսկ սպասվող քրեական վարույթը՝ քաղաքական հետապնդում։ Թևանյանը փոխադարձում է մեղադրանքը՝ պնդելով, որ գործող իշխանությունը պետք է պատասխան տա մի շարք գործողությունների՝ 2022-ին Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և մի շարք այլ քայլերի համար։

«Այս ընտրություններն ունեն առանձնահատկություններմենք դարձել ենք աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ։ Երբեք նման բան չի եղել Հայաստանում։ Մեզ վրա որևէ ազդեցություն իրենց հարձակումները չեն կարող թողնել։ «Մայր Հայաստան» կուսակցությունը դեռ անցած տարվանից և իր ստեղծման օրվանից, կարելի է ասել, մշտապես կողմ է եղել, որպեսզի ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացվի, և մենք ինքներս օրինակ ենք ծառայել կոնսոլիդացիայի` ցույց տալով, որ ոչ թե մանդատի խնդիր ունենք, ոչ թե աթոռի խնդիր ունենք։ Մենք մասնակցում ենք այս ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ։ Ծառուկյանի դեմ էլ հարձակումներ են գործում և նույն քարոզչամեքենայով աշխատում են մյուս քաղաքական ուժերի դեմ։ Մենք դատապարտում ենք բոլոր այն ապօրինությունները, որոնք իրականացվում են մի դեպքում մի հայտարարության համար, մյուսի դեպքում` մի հարցազրույցի համար, երրորդի դեպքում` մի ելույթի համար»։  

Ընդդիմադիր դաշտի հակադարձումներին ի պատասխան՝ Փաշինյանը բարձրաձայնում է իր կասկածները, որոնք  ներկայացնում է ոչ միայն իրավապահներին, այլև՝ հանրությանը։  

«Դուք՝ այդ բոլոր ընտանիքները, այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը, դուք սահմանին մի կրակոց չեք արել, բայց դուք տասնյակ կրակոցներ եք արել Աբովյանում, Առինջում, Երևանում, Հանրապետության տարբեր բնակավայրերում։ Ես ձեր բոլոր կրակող ձեռքերը կտրել եմ և մինչև վերջ կտրելու եմ։ Իմացեք` իրենք են սպառնալիք անվտանգությանը Հայաստանի Հանրապետության և մենք այդ սպառնալիքը շատ արագ կչեզոքացնենք։ Ես շատ չեմ խոսի նրանց լրտեսական կրքերի մասին։ Այս լրտեսական ցանցը մենք ի վերջո վերջնական և ամբողջական արմատախիլ ենք անելու Հայաստանի Հանրապետությունից»։

Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին անդրադարձել է նաև Euronews-ը։ Հիմնվելով իր՝ փաստերի ստուգման ծառայության հետազոտության վրա՝  լրատվամիջոցը լայնածավալ հոդվածով խոսել է Հայաստանի դեմ մերձկրեմլյան շրջանակներից ապատեղեկատվական արշավի մասին։ Լրատվամիջոցը փոխանցում է մասնագետների գնահատումները, որ սա վերջին տարիների ամենախոշոր նման  քայլերից է։

Փաստերը ստուգողների տվյալներով՝ մայիսի սկզբի դրությամբ արձանագրվել է 343 կեղծ տեսանյութ։ Ավելի մեծամասշտաբ եղել է միայն Մոլդովայում 2025-ի ընտրություններին միջամտությունը։  

Իսկ հայաստանյան ընդդիմությունն իր հերթին երկրի ներքին գործերին միջամտություն և գործող իշխանությանն աջակցություն է համարում  հիբրիդային սպառնալիքների դեմ մասնագիտացված պայքարը, որին աջակցում են եվրոպական կառույցները։  

Leave a Comment