«Օտարերկրյա լրտես ես», «Ամեն մեկի հետևից թուրքի բեղ ա երևում». իշխանություն-ընդդիմություն «փոխհրաձգության» նոր բարձունքները

Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան հեռակա բանավեճն այսօր նոր թափ ստացավ մարզային քարոզարշավի ընթացքում․ «օտարերկրյա գործակալ» մեղադրանքին հաջորդեց «թուրքի բեղեր» կոշտ հակադարձումը։

Արմավիրի մարզում՝ Փարաքարում, քարոզարշավ իրականացնող ՔՊ-ի առաջնորդը խաղաղության օրակարգից էր խոսում, հորդորում ժողովրդին տեր կանգնել խաղաղությանը, ահազանգում, թե այդ խաղաղությունը խաչաձև կրակահերթի տակ է։

300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին Բաքվից ամենաբարձր մակարդակով պարբերաբար հնչող պահանջը Հայաստանում դարձել է նախընտրական բանավեճի առարկա։ Ընդդիմադիր առանցքային որոշ ուժեր պնդում են, թե Փաշինյանը կատարելու է նաև Բաքվի այս մի պահանջը՝ Հայաստան բերելով 300 հազար ադրբեջանցիների, մինչդեռ իշխանությունը հերքում է, թե նման մտադրություն ունի։

Եւ հենց այստեղ Փաշինյանը հիշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, նշելով.

«Եւ ես ասում եմ՝ կալուգացի Սամո, դու օտարերկրյա լրտես ես, ընդ որում՝ անուղեղ, որովհետև դու չես հասկանում, թե ինչ ես անում։ Դու փորձում ես 300.000 ադրբեջանցիների վերադարձի հարցը դարձնել Հայաստանի քաղաքական օրակարգ։ Եվ ես ասում եմ՝ անուղեղ լրտեսները ձայն չպիտի ստանան»։

«Մենք իրեն կպատասխանենք։ Մինչև երեկո կստանա իր պատասխանը։ Պատասխանը հետաքրքիր է լինելու», վստահեցրել է Նարեկ Կարապետյանը։

Այսօր կեսօրին Սևանում «Ուժեղ Հայաստանը» իր քարոզարշավն էր իրականացնում, երբ փորձեցինք դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի կարծիքը լսել իր հորեղբորը «օտարերկրյա գործակալ» անվանելու վերաբերյալ։

«Ազատության» դիտարկմանը, թե արդյոք Փաշինյանը «օտարերկրյա գործակալ» ասելով սլաքները դեպի Ռուսաստան է ուղղում, Նարեկ Կարապետյանը իշխանության ներկայացուցիչներին այլ երկրի՝ Թուրքիայի հովանու տակ պատկերեց։

«Օտարերկրյա գործակալները… իրենց հետևից թուրքի բեղերը երևում ա, ամեն մեկի հետևից մի հատ թուրքի բեղ ա երևում, իրանք հիմա էս հարցերին պատասխանելու են», նշեց նա։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment