ԱՄԷ-ն փորձել է Իրանի դեմ ռազմական դաշինք ձևավորել. Bloomberg – armeniatoday.am

Արաբական Միացյալ Էմիրությունները փորձել է համոզել Պարսից ծոցի հարևան պետություններին մասնակցել Իրանի դեմ համակարգված ռազմական հարվածներին, սակայն մերժում են ստացել, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանին հարվածելուց, ապա արաբական երկրների օբյեկտների վրա Թեհրանի հարձակումներից հետո, ԱՄԷ նախագահ Մուհամեդ բեն Զայեդ ալ Նահայանը հեռախոսազրույցներ է ունեցել տարածաշրջանի առաջնորդների հետ։ Էմիրությունների առաջնորդը, մասնավորապես Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ զրույցում պնդել է պատասխան հարվածների անհրաժեշտության մասին՝ վկայակոչելով Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի հիմնադրումը։

Սաուդյան Արաբիան և Կատարը, սակայն, հայտարարել են, որ այս հակամարտությունն «իրենց պատերազմը չէ»։ Աբու Դաբիի առաջարկին չեն միացել նաև Բահրեյնը, Քուվեյթն ու Օմանը։ Թեև Կատարը դիտարկել էր մարտի 18-ին QatarEnergy-ի օբյեկտների թիրախավորումից հետո հարվածելու հնարավորությունը, ի վերջո, Դոհան նախընտրել է կենտրոնանալ դեէսկալացիայի ջանքերի վրա։

Bloomberg-ը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը տեղյակ էր այս բանակցություններին և կողմ էր արտահայտվել տարածաշրջանային երկրների միասնական ռազմական պատասխանին։ Նշված պետությունների պաշտոնական ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունները։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։ Մայիսի 1-ին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։ Մայիսի 5-ին ԱՄՆ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցի բացման մասին։

Leave a Comment