Հայաստանի ընտրություններից առաջ ԱՄՆ սենատորները Meta-ին և Alphabet-ին կոչ են անում օգնել ռուսական ապատեղեկատվությանը դիմագրավելուն

Անցած շաբաթ Միացյալ Նահանգների սենատորներ՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը նամակներ են հղել Meta և Alphabet ընկերություններին՝ կոչ անելով բավարար չափով ռեսուրսներ տրամադրել Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ռուսական ապատեղեկատվության կանխարգելմանը:

«Անկախ փորձագետների գնահատմամբ՝ Ռուսաստանը թարմացնում է Մոլդովայի իր գործելաոճը, այդ թվում՝ Meta-ի [Alphabet-ի] հարթակների օգտագործմամբ, ազդելու Հայաստանի ժողովրդավարական գործընթացի արդյունքների վրա», – գրում են ԱՄՆ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններից սենատորները իրենց նամակներում:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Ռուսաստանից մարդիկ են» խրախուսվում` սատարելու որոշակի քաղաքական կուսակցությունների: Հայաստանյան մի հարգված քաղաքացիական հասարակության կազմակերպություն՝ Իրազեկ քաղաքացիների միավորումը, նույնականացրել է Meta-ի հարթակների շուրջ հարյուր էջ, որոնք առաջիկա ընտրություններին վերաբերող մանիպուլյատիվ բովանդակության են քարոզչությամբ են զբաղված: Կազմակերպությունը նաև նշել է համակարգված ոչ իրական վարքագիծ, որը, ըստ հաղորդումների, ուղղորդվում է ռուսահայ օլիգարխի կողմից», – Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգին գրում են նամակի հեղինակները՝ հիշեցնելով, որ տվյալ անձին Թրամփի առաջին վարչակազմը Կոնգրեսին ուղղված զեկույցում ներկայացրել է որպես «նշանակալի օտարերկրյա քաղաքական ֆիգուր [կամ] օլիգարխ Ռուսաստանյան Դաշնությունում՝ ըստ ռուսական ռեժիմի հետ մերձավորության»:

«Հուսով ենք, որ դուք վերստին կձեռնարկեք և կկիրառեք Մոլդովային արտաքին ոտնձգությունների իր ժողովրդավարությունը պաշտպանելու գործում աջակցելու ջանքերը, բայց այժմ՝ հայաստանյան համապատասխան կառույցների հետ», – Meta-ին և Alphabet-ին գրել են սենատորները՝ ընկերություններին կոչ անելով բավարար ռեսուրսներ տրամադրել հայաստանյան ընտրություններին ընդառաջ ռուսական ապատեղեկատվությանը դիմագրավելուն:

Շահինը և Թիլիսը շեշտում են, որ առաջիկա ընտրություններն առանցքային նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար, քանի որ կարող են «որոշել տարածաշրջանային խաղաղ նախաձեռնությունների, ինչպես նաև հաղորդակցության նախագծերի ելքը, այդ թվում՝ TRIPP-ի, որը խաղաղ բանակցությունների առանցքային բաղադրիչ է»:

«Ոչ մի օտարերկրյա տերության չպետք է թույլ տալ ազդել ինքնիշխան որոշումների վրա, որոնք պետք է ընդունվեն բացառապես Հայաստանի ժողովրդի կողմից», – ասված է ԱՄՆ ազդեցիկ սենատորների նամակներում:

Առնչվող թեմաներ

Leave a Comment