ՀՀ Ներքին գործերի նախարար տիկին Արփինե Սարգսյանին – Live News

ԲՈՂՈՔ-ՊԱՀԱՆՋ

Տիկի՛ն նախարար, ՀՀ ՆԳՆ տարածած հայտարարությունը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի և երեք քաղաքացիների ձերբակալության վերաբերյալ՝ «պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը խոչընդոտելու» հիմնավորմամբ, խիստ վիճահարույց է և զուրկ է իրավական տրամաբանությունից։ 

Սույնով հայտնում եմ իմ առարկությունը հետևյալ հիմնավորումներով. 

Ծառայողական գործունեության բացակայություն. Սուրբ Պատարագին մասնակցելը հանդիսանում է կրոնական ծիսակատարություն և անձնական հոգևոր պահանջմունք, այլ ոչ թե վարչապետի լիազորություններից բխող պաշտոնական գործառույթ։ Եկեղեցին պետական հիմնարկ չէ, և այնտեղ գտնվելիս բարձրաստիճան պաշտոնյան հանդես է գալիս որպես շարքային քաղաքացի և հավատացյալ։ 

Հավասարության սկզբունքի խախտում. Քաղաքացիները եկեղեցի են ժամանել նախապես և զբաղեցրել իրենց տեղերը։ Նիկոլ Փաշինյանի ուշացումը և նրա անվտանգության աշխատակիցների կողմից մարդկանց հրմշտելով «ճանապարհ բացելը» հանդիսանում է հասարակական կարգի և համակեցության կանոնների կոպիտ խախտում։ 

Իրավական որակումների անհամապատասխանություն. Պաշտոնյայի անձնական մասնակցությունը կրոնական արարողությանը որպես «օրինական ծառայողական գործունեություն» ներկայացնելը հանդիսանում է օրենքի կամայական և չափազանցված մեկնաբանություն, ինչը վտանգում է քաղաքացիների իրավունքների պաշտպանվածությունը։ 

Այսպիսով, Ձեր գերատեսչության տարածած պարզաբանումները չեն համապատասխանում իրականությանը և իրավական հարթությունից դուրս են։ Հորդորում եմ վերանայել նմանատիպ հայտարարությունների հիմնավորվածությունը և հիշել, որ պետական կառույցները պարտավոր են գործել բացառապես օրենքի տառին համապատասխան՝ զերծ մնալով իրականության խեղաթյուրումից։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունակ են սթափ գնահատել իրավիճակը և տարբերակել պաշտոնական պարտականությունները անձնական այցերից։

Վլադիմիր Պողոսյան

Leave a Comment