30 մարտի 2026 – 16:15 AMT
PanARMENIAN.Net – ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան տեսանյութում պատասխանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հայտարարությանը՝ ներկայացնելով իր գրազի պայմանները։
«Ընդունում եմ ռուսաստանցի օլիգարխի զարմիկի գրազի առաջարկը և գրազ եմ գալիս 1 միլիարդ դոլարի վրա»,-հայտարարել է նա:
Ռուբինյանը պնդել է, որ «Ուժեղ Հայաստանը» ընտրություններից հետո, անկախ ընտրությունների արդյունքներից, ուզում է 100% քվե հավաքեն, իրենց ձայնը տալու է ոչ թե Սամվել Կարապետյանին՝ որպես հաջորդ վարչապետ, այլ մեկ ուրիշ անձի:
«Տեսա, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի երբեմնի ղեկավարի որդին և համատեղության կարգով ռուսաստանցի օլիգարխի զարմիկը հրապարակային հայտարարել է, որ ինչի վրա մարդիկ ուզում են գրազը գան, որ իրենք ընտրություններից հետո իրենց քվեն չեն տալու այլ մարդու, այլ տալու են Սամվել Կարապետյանին՝ որպես Հայաստանի հաջորդ վարչապետ։
Հրապարակային ընդունում եմ գրազի առաջարկը: Պնդում եմ, որ իրենք ընտրություններից հետո, անկախ ընտրությունների արդյունքներից, ուզում է 100% քվե հավաքեն, իրենց ձայնը տալու են ոչ թե Սամվել Կարապետյանին՝ որպես հաջորդ վարչապետ, այլ այլ մարդու։
Գրազ եմ գալիս 1 միլիարդ դոլարի վրա. պայմանը հետևյալն է, եթե իրենք են պարտվում, 1 միլիարդ դոլար անհապաղ մուծում են ՀՀ պետական բյուջե, այսինքն՝ տալիս են ժողովրդին։ Եթե ես եմ պարտվում, սպիտակ թղթի վրա ինչ ուզում են, թող գրեն, կանեմ, թող գրեն ինքնասպան եղի, ինքնասպան կլինեմ»«-ասել է Ռուբինյանը:
Նա հավելել է, որ եթե 12 ժամում նրանք չհաստատեն գրազը, կֆիքսի, որ նրանք «օդ են, ինչպես իրենց բոլոր ասածները»,-ասել է Ռուբինյանը:
Նարեկ Կարապետյանը Գավառում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է․ «Մեր ուժն իր ձայնը տալու է Սամվել Կարապետյանին՝ որպես Հայաստանի հաջորդ վարչապետի: Ով կասկածի, ասեք Նարեկ Կարապետյանը գրազ է գալիս, ինչ գրազ ուզում են, թող ասեն, ու գրազն էլ դուք կվերցնեք հաղթելուց հետո»: