
Դա մեզ հետ համաձայնեցրած չի եղել։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 26–ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ անդրադառնալով նախօրեին ջրանջատումների նոր գրաֆիկի մասին «Վեոլա ջուր» ընկերության հայտարարությանը։
«Այն, որ մենք ունենք սահմանափակ ջրային ռեսուրսներ, հատկապես ամառվա պիկ ամիսներին, դա փաստ է,-ասաց Ջրային կոմիտեի նախագահը,- այսինքն «Վեոլիա ջուրը» չի խաբում, «Վեոլիան» նախապես ասում է՝ ժողովուրդ ջան, ամառվա ամիսներին ես 24–ժամյա ջրամատակարարում չեմ կարողանալու ապահովել, ինչը այդպես է, մենք ունենալու ենք ջրանջատումներ։ Հարցն այն է, թե այդ ջրանջատումների տևողությունը ինչպիսին պիտի լինի և մարզից մարզ, Երևանի տարբեր թաղամասեր, փողոցից փողոց, ինչպիսի փոփոխություններ են լինելու։
Նույն ժամանակացույցը երեք փողոցների տարբերությամբ հրապարակվել է անցած տարվա նոյեմբերին։ Այսպիսի աղմուկ չի եղել, այսպիսի աժիոտաժ չի եղել։
Մենք հիմա բոլորս հասկանում ենք, որ նախընտրական շրջանում ենք, նման թեմաները այո, ոմանց կողմից օգտագործվում են։
Նրա խոսքով, ժամանակացույցը կարելի է լավարկել, ունենալ ջրանջատումների ավելի կարճ հատվածներ, այսինքն ժամերի և ռեժիմների փոփոխություն լինի։ Տարբեր բնակավայրերում կլինեն տարբեր փոփոխություններ։
«Երկու շաբաթ մեզ ժամանակ տվեք, մենք կաշխատենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ընկերության գործընկերների հետ և արդյունքների մասին դուք կտեղեկանաք», -ասաց Ղալամքարյանը, հավաստիացնելով, որ այն հասցեներում, որտեղ նշված է եղել օրական ջրամատակարարումը 17 ժամ, կվերանայվի։