«Երջանիկ ենք, որ նման հանճարի ստեղծագործությանը, ինչպիսին Չայկովսկին է, անդրադարձել է ոչ պակաս հանճարեղ ջազմենը՝ Դյուք Էլինգթոնը, ինչի արդյունքում ունենք այս երաժշտական հրավառությունը»

Օրերս տեղի ունեցավ մի բացառիկ երեկո, որտեղ դասական երաժշտության նրբագեղությունն ու հզոր հնչողությունը միաձուլվեց ջազի սվինգային ռիթմերի ու համարձակ իմպրովիզների հետ։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում երկու տարբեր երաժշտական ժանրերի իսկական տոնակատարություն էր, որն իրականություն դարձավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյան) «միաձուլման» արդյունքում։

Այդ երեկո հանդիսատեսը հայտնվել էր երկու աշխարհների խաչմերուկում, որտեղ հատվում էին 19-րդ դարի Ռուսական կայսրության շունչն ու 20-րդ դարի կեսերի Նյու Յորքյան բանուկ փողոցների անցուդարձը՝ համաշխարհային երաժշտարվեստի գլուխգործոցներից մեկի՝ Չայկովսկու «Շչելկունչիկի» վերափոխման շնորհիվ։

1892 թ. Չայկովսկին աշխարհին նվիրեց դրաժեներով և ժանյակներով փաթեթավորված բալետային հեքիաթ։ Գրեթե 70 տարի անց լեգենդար ջազմեններ՝ Դյուք Էլինգթոնը և Բիլլի Սթրեյհորնը, նույն մեղեդիները վերաիմաստավորեցին՝ ստեղծելով համարձակ, էլլինգտոնյան դարաշրջանին բնորոշ ոճով ու շքեղությամբ, մենակատարների ջազային իմպրովիզներով հարուստ երաժշտություն։ Իսկ կայացած համերգային ծրագիրը կարելի է անվանել ոճերի «մենամարտ» կամ, ավելի ճիշտ, երկու հանճարների ներդաշնակ երկխոսություն։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչած յուրաքանչյուր դասական նոտային ի պատասխան հնչում էր Հայաստանի պետական ջազ նվագախմբի ջազային արձագանքը՝ նրբագեղ «Փերի դրաժեի պարից» մինչև զգացական «Բալը՝ քաղցր ռոմի մեջ», վեհաշուք «Ծաղիկների վալսից» մինչև սվինգային «Ֆլորեադորների պարը» և այսպես շարունակ…

Համերգի ավարտին հանդիսատեսի բիսերին ի պատասխան միավորված նվագախմբերը հնչեցրին Բերնսթայնի կրակոտ «Մամբո»-ն՝ «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլից։

Ի դեպ, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես եկավ Արամ Ասատրյանի ղեկավարությամբ։ Ինչպես գիտենք, նա նվագախմբի առաջին ջութակների կոնցերտմայստերն է, և այս համերգն իր դեբյուտն էր այդ կարգավիճակում։

Aravot.am-ի հետ զրույցում նա ընդգծեց, թե իր համար որքան պատասխանատու էր այդ փորձառությունը, նույնքան էլ բնական։ «Թե որպես ջութակահար, թե որպես դիրիժոր՝ նպատակը մեկն է՝ երաժշտություն կատարել, մեկնաբանել, մատուցել»։

Ասատրյանը նշեց, որ ժանրային տարբերությունների առումով որևէ հակասություն չի տեսնում. իր համար կա միայն լավ երաժշտություն՝ դա կարող է լինել դասական, ջազ, ռոք, ժողովրդական… տարբերություն չկա։ «Երջանիկ ենք, որ նման հանճարի ստեղծագործությանը, ինչպիսին Չայկովսկին է, անդրադարձել է ոչ պակաս հանճարեղ ջազմենը՝ Դյուք Էլինգթոնը, ինչի արդյունքում ունենք այս երաժշտական հրավառությունը»,— նշեց երաժիշտը։

Դավիթ Մելքոնյանն էլ ասաց, թե իրենք մեծագույն ստեղծագործական հաճույք ստացան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ համագործակցությունից։ «Վստահ եմ, որ առջևում կունենանք այլ հետաքրքիր նախագծեր ևս։ Այս ընկերական ու երաժշտական «բաթլի» արդյունքում հաղթեց հանդիսատեսը, քանի որ հնարավորություն ունեցավ վայելելու ֆանտաստիկ երաժշտություն՝ լավագույն կատարմամբ»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment