Հանդիսավարը մեկ առ մեկ հնչեցնում է Սյունիքի «Պանտեքս» կարատեի ակումբի սաների անունները։ Պատանի մարզիկներն ու չեմպիոնները ներս են մտնում իրենց մրցանակներով՝ տարբեր տարիներին ստացած ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներով։ Ակումբի պատվավոր նախագահ, կապանցի գործարար Էդգար Հակոբյանն է ակումբի 100 սաներին հրավիրել տոնական սեղանների շուրջ՝ ամփոփելու անցած տարին, նախանշելու այս տարվա անելիքները։
Ի դեպ, այս տարի ապրիլին Կապանում կկայանա կարատեի Հայաստանի ազգային մրցաշարը։ Բայց մինչ այդ, ակումբի սաները փետրվարին մասնակցելու են տարբեր միջազգային մրցաշարերի։ Հայաստանի չեմպիոններ, Հայաստանի առաջնության գավաթակիրներ Նարեկ Սարգսյանը, Գեւորգ Հակոբյանն ու Նանե Հարությունյանը փետրվարի 7-ից 9-ը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցելու են Կիպրոս քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Տարբեր առաջնությունների մրցանակակիր Գոռ Շամիրյանն էլ առաջիկա օրերին Դուբայում մասնակցելու է «Յութ լիգա» մրցաշարին։ Նրանց, ինչպես նաեւ անցած տարի մրցաշարերում առաջին տեղ գրաված Դանիել Մինասյանին ակումբի նախագահ Էդգար Հակոբյանը դրամական պարգեւների է արժանացնում։
Նշենք, նաեւ որ ակումբի բոլոր սաներն էլ ձեռնունայն չմնացին․ նրանք նույնպես նվերներ ստացան։ Էդգար Հակոբյանը նախ շնորհակալ է բոլոր մարզիկներին՝ 2025թ-ին՝ հաղթանակները Սյունիքի բերելու համար։ «Ապրեք դուք, եղեք միշտ մարտական։ Բոլորս գիտեք՝ չեմպիոն չեն ծնվում, չեմպիոն դառնում են լիարժեք քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Ամեն մի բերած դետալը ձեր արդար պայքարի արդյունքում է։ Մաղթում եմ նորանոր բարձունքներ, Հայաստանի դրոշը միշտ բարձր թող ծածանվի ձեր շնորհիվ, Կապանի պատիվն էլ բարձր պահեք։ Ուժեղ եղեք, միասնական ու համախմբված»,-հաղթանակի բանաձեւն է ամփոփում Էդգար Հակոբյանը։
30 տարվա պատմություն ունի «Պանտեքս» ակումբը։ Մարզիչ Արմեն Գրիգորյանը՝ 2025թ․ ցուցանիշներից գոհ է, համոզված է՝ որ 2026-ին ակումբի սաները միջազգային մրցաշարերից մարզական հարուստ ավարով կվերադառնան։ «Իհարկե, շատ լավ է՝ որ սպորտը կարեւորվում է, մարդիկ ցանկություն ունեն աջակցելու։ Էդգար Հակոբյանը մոտ երկու տարի է ակումբի նախագահն է՝ ու մենք էլ խոստանում ենք ակումբի նախագահությանը՝ վստահությունը չկորցնել ու շնորհակալ լինել մեր նորանոր հաղթանակներով»,-ասաց Արմեն Գրիգորյանը։
Իսկ մինչ հրաժեշտ տալը՝ տոնական տորթն են կտրում ու մարզիկների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվում՝ Եվրոպայի առաջնությունից հետո եւս հավաքվել ու արդեն նշել այս տարվա առաջին հաղթանակը։
Երեխաների լուսանկարները հրապարակվում են ծնողների համաձայնությամբ
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:








