Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց իր պատմական ելույթը Եվրոպայի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլում։ Մրցաշարին առաջին անգամ մասնակցող մեր ընտրանին քառորդ եզրափակչում ուժերը չափեց Խորվաթիայի հավաքականի հետ և պարտություն կրեց 0:3 հաշվով։
Ինչպես հայտնում է armsport.am-ը, Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում կայացած հանդիպման ճակատագիրը վճռվեց առաջին խաղակեսում։ Խորվաթ ֆուտզալիստներն ավելի վստահ մեկնարկեցին՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով Հայաստանի դարպասը։ Ռուբեն Նազարեթյանի սաները նույնպես ստեղծեցին իրական գոլային պահեր, սակայն եզրափակիչ հարվածներում չբավականացրեց դիպուկությունը։
Ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականը տիրեց նախաձեռնությանը՝ ավելի շատ վերահսկելով գնդակը և ակտիվություն ցուցաբերելով առջևի գծում։ Հանդիպման վերջին 10 րոպեներին մեր թիմը անցավ «5-րդ դաշտային խաղացողի» մարտավարությանը՝ փոխարինելով դարպասապահին, սակայն հաշվի մեջ փոփոխություն մտցնել այդպես էլ չհաջողվեց։
Այսպիսով, Հայաստանի հավաքականը լքում է մրցաշարը՝ գրանցելով տպավորիչ արդյունքներ խմբային փուլում։ Հիշեցնենք, որ B խմբում մեր թիմը գրավել էր առաջին տեղը՝ 2:1 հաշվով հաղթելով 2024թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինային, 5:4 հաշվով առավելության հասնելով Չեխիայի նկատմամբ և 3:3 հաշվով ավարտելով խաղը Լիտվայի հետ։
Կիսաեզրափակչում Խորվաթիան կմրցի Իսպանիա – Իտալիա զույգի հաղթողի հետ։ Մյուս կիսաեզրափակչի ուղեգիրն արդեն նվաճել է Ֆրանսիան, որը լրացուցիչ ժամանակում 4:2 հաշվով պայքարից դուրս է թողել Ուկրաինային։