Շախմատային երկար ճանապարհ

Հայերն աշխարհում իրենց ուրույն տեղն ունեն շախմատային խաղերում։
Այն շատերի համար հաճելի հետաքրքրություն է, զբաղմունք, շատերի համար էլ՝ նվիրվածություն և մասնագիտություն։

Կառլոս Գրիգորյանը և Սահակ Մարտիրոսյանը համագյուղացիներ էին, խելացի, կրթված բարի գործերի հեղինակ։

Սահակ Մարտիրոսյանը Բյուրավանի բուժկետում էր աշխատում, Կառլոս Գրիգորյանը դպրոցի տնօրեն էր։ Աշխատանքից հետո ազատ ժամերին շախմատ էին խաղում։ Այդպես երկար ժամանակ․․․

Շախմատը դարձավ նրանց և նրանց ընտանիքների անբաժան մասը։
Շախմատ էին խաղում բոլորը՝ մեծից փոքր։

Սահակի կրտսեր որդին սովորեց Երևանի Ֆիզկուլտուրային ինստիտուտի շախմատի բաժնում և դարձավ իսկական շախմատիստ։ Երկու ընտանիքներն էլ բնակություն հաստատեցին Երևանում։

Ամեն մեկը գնաց իր ճանապարհով, բայց շախմատը մնաց նրանցից անբաժան՝ նրանց թոռներին։ Կ․ Գրիգորյանը թոռնիկի՝ Կարենի ձեռքը բռնած տարավ շախմատի ակադեմիա, որտեղ Կարենը խորապես տիրապետեց շախմատային գաղտնիքները և դարձավ հայտնի շախմատիստ (տե՛ս աղյուսակ 1)։

Կարեն Գրիգորյան

Հայկը նույնպես դարձավ շախմատային ակադեմիայի սան և շրջանավարտ։

Հայկի առաջին մարզիչը եղավ հայրը՝ Սահակ Մարտիրոսյանը (տե՛ս աղյուսակ 2)։

Հայկ Մարտիրոսյան

Շախմատի ակադեմիան փառահեղ ճանապարհ բացեց դեպի շախմատային բարձունքներ։
Այսօր Հայաստանի Հանրապետության 10-ը լավագույն շախմատիստների մեջ Հայկը զբաղեցնում է երրորդ տեղը։

Եվ այսպես Կարենն էլ, Հայկն էլ մեծ համբավ ունեցան շախմատային աշխարհում։

Այսօր, քան երբևէ, մենք հայերս էլ ավելի հպարտությամբ ենք խոսում նրանց փառահեղ հաղթանակների մասին, իսկ իրենք համեստորեն լռում են, միայն մեղմ ժպտում, իսկ ամեն նոր մրցաշարերում ավելացնում են միավորները։

Ձեր շախմատասեր պապիկները, եթե կենդանի լինեին, կասեին՝ դուք մեր արժանի հետնորդներն եք․․․

Բրավո՜ ձեզ․․․

Աղյուսակ 1

Կարեն Գրիգորյանը քանի անգամ Հայաստանը ներկայացրել է տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի պատանեկան առաջնություններում։ Եվրոպայի պատանեկան առաջնությունների եռակի մրցանակակիր է.

• արծաթե մեդալ` 2010, Բաթում, Վրաստան, մինչև 16 տարեկաններ
• բրոնզե մեդալ՝ 2007, Շիբենիկ, Խորվաթիա, մինչև 12 տարեկաններ
• բրոնզե մեդալ՝ 2008, Հերցեգ Նովի, Չեռնոգորիա, մինչև 14 տարեկաններ

Մինչև 16 տարեկանների օլիմպիադաների քառակի մեդալակիր.
• թիմային և անհատական (1-ին խաղատախտակ) ոսկե մեդալներ՝ 2010
• թիմային արծաթե և անհատական (1-ին խաղատախտակ) ոսկե մեդալներ՝ 2011

2014 թվականին Լեհաստանի Կատովիցե քաղաքում դարձել է ուսանողների աշխարհի փոխչեմպիոն։

Մի քանի անգամ մրցանակային տեղեր է զբաղեցրել նաև մեծահասակների մրցաշարերում.
• 2011, Կիրիշի, Ռուսաստան` 1-ին տեղ
• 2012, Ալբենա, Բուլղարիա` բաժանել է 1-ին տեղը (Վլադիմիր Հակոբյանի, Տիգրան Լ. Պետրոսյանի, Տամիր Նաբատիի և Իվան Չեպարինովի հետ)
• 2013, Երևան, Հայաստան (Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար)` բաժանել է 2-րդ տեղը (Մարտին Կրավցիվի հետ)
• 2013, Սիտխես, Իսպանիա` 1-ին տեղ
• 2013, Մարտունի, Հայաստան («Սևանա լիճ-2013» մրցաշար)` 1-ին տեղ
• 2014, Ջերմուկ, Հայաստան (Կարեն Ասրյանի հուշամրցաշար)` 1-ին տեղ
• 2014, Սանտ Մարտի, Իսպանիա` 1-ին տեղ
• 2014, Բադալոնա, Իսպանիա` 1-ին տեղ
• 2015, Մադրիդ, Իսպանիա, բաց մրցաշար (9-ից 8 միավոր)` 1-ին տեղ
• 2016, Լորկա, Իսպանիա, բաց մրցաշար (9-ից 8 միավոր)` 1-ին տեղ
• 2016, Ռոկետաս դե Մար, Իսպանիա, բաց մրցաշար (7½ 9-ից)` 1-ին տեղ
• 2016, Լա Ռոդա, Իսպանիա, 43º Torneo Internacional de Ajedrez de La Roda մրցաշար (7½ 9-ից)` 1-ին տեղ
• 2016, Մոստոլես, Իսպանիա, արագ շախմատի Ciudad de Móstoles մրցաշար (8 9-ից)՝ 1-ին տեղ
• 2016, Սաբադել, Իսպանիա, բաց մրցաշար (7 9-ից)՝ 1-ին տեղ
2015 թվականի հունվարին, 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, դարձել է Հայաստանի չեմպիոն։ Այդ հաղթանակի շնորհիվ առաջին անգամ ընդգրկվել է Հայաստանի հավաքական, որի կազմում նույն թվականի նոյեմբերին մասնակցել է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում Եվրոպայի թիմային առաջնությանը։ Որպես պահեստային խաղացող հայտավորված Կարենն անցկացրել է ընդամենը երեք պարտիա, որոնցից երկուսն ավարտել է ոչ-ոքի և կրել մեկ պարտություն։ Սակայն թիմային հաշվարկում հավաքականի մյուս անդամների հետ նա արժանացել է արծաթե մեդալի։

2023 թվականի հոկտեմբերին Կարեն Գրիգորյանը, 9 հնարավորից վաստակելով 7½ միավոր, դարձել է «Երևան օփեն 2023» 5-րդ միջազգային մրցաշարի հաղթող։
2021 թվականի հունվարին հասել է իր անհատական վարկանիշի գագաթնակետին՝ 2666։

Կոչումներ

• 2007՝ վարպետության թեկնածու
• 2010՝ ՖԻԴԵ-ի վարպետ
• 2011՝ միջազգային վարպետ
• 2013՝ գրոսմայստեր

Աղյուսակ 2

2011 թվականին, հաղթելով Եվրոպայի մինչև 12 տարեկանների առաջնությունում Հայկ Մարտիրոսյանը դարձել է ՖԻԴԵ-ի վարպետ ։ Հաջորդ տարի նա կրկնել է իր հաջողությունը` դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն նույն տարիքային խմբում ։

2013 թվականին Հայկ Մարտիրոսյանը դարձել է կայծակնային շախմատի մինչև 14 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։

Միջազգային վարպետի կոչման արժանացել է 2014 թվականին՝ մի քանի ամսում լրացնելով երեք նորմերը։ Առաջին նորմը լրացրել է Մինսկում կայացած Դավիդ Բրոնշտեյնի հուշամրցաշարում, երկորդը` Երևանում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում` միաժամանակ լրացնելով գրոսմայստերի առաջին նորմը, իսկ երրորդը` Կիրիշիում անցկացված Վանյա Սոմովի հուշամրցաշարում։

2016 թվականին «Աերոֆլոտ օփեն» մրցաշարում Հայկը լրացրել է գրոսմայստերի երկրորդ նորմը։ 2017 թվականի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարում նա երրորդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորմը, և նույն թվականին Թուրքիայի Անթալիա նահանգի Գյոյնուք ավանում կայացած ՖԻԴԵ-ի 88-րդ կոնգրեսում նրան շնորհվել է գրոսմայստերի կոչում։

2016 թվականին, մասնակցելով մինչև 16 տարեկանների աշխարհի առաջնությանը (Խանտի Մանսիյսկ), Հայկը տարավ 7 հաղթանակ, 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի և 11 հնարավորից վաստակելով 9 միավոր` դարձավ աշխարհի չեմպիոն։

2018 թվականի հունվարին Հայկ Մարտիրոսյանը, մասնակցելով Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը, 10 հնարավորից վաստակեց 7 միավոր և դարձավ հանրապետության չեմպիոն։ Այդ հաղթանակով նա իրականացրեց իր երազանքը` նվաճելով Հայաստանի հավաքականի ուղեգիր։

Նաթելա Մարտիրոսյան

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի,
Արարատի մարզ, գյուղ Բյուրավան

«Առավոտ» օրաթերթ
16.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment