Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում Իրանի դեսպանի հնչեցրած մտահոգություններին։
Մասնավորապես, դեսպանն ասել էր․ «Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, թե Հայաստանը դառնում է կենտրոն՝ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։ Մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն, եւ նրանց համար կանաչ լույս է վառվում, որպեսզի գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ, հանդես գան անհարգալից ու վիրավորական հայտարարություններով»։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ Իրանից հնչող հայտարարությունների նկատմամբ ՀՀ իշխանությունները շատ ուշադիր են։ «Ամեն ինչ արել ենք եւ կշարունակենք անել՝ Իրանի Իսլամական հանրապետության՝ մեզ համար բարեկամական եւ եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ։
Դուք տեղյակ եք, որ 2018-ից այս կողմ Հայաստանում երբեք որեւէ տեղ հանրահավաք չի արգելվել։ Եվ մենք չենք կարող առանձին վերցված մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետեւ դա արդեն իրողություն է։
Այլ բան, որ մենք, այո, կիսում ենք, որ արտահայտման ձեւերը չպետք է խաթարեն ոչ Իրանի, ոչ որեւէ այլ դեսպանատան աշխատանքը։ Եվ մենք ուշադիր կհետևենք, այդ թվում՝ մտահոգություններին կապված այդ իրավիճակի հետ։ Եվ մեր ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում բոլոր միջոցները կապահովենք, կձեռնարկենք, որպեսզի բարեկամական եւ եղբայրական Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատան գործունեության հետ կապված որեւէ խնդիր չառաջանա։ Եվ ընդհակառակը՝ այն մարդիկ, ովքեր օրենքի գիծը կանցնեն, նրանց նկատմամբ կիրականացվեն համապատասխան վարույթներ։ Ես գիտեմ, որ վարչական վարույթներ են հարուցված մի քանի դեպքերով»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Իրանի դեսպանի հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրանական կողմի հետ դեռեւս օգոստոսին շատ հանգամանալից ու մանրամասն զրույց են ունեցել․ «Եվ ես կարծում եմ, որ մենք բոլոր հարցերի պատասխանները տվել ենք, բայց մենք նաեւ ասել ենք,որ հետագայում հարցեր ծագելու դեպքում մենք պատրաստ ենք բոլոր հարցերին պատասխանել, եթե հրապարակված տեքստից հետո այլ հարցեր նույնպես ծագում են»։
Ամբողջական տեսանյութ՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: