Սինանյան. Իրանում բողոքի ցույցերի և անկարգությունների ժամանակ 2 հայ է զnhվել

Սինանյան. Իրանում բողոքի ցույցերի և անկարգությունների ժամանակ 2 հայ է զnhվել

15 հունվարի 2026 – 15:41 AMT

PanARMENIAN.Net – Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է, որ Իրանում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների արդյունքում զոհվել է 2 հայ:

«2 հայ է զոհվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ մեկ զոհի մասին տեղեկությունը հաստատված է եղել ավելի վաղ, իսկ երկրորդ դեպքը ևս այժմ հաստատվում է։

«Մեկ զոհը հաստատված էր, երկրորդ զոհն էլ, կարծես, հաստատվել է։ Խոսվում է ավելի մեծ թվերի մասին, բայց հստակ որևէ տեղեկություն չունենք»,-նշել է նա։

Սինանյանը հավելել է, որ ներկայում Իրանում Հայաստանի դեսպանատունը և տեղի հայկական համայնքը լիարժեք կապի մեջ չեն, և իրենք տեղեկատվություն ստանում են միայն Իրանից ժամանող ուղևորներից։

Զարեհ Սինանյանը նշել է, որ իրենք աշխատում են հնարավոր բոլոր ուղիներով՝ ճշգրիտ տվյալներ ստանալու և անհրաժեշտ աջակցության միջոցներ գտնելու ուղղությամբ։

Իրանում բողոքի ցույցերի ընթացքում մոտ 2000 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել էր Reuters-ը իրանցի պաշտոնյայի վրա հղումով:

Հունվարի 11-ին Իրանի ուժային կառույցները հայտարարել են հիմնական կազմակերպիչների ձերբակալման մասին, սակայն չեն բացահայտել ձերբակալվածների հստակ թիվը։ Ազգային ոստիկանության ղեկավար Ահմադ-Ռեզա Ռադանը նշել է, որ բոլոր անհրաժեշտ իրավական գործընթացներից հետո նրանք կստանան պատիժ։

Leave a Comment