Պարոն Պուտին, թույլ մի տվեք, որ Թրամփը նվաստացնի Ձեզ, ԱՄՆ-ը՝ Ռուսաստանին, ինչ էլ որ արժենա թույլ չտալու գինը. 2

Արժանապատվությունը կյանքից էլ վեր է

 

Սկիզբը՝ այստեղ 

 

 

Անշուշտ, հեռու եմ այն մտքից, որ վերնագրով արտահայտվածը գիտակցում է միայն տողերիս հեղինակը: Դա գիտակցում և թեև ոչ այսպիսի սրությամբ, բայց արտահայտվում են նույնիսկ Ռւսաստանում: Ահավասիկ. ՌԴ Պետդումայի պատգամավորները կոչ են արել կոշտ պատասխան տալ անպատժելիությունից, մեղմ ասած, լկտիացած ԱՄՆ-ի կողմից հունվարի 7-ին ռուսական «Marinera» նավթատար նավի գրավմանը:

ՌԴ Պետդումայում ռուսական դրոշի ներքո նավարկող նավի կալանման, զավթման հետ կապված միջադեպը գնահատել են որպես պետական ծովահենության ակտ և ոտնձգություն երկրի ինքնիշխանության դեմ: Պատգամավորները վստահ են, որ ԱՄՆ-ի անպատժելիությունը պահանջում է անհապաղ և հնարավորինս կոշտ արձագանք:

Պետդումայում կտրուկ են արձագանքել ամերիկյան զինվորականների կողմից «Marinera» նավթային լցանավի գրավմանը, որն ընթանում էր Ռուսաստանի դրոշի ներքո: Պատգամավորները միջադեպն անվանել են «ծովահենություն» և հայելային միջոցների կոչ արել, ընդհուպ մինչև զենքի կիրառում և Սև ծովի լիակատար շրջափակում: RTVI-ն ներկայացրել է  խորհրդարանականների հայտարարությունները։

Պետդումայի պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Գուրուլևը RTVI-ին տված  մեկնաբանություններում հայտարարել է, որ ժամանակն է, որ Ռուսաստանը դադարի վախենալ և պատասխանի ԱՄՆ-ի գործողություններին «առավելագույն հասկանալի» միջոցներով: Նրա կարծիքով, նավի գրավումը վկայում է, որ ՌԴ ռազմավարական պլանավորումը «թռել է», իսկ Դոնալդ Թրամփը «էյֆորիայից խելքը թռցրել է»:

Անվարան ստորագրում եմ ինչպես գեներալ Գուրուլևի վերոնշյալ եզրահանգման, այնպես էլ սույն հոդվածում նշված մյուս պատգամավորների հայտարարությունների և առաջարկությունների ներքո՝ ունենալով նրանց հայտարարության բազմաթիվ ու լիովին բավարար հիմնավորումներ: Այդ թվում և հիմնավորումը նրա, որ Թրամփն ինչպես նախկինում Իրանի, օրերս էլ Վենեսուելայի (ի դեպ, երկուսն էլ ՌԴ դաշնակից պետություններ) ռազմավարական նշանակության թիրախներին ԱՄՆ-ի հասցրած կայծակնային ու բավական հաջողված հարվածներից ու նույնիսկ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումից հետո չափազանց լկտիացել է և անպատժելիությունից գործում է ամենաթողության ոգով, իրոք, էյֆորիայի մեջ է և խելքը թռցրել է այն աստիճան, որ իրեն հաշիվ չի տալիս հնարավոր հետևանքների մասին, ընդհուպ մինչև միջուկային սպառազինության լայնամասշտաբ կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման, որի դեպքում անխուսափելիորեն շանսատակ է լինելու:

«Այսօր լավ զգայուն հարված է պետք, և դրանից պետք չէ վախենալ։ Այնպիսին, որ բոլորը կանգնեն ականջների վրա: Իսկ հետո կխոսենք»,- ընդգծել է Գուրուլևը։

Որպես պատասխան միջոցներ, Գուրուլևն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Ուկրաինա զենք առաքող ՆԱՏՕ-ի անդամ պետությունների նավերի դեմ և ամբողջությամբ արգելափակել նավագնացությունը Սև ծովում և Բալթիկայում։ Պատգամավորն անհրաժեշտ է համարում «կանգնեցնել, զննել և նույնիսկ խորտակել» Օդեսայի և Նիկոլաևի նավահանգիստներ գնացող նավերը, ինչպես նաև հարվածներ հասցնել գերմանական «Rheinmetall» կոնցեռնի գործարաններին, որոնք զինամթերք են արտադրում Ուկրաինայի զինված ուժերի համար (անհասկանալի է մնում՝ «Rheinmetall»-ի՝ Եվրոպայո՞ւմ, թե Ուկրաինայում գտնվող գործարանները նկատի ունի, քանի որ Ուկրաինայում «Rheinmetall»-ի գործարանի, որի աշխատանքը նախատեսված է այս տարի, կառուցման ավարտի մասին տեղեկություն դեռ չունենք): Բացի այդ, պատգամավորը հնարավոր է համարել հայելային գրոհներ ԱՄՆ-ից Եվրոպա ուղևորվող և հեղուկացված բնական գազ տեղափոխող նավերի վրա։

Պետդումայի պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Ժուրավլյովը միջադեպը որակել է «ռուսական տարածքի դեմ մահափորձ», քանի որ նավն ընթացել է ՌԴ դրոշի ներքո: Նա վստահ է, որ «անպատժելիության էյֆորիայի» մեջ գտնվող ԱՄՆ-ին կանգնեցնել հնարավոր է միայն ուժով։

«Տորպեդոներով գրոհել, ամերիկյան առափնյա պահպանության մի քանի նավակներ խորտակել… Բոլոր կասկածներից վեր է, որ դրան պետք է պատասխանել կոշտ և օպերատիվ. մեր ռազմական դոկտրինը, ի պատասխան նման բանի, ենթադրում է նույնիսկ միջուկային զենքի օգտագործում»,- հայտարարել է պատգամավորը:

Ժուրավլյովը նշել է, որ ԱՄՆ-ն իր ագրեսիվ գործողություններով փորձում է փոխարինել միջազգային իրավունքը և գլխավոր սպառնալիքն է ներկայացնում մոլորակի անվտանգության համար:

Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին ТАСС-ին հայտնել է, որ ռուսական «Marinera» նավթային լցանավի գրավումը ծովային իրավունքի, ՄԱԿ-ի կոնվենցիաների խախտում է:

«Դա 21-րդ դարի ծովահենություն է անգլոսաքսերի կողմից։ ԱՄՆ-ն ավելի ու ավելի է գործում «ուժի իրավունքով»՝ անտեսելով «իրավունքի ուժը»»,- հայտարարել է Սլուցկին:

«Marinera» նավթատար նավն (նախկինում՝ «Bella 1») Ատլանտյան օվկիանոսում հունվարի 7-ին կալանվել ու զավթվել է ամերիկացի զինվորականների կողմից՝ ՆԱՏՕ-ի անդամ մի քանի պետությունների և, հատկապես, Մեծ Բրիտանիայի աջակցությամբ, ամերիկյան պատժամիջոցները խախտելու մեղադրանքով։ Պատժամիջոցներ, որոնք անօրինական են և իրեն համաշխարհային ժանդարմի դեր վերապահած ԱՄՆ-ի կողմից ընդունվել են միջազգային իրավունքի կոպտագույն խախտմամբ: ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտարարել է, որ նավի անձնակազմին քրեական մեղադրանքներ են սպառնում, իսկ նավը կբռնագրավվի: Նավի անձնակազմը գերեվարվել է ու տարվել ԱՄՆ: Ռուսաստանի ԱԳՆ-ն պահանջել է հայրենիք վերադարձնել անձնակազմի անդամներին, որոնց թվում են, ըստ ԶԼՄ-ների, երկու ռուս, 20 ուկրաինացի և Վրաստանի վեց քաղաքացի:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

 

 

Leave a Comment