«Արմինեի գրադարանից»՝ արցախյան բանակցությունների որոշ փաստաթղթերի հանրայնացում, դատապարտյալների առողջության նկատմամբ անուշադրությունից՝ Կալիֆոռնիայում ուս-ուսի տված «ուռող» հայ ամուսիններ։
Սրանք «Առավոտի» 2025-ի հոդվածների թեմաներից մի քանիսն են։
«Առավոտի» գրիչը հեղինակել է հարցադրումներ առաջացնող հոդվածներ, վերհանել հրատապ խնդիրներ, վերլուծել մի շարք քաղաքական, հասարակական եւ հոգեւոր զարգացումներ, անցկացրել բազմաթիվ կարեւոր հարցազրույցներ, կիսվել հիշողություններով։
Ի՞նչ ենք առաջարկում վերընթերցել տարեմուտին։
Գոհար Հակոբյանի հարցազրույցները մտավորականների հետ
«Ես կարեւորում եմ այս տարվա ոչ թե մեկ հոդված, այլ հոդվածաշարը, որտեղ անվանի մտավորականները խոսում են Հայ Առաքելական Եկեղեցու դերի, Վեհափառ Հայրապետի մասին, որը մեծ դերակատարություն ունի համազգային խնդիրների լուծման եւ հանրային համերաշխության ու համախմբման առումով: Ինչո՞ւ եմ կարեւորում հոդվածների այդ շարքը, որովհետեւ Հայ Առաքելական Եկեղեցին մեր ինքնության, ազգային արժեքների պահապանն է ու մեր պետության կարեւորագույն ինստիտուտն ու հիմնասյունը: Ցավոք, այսօրվա իշխանությունները հակաեկեղեցական արշավ են սկսել, որը վստահաբար պետք է ավարտվի իրենց պարտությամբ, որովհետեւ 1700 եւ ավելի մեծ ճանապարհ անցած ինստիտուտին չեն կարող հաղթել հարափոփոխ իշխանությունները», – ասում է Գոհար Հակոբյանը։
Հոդվածաշարի շրջանակում Հակոբյանը զրուցել է մտավորականներ Լեւոն Չուգասզյանի, Միքայել Բադալյանի, Աշոտ Մելքոնյանի, Փարավոն Միրզոյանի, Ռուդոլֆ Խառատյանի, Հովիկ Ավանեսովի, Սմբատ Լպուտյանի, Մայիս Մխիթարյանի, Աննա Ասատրյանի եւ Լիլիթ Արզումանյանի հետ։
Մի կողմից՝ ավանդույթներ, մյուս կողմից՝ մարիխուանայի օգտագործման բարձր տոկոս․ Լուսինե Բուդաղյանի անդրադարձը Կալիֆոռնիայից
««Թմրամիջոց օգտագործո՞ւմ եք», – հարցրեց բուժաշխատողը, երբ լրացնում էր առողջությանս վերաբերյալ հարցաթերթիկը։ «Դե կանեփ էլի», – տեսնելով զարմացած հայացքս՝ պարզաբանեց ազգությամբ հայ բուժքույրը։
Նոր-նոր Միացյալ Նահանգներ տեղափոխվածիս համար բավականին անսովոր էր ամենուր շնչել մարիխուանայի բույրն ու բացեիբաց տեսնել այն օգտագործողներին։
Այսպես է սկսվում «Առավոտի» ԱՄՆ թղթակից Լուսինե Բուդաղյանի «Մարիխուանայի հետապնդող բույրն ու Հոլիվուդում ուս ուսի տված «ուռող» հայ ամուսինները» վերտառությամբ հոդվածը»։
Բուդաղյանը Կալիֆոռնիայից պատմում է․ «ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում, միջավայրը, որտեղ ապրում եմ, մեծ մասամբ հայկական է: Երբեմն կատակում եմ՝ ավելի հայկական, քան Հայաստանում: Կան ավանդույթներ, որոնք այստեղ ավելի լավ են պահպանված, քան մեր երկրում: Մի կողմից սա ապահովության զգացում է տալիս, բայց նաեւ անսովոր է, որ հայկական ավանդույթներ ունեցող ընտանիքներում մարիխուանայի օգտագործումն այդքան բարձր տոկոս է կազմում՝ այս դեպքում նաեւ կանանց մասով: Հենց այս հանգամանքն էլ առիթ հանդիսացավ հոդվածը գրելու:
Կալիֆոռնիայի օրենսդրությամբ կանեփի օգտագործումը թույլատրելի է, հետեւաբար, նյութում պարզապես մտահոգություն է, ոչ թե հանցագործության բացահայտում, որպեսզի ինչ-որ լուրջ հետեւանքներ լինեին: Այստեղ, կարծում եմ, բոլոր հայերիս համար դժվարությունները գրեթե նույնն են` երկմշակութային բախումը, որը ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեբանական խնդիրներ է ստեղծում: Այդ ամենը հաղթահարելու համար մարդիկ արագ լիցքաթափվելու միջոցներ են գտնում, ոմանք նաեւ այս ճանապարհով:
Վատն այն է, որ ժամանակի ընթացքում քեզ համար էլ է երեւույթը սովորական դառնում` մինչեւ որ հաջորդ, Հայաստանից նոր եկած հայի զարմացած հայացքը չես տեսնում, երբ ամենուրեք նման բույր ու տեսարանի ես ականատես լինում»:
Արմեն Դավթյանը բարձրաձայնեց դատապարտյալների առողջական խնդիրների մասին
«Գիշերը բժիշկ ես կանչում, մեկուկես-երկու ժամ է անցնում՝ հազիվ տեղ են հասնում», – բողոքեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը՝ Արմեն Դավթյանի հետ զրույցում։
Դավթյանի հոդվածաշարից տեղեկանում ենք, որ չնայած դատապարտված կանանց առողջության նկատմամբ ուշադրությունը բարելավվել է, տղամարդկանց համար խնդիրները մնում են չհասցեագրված։
«Մինչեւ մահամերձ չես լինում՝ սկորի չեն կանչում», – նշեց Դավթյանի զրուցակիցներից մեկը։
«Արմինեի գրադարանը»՝ Նունե Արեւշատյանի բացահայտմամբ
«Արմինեի գրադարանը» յուրահատուկ գողտրիկ անկյուն է Գյումրու սրտում։
Երիտասարդ Արմինեի մահից հետո «Link» ընկերության հիմնադիր Արտակ Գեւորգյանը Արմինեի հիշատակը վառ պահելու համար կատարում է նրա երազանքը՝ հիմնում գրադարան, որի մասին պատմել է մեր Շիրակի մարզային թղթակից Նունե Արեւշատյանը։
«Ինչպես վատնել հարկատուների փողերը. ուղեցույց օրենսդիր մարմնից»․ Մելանյա Բարսեղյանի հոդվածը
1,5 x 2 մ չափսով 180 հատ դրոշի տեղադրում հյուրանոցի ներսում: Արժեքը՝ 9 մլն 360 հազար դրամ: Վեց ամբիոն՝ 969,600 դրամ։ 153 հատ 3 բնիկով երկարացման լար՝ 3 մլն 499 հզր 875 դրամ։
Այս թվերը զվարճալի կթվային, եթե շվայտ ապրելակերպ ունեցող մի գործարարի կազմակերպած միջոցառման ծախսեր լինեին, բայց զվարճանալու ցանկությունն իր տեղը զիջում է ապշանքին, երբ պարզում ես, որ վերոգրյալը մեր՝ հարկատուներիս, հաշվին կազմակերպված միջոցառման ծախսերի մի փոքրիկ մասն է միայն։
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի վրա ՀՀ ԱԺ-ն այդ օրվա կուրսով ծախսեց մոտ 840 հազար դոլար։
Ոչ-խնայողական այս ծախսի մասին հոդվածի հեղինակ Մելանյա Բարսեղյանն անկեղծանում է․ «Այս հոդվածի վրա բավականին ժամանակ եւ էներգիա եմ ծախսել: Էներգիա ծախսել ասելով՝ այս դեպքում նկատի ունեմ այն սթրեսի հասցնող զարմանքը, որն ապրում էի հոդվածի մեջ առկա փաստերն ու թվերը ստուգելով եւ համադրելով, ու հասկանում, թե որքան հեշտությամբ են փոշիացնում մեր՝ հարկատուներիս, կողմից պետբյուջե մուծված գումարները տարբեր մակարդակի չինովնիկները:
Խոսքը ոչ միայն անտնտեսվարության, անքթածակության եւ անիմաստ ծախսեր անելու մասին է: Խորը համոզմունք ունեմ, որ ամեն նման պայմանագրի հետեւում թաքնված են որոշակի շահեր եւ օգուտներ: Կարծում եմ՝ ընթերցողներն էլ դա պարզ կտեսնեն:
Ցավն այն է, որ այս տիպի բազմաթիվ հոդվածներ են գրվել եւ գրվում տարբեր լրատվամիջոցներում, եւ դրանք բոլորը գրեթե 100%-ով մնում են անարձագանք, իսկ չինովնիկները շարունակում են նույն ոգով եւ ավելի մեծ ախորժակով ծախսել, կասեի նույնիսկ՝ քամուն տալ բյուջեի գումարները»։
«Դեպքի անդրադարձը եւ մամուլի հրապարակումներն են նաեւ նպաստել, որ երեխաները արագ դուրս հանվեն այդ ընտանիքից»․ Արփինե Սիմոնյան
«Ծափաթաղում երեքամյա Տիգրանի ահասարսուռ սպանության դեպքից հետո Փառանձեմ Վաթյանի կյանքը գլխիվայր շուռ եկավ: Որդու՝ Տիգրանի հենց հուղարկավորության օրը Փառանձեմը «զրկվեց» միանգամից 5 երեխայից: Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության եւ հոգաբարձության մարմինը հրատապ նիստով որոշեց նրա 4 երեխաներին ուղարկել Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոն»», – կարդում ենք Արփինե Սիմոնյանի հոդվածում։
Հեղինակը շարունակում է․ «Վարդենիս համայնքի սոցիալական աշխատողներ են հաճախակի այցելում Փառանձեմին, նրա հետ աշխատում է հոգեբանը. «Այսօր երրորդ այցն եմ կատարել, արդեն փոփոխություն եմ տեսնում Փառանձեմի մոտ: Էն առաջին օրվա պես ինքն իր մեջ փակված չէ, խոսում է»։
«Այս ընտանիքի դժբախտության մասին սա միակ նյութը չէր, այս հարցազրույցին նախորդել է հենց երեխայի սպանության բացահայտման օրը այս ընտանիքի երեխաների՝ ՀՕՖ տեղափոխման մասին նյութը: Ու կարծում եմ՝ դեպքի անդրադարձը եւ մամուլի հրապարակումներն են նաեւ նպաստել, որ երեխաները արագ դուրս հանվեն այդ ընտանիքից, որտեղ, ըստ փորձագետների, երեխաները ստացել են հոգեբանական ու հոգեկան մի շարք խնդիրներ», – ասում է Սիմոնյանը։
Սերժ Սարգսյանի նամակը՝ Էմմա Գաբրիելյանի խոշորացույցի տակ
Հանրային հնչեղություն ստացավ նաեւ Կառավարության կողմից հրապարակված 2016-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը, որը վերլուծում է Էմմա Գաբրիելյանը։
«Սերժ Սարգսյանի նամակի բացահայտմամբ իշխանությունները նրան ամենեւին էլ «վատություն» չեն արել: Ընդհակառակը, այդ նամակը ցույց է տալիս, որ այն ժամանակվա իշխանությունն ամեն կերպ փորձել է պահել Արցախի ու արցախցիների իրավունքները», – իր հոդվածում գրում է Գաբրիելյանը։
Քաղաքական հետապնդումները եւ բռնաճնշումները Հայաստանում․ Նելլի Գրիգորյանի հոդվածաշարը
«Հայաստանի նորագույն պատմության մեկնարկին քաղաքական բռնաճնշումներն ու հետապնդումները տարբեր ձեւերով արտահայտվել են՝ սկսած խորհրդային վարչակարգի գաղափարական վերահսկողությունից մինչեւ անկախ պետականության առաջին տարիների ներքաղաքական բախումները։ Դրանք ոչ միայն սահմանել են քաղաքական դաշտի կառուցվածքը, այլ հետք են թողել հասարակական գիտակցության վրա։ Նորանկախ Հայաստանի գոյության տարիներին քաղաքական հետապնդումները եւ բռնաճնշումները մեր կյանքի յուրօրինակ ուղեկիցը դարձան՝ ամենատարբեր դրսեւորումներով։ Դրանք զարգացման գագաթնակետին էին հասնում հատկապես նախընտրական եւ հետընտրական փուլերում», – այսպես է մեկնարկում իր «Քաղաքական հետապնդումները եւ բռնաճնշումները Հայաստանում» խորագրով հոդվածաշարը Նելլի Գրիգորյանը։
Շարքի արդեն չորս հոդված հասանելի է մեր կայքում։ Հաջորդ հոդվածները՝ գալիք 2026-ին։
Չլռելու եւ չհաշտվելու մասին
«Սա կյանք է՝ շրջապատված անվերջանալի մահերով եւ հույսին կառչելու անկոտրում պայքարով, անգամ այն ժամանակ, երբ իրավիճակը թելադրում է, որ հուսալու տեղ այլեւս չի մնացել», – հուլիսին, երբ Գազայում Իսրայելի պատերազմը դեռ չէր ավարտվել, տողերիս հեղինակի հետ զրույցում պատմեց պաղեստինցի ֆոտոլրագրող Ռամեզ Հաբբուբը։
Պաղեստինցիների գոյութենական կռվին անդրադառնալու եւ հենց Պաղեստինում բնակվող զրուցակից գտնելու որոշում կայացրի, քանի որ Հայաստանում (կամ գուցե ողջ աշխարհում) ահագնանում է ընդհանուր անտարբերությունը։ Դա, ըստ իս, կործանում է հասարակությանը։ Իսկապես առանձին քաղաքացիները գործնականում օժտված չեն ո՛չ ներհայաստանյան, ո՛չ արտաքին իրողությունները դեպի բարին շրջելու կարողությամբ։ Անգամ այս պայմաններում, սակայն, կարծում եմ պետք է գրել, պետք է խոսել, պետք է աղոթել հանուն բոլոր տառապյալների՝ լինեն նրանք հայրենազրկված արցախցիները, Բաքվի հայ պատանդները, պաղեստինցի ժողովուրդը կամ աշխարհի խուլ կետերից մեկում չարչարանքի ենթարկվող այլ ժողովուրդներ կամ անձինք։ Չլռել, չլռել եւ պարզապես չլռել։ Չհաշտվել, չհաշտվել եւ պարզապես չհաշտվել։
Աննա Իսրայելյանը վերջակետեց 30 տարի առաջ անավարտ թողած հոդվածը
Եւ վերջում անդրադառնանք ամռանը «Առավոտի» «բռնի տեղահանմանը» Մամուլի շենքից։ Մի ամբողջ խմբագրություն ստիպված էր դուրս գալ մամուլի իսկ համար նախատեսված շենքից։
«Հարկադրված էի արխիվս կարգի բերել: Դե, «Առավոտը» պարտադրված լքեց Մամուլի շենքում իր խմբագրության տարածքը, որում գործել էինք 31 տարի, ու բոլորս իրերը հավաքեցինք՝ ընտրություն անելով, թե ինչն ենք տանում, ինչը նետում», – գրում է առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանը, որն իրերը հավաքելու ընթացքում հայտնաբերեց անավարտ, ձեռագիր մի հոդված։
«Սենտիմենտալ պատմություն Երեւանի, Պրահայի ու հայրենաբաղձության մասին. 1995 թվական» հոդվածն ամփոփվեց եւ հրատարակվեց 30 տարի անց միայն։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Գլխավոր լուսանկարում՝ Մամուլի շենքը, որտեղ նախկինում գտնվում էր «Առավոտ» օրաթերթի խմբագրությունը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:






