Նոր տարին՝ էլեկտրոնային անվճար վիզաներով․ Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական անձնագիր ունեցողների համար հեշտացրել են գործընթացը

Հայաստանն ու Թուրքիան հեշտացրել են դիվանագիտական հատուկ և ծառայողական անձնագիր ունեցողների համար վիզաների տրամադրման գործընթացը։ Հունվարի 1-ից այս խմբի անձինք կարող են էլեկտրոնային վիզա (e-visa) ստանալ անվճար: Սա, արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքով, «սիմվոլիկ» քայլ է՝ շարունակելու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը 2025-ն ամփոփող հարցազրույցում  Հայաստան–Թուրքա հարաբերությունների մասին խոսելիս ակնարկեց, որ մինչև 2026-ի տարեսկիզբ հարաբերությունների կարգավորման նոր ազդակ կլինի։

«Օրինակ՝ կարող եմ ասել, որ սիմվոլիկ մի քայլ կարող ենք տեսնել մինչև տարվա սկիզբ»։

Այս հայտարարությունից ժամեր անց Արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց՝ 2026 թ. հունվարի 1-ից երկու երկրների դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագիր ունեցող անձինք կարողանալու են էլեկտրոնային վիզա (e-visa) ստանալ անվճար: Հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Հայաստանն ու Թուրքիան որոշել են հեշտացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցողների համար՝ փոխանցում են Արտգործնախարարությունից: Արարատ Միրզոյանը թեև կոնկրետ ժամկետներ չի նախանշում, բայց ակնկալում է, որ 2026-ի առաջին կեսին սահմանը բացելու և Գյումրի-Կարս երկաթուղային հանգույցը գործարկելու ուղղությամբ նորություններ կլինեն։

«Շատ ինտենսիվ և շատ դրական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ, բայց ասել եմ, նորից եմ ուզում ընդգծել՝ ժամանակն է, որ ունենանք մեծ, շոշափելի, կոնկրետ առաջընթաց գետնի վրա։ Հիմա մենք կարող ենք ասել, որ բոլորովին վերջերս՝ մեկ ամիս առաջ, օրինակ, ի թիվս այլ իրադարձությունների, տեղի ունեցավ Գյումրի-Կարս երկաթուղային հանգույցի գնահատման ուղղությամբ աշխատող փորձագիտական խմբի հանդիպումը»։

Միրզոյանի խոսքով՝ տարածաշրջանի նոր իրողությունները՝ ապաշրջափակումն ու «Թրամփի ուղու» շինարարությունը չեն կարող անտարբեր թողնել Թուրքիային։

«Անխուսափելիորեն ընթացող իրադարձություններ են, որովհետև շահավետ են Հայաստանի համար, շահավետ են Թուրքիայի համար, շահավետ են Ադրբեջանի համար, շահավետ են միջազգային բոլոր գործընկերների համար»։

Թուրքիայի նախագահ Էրդողանը մի քանի անգամ կրկնել է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վերջնական կարգավորման միակ խոչընդոտը Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս վերջնականապես չստորագրված խաղաղության համաձայնագիրն է ու ապաշրջափակումը։ Անցնող տարում Հայաստանի վարչապետն առաջին անգամ պաշտոնական այցով Թուրքիա մեկնեց, հանդիպեց Էրդողանի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Փորձագիտական շրջանակներն ու Փաշինյանը պատմական որակեցին այդ իրադարձությունը․

«Այն փաստը, որ այցը տեղի է ունենում, արդեն պատմական է։ Իմիջիայլոց, երկու տարի առաջ  նման այցի լինելն արդեն չափազանցված սպասելիք կհամարվեր։ Գուցե նույնիսկ մի տարի առաջ, գուցե նույնիսկ վեց ամիս առաջ չափազանցված սպասելիք կհամարվեր։ Այսինքն, նկատի ունեմ, էդ ակնկալիքը արդեն իսկ արդարացել է, և իմ պատկերացրած ակնկալիքը այն է, որ այս այցը պետք է ապահովի միջպետական երկխոսության հետագա բնականոն ընթացքը, և մեր տրամադրվածությունը այդպիսին է։ Ես, իհարկե, ուզում եմ ասել նաև, որ պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին շնորհակալություն հայտնելու այս հրավերի համար, նաև պատրաստվում եմ հրավիրելու նրան՝ մասնակցելու Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այն, իմիջիայլոց, Երևանում տեղի է ունենալու նաև Թուրքիայի աջակցությամբ»։

Փաշինյանի այցից հետո՝ նոյեմբերի վերջին, Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Գյումրիում հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները, ԱԳՆ-ի փոխանցմամբ, քննարկելու Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման ու շահագործման տեխնիկական երկրորդ փուլը:

Նոյեմբերի սկզբին Հայաստան եկան Թուրքիայի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները՝ մասնակցելու «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի գործակցություն» խորագրով համաժողովին։ Թուրք լրագրող, T24 լրատվական կայքի քաղաքական հարցերով ավագ մեկնաբան Բարչըն Յինանչին «Ռադիլուր»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստան–Թուրքիա սահմանի բացումը բխում է նախ և առաջ Թուրքիայի ազգային շահերից։

«Իմ համոզմամբ՝ Թուրքիան և Հայաստանը պետք է անմիջապես բացեն իրենց սահմանները բնակչության համար։ Բայց սա ես որպես լրագրող և մեկնաբան եմ ասում, այդքան էլ վստահ չեմ, թե թուրքական կառավարությունն այդ փուլում է, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը շատ մտերիմ հարաբերություններ ունեն։ Ես գիտեմ, որ պարոն նախագահը ցանկանում է սերտորեն գործակցել… Կարծում եմ՝ դա Թուրքիայի ազգային շահերից է բխում, քանի որ կխթանի տնտեսական հարաբերությունները»։

Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական հատուկ և ծառայողական անձնագիր ունեցողների համար վիզաների տրամադրման գործընթացի կողմերը  վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ հասնելու հարաբերությունների լիարժեք կարգավորման առանց որևէ նախապայմանի ՝ ամփոփել է Արտգործնախարարությունը: 

Leave a Comment