Ուկրաինային աջակցելու գինը. մի՞ֆ, թե՞ բեռ ԵՄ-ի համար

Բրյուսելյան բանավեճերում եւ ազգային՝ հատկապես պոպուլիստական ​​​​արշավներում ամիսներ շարունակ կրկնվում է նույն երգը, իմա՝ «Ուկրաինային ֆինանսավորելը չափազանց թանկ է նստում» Եվրոպական միության վրա: Սակայն թվերը այլ բան են հուշում. ԵՄ-ն ներկայումս վճարում է մոտավորապես նույնքան, որքան կվճարեր, եթե Ռուսաստանը հաղթեր Ուկրաինայի դեմ պատերազմում եւ հարձակվեր ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միակ տարբերությունն այն է, որ վերջին սցենարը շատ ավելի մեծ ռիսկեր է պարունակում ԵՄ-ի համար։

Այս բանավեճն իր արտացոլումն է գտնում նաեւ նրանում, թե տարբեր լրատվամիջոցներ ինչ լույսի ներքո են ներկայացնում Ուկրաինային աջակցելու ֆինանսական բեռը։

Օրինակ՝ իռլանդական The Journal պարբերականը, որը PULSE անվամբ հայտնի եվրոպական խոշոր միջսահմանային լրագրողական նախաձեռնության մի մասն է, վերջերս հրապարակել է հոդված՝ մանրամասն թվերով հերքելով այն առասպելը, որ «Ուկրաինային ֆինանսավորելը Իռլանդիային միլիարդավոր եվրոներ է արժեցել»։ Միեւնույն ժամանակ, հունգարական կառավարամետ Origo լրատվական կայքի որդեգրած գիծը, թե «Ուկրաինայի վրա գումար ծախսելը նման է քամուն դեմ սերմ ցանելուն», կատարյալ օրինակ է նրա, թե ինչպես են կառավարամետ լրատվամիջոցները թիրախավորում հունգարացիների համար մարդասիրական եւ ռեալպոլիտիկ զգացմունքները:

Սակայն Եվրոպայում մեկ ընդհանուր միտում է նկատվում. ավելի ու ավելի շատ քաղաքական գործիչներ են նախընտրական քարոզարշավների ժամանակ պնդում, թե Ուկրաինայում պատերազմի ֆինանսական բեռն իրենց երկրների եւ ԵՄ-ի համար դարձել է անտանելի: Սա տեղի է ունենում վճռորոշ պահին, երբ Եվրոպան պետք է ստանձնի Ուկրաինայի պատերազմի ֆինանսավորման ամբողջական պատասխանատվությունը, որն արդեն շարունակվում է գրեթե նույնքան ժամանակ, որքան երկու համաշխարհային պատերազմները, եւ երբ Վաշինգտոնն առավելապես նահանջել է երկրորդ պլան: Սա, իր հերթին, լուրջ փորձություն է ԵՄ առաջնորդների՝ քաղաքական գործարքներ կնքելու ունակության եւ ԵՄ իրավական շրջանակի համար:

Ով է օգնություն տրամադրում Ուկրաինային

Քիլի ինստիտուտի «Ukraine Support Tracker» զեկույցի վերջին տվյալները ցույց են տալիս, որ Հունգարիան համեմատաբար քիչ է ծախսում Ուկրաինային աջակցելու համար՝ չնայած (կամ գուցե հենց այդ պատճառով) հարեւան երկրում պատերազմի անխուսափելիությանը։

Հունգարիայի ներդրումը կտրուկ հակադրվում է այն աջակցությանը, որը ցուցաբերում են Բալթյան եւ Հյուսիսային Եվրոպայի պակաս հարուստ երկրները՝ իրենց ՀՆԱ-ի համեմատ կրելով ամենածանր բեռը: «Միջին գոտում» բացառիկ առատաձեռն են Լեհաստանը, Չեխիան եւ Սլովակիան, մինչդեռ, բացարձակ թվերով արտահայտված, ամենամեծ աջակցությունն ապահովում են Գերմանիան եւ Ֆրանսիան։

Միջազգային վարկային կազմակերպությունների եւ դոնորների շրջանում, սակայն, առկա է լայն համաձայնություն առ այն, որ Ուկրաինային անհրաժեշտ է հնարավորինս հրատապ շարունակական աջակցություն: 2025 թվականի նոյեմբերի 26-ի իր հայտարարության մեջ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հստակ նշել է. «Անհրաժեշտ են դոնորների անհապաղ գործողություններ՝ իրացվելիության խնդիրները կանխելու համար»:

ԱՄՀ-ն նաեւ ընդգծում է, որ Ուկրաինայի բյուջետային եւ արտաքին ֆինանսական ռեսուրսների կարիքները զգալի են, իսկ ռիսկերը՝ «բացառիկ բարձր»՝ պատերազմի տեւողության եւ ինտենսիվության, ինչպես նաեւ աջակցություն ցուցաբերելու հարցում դոնորների տատանվողականության պատճառով։ Միեւնույն ժամանակ, Համաշխարհային բանկը ներկայացնում է կոնկրետ թվեր՝ 2025 թվականի համար Ուկրաինայի արտաքին ֆինանսավորման կարիքները գնահատելով 37 միլիարդ եվրո։ Այլ կերպ ասած՝ 2026 թվականի սկզբին Ուկրաինայի համար ֆինանսավորում ապահովելն արդեն իսկ հրատապ խնդիր է։

Քիլի ինստիտուտի վերջին տվյալները մտահոգիչ են, դրանք վկայում են 2025 թվականին ռազմական եւ պաշտպանական աջակցության կտրուկ կրճատման մասին: Ուկրաինան մուտք է գործում նոր տարի՝ 2022 թվականին պատերազմի սկսվելուց ի վեր ռազմական օգնության ամենաքիչ երաշխիքներով: Եվրոպան Ուկրաինային հատկացրել է ընդամենը մոտավորապես 4.2 միլիարդ եվրոյի նոր ռազմական օգնություն։ Քիլի ինստիտուտի վերլուծությունը զգուշցնում է, որ դա չափազանց քիչ է՝ ԱՄՆ աջակցության դադարեցումը փոխհատուցելու համար։

Միաժամանակ խորացել է անհավասարությունը Եվրոպայի ներսում։ Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան զգալիորեն ավելացրել են իրենց հատկացումները, սակայն հարաբերական առումով նրանք դեռեւս հետ են մնում Սկանդինավյան երկրներից։ Ի հակադրություն՝ Իտալիան եւ Իսպանիան միայն նվազագույն ներդրում են ունեցել:

Հատկանշական է, որ Գերմանիան առավելապես ֆինանսավորում է ՀՕՊ համակարգերի եւ տանկերի ձեռքբերումը, մինչդեռ Լեհաստանը, Չեխիան եւ Բալթյան երկրները մատակարարել են ծանր սպառազինության ամենամեծ քանակությունը։

Ինչ վերաբերում է Իռլանդիային, այս ամսվա սկզբին վարչապետ Միխոլ Մարտինը հայտարարեց հաջորդ հինգ տարիների ընթացքում Ուկրաինային լրացուցիչ 125 միլիոն եվրոյի ֆինանսական օգնության մասին՝ երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում։

«Ճանապարհային քարտեզը» ներառում է ոչ մահացու ռազմական սարքավորումների ձեռքբերման համար լրացուցիչ 100 միլիոն եվրոյի հատկացում՝ նախկինում հայտարարված 100 միլիոն եվրոյից զատ: Իռլանդիան նաեւ 25 միլիոն եվրո է տրամադրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանը եւ պաշտպանությանը։

Այս տարի Իռլանդիայի կառավարությունն արդեն հայտարարել էր մոտ 35,4 միլիոն եվրոյի հատկացման մասին՝ մարդասիրական եւ կայունացման նպատակով:

Հարկ է նշել, որ փախստականների հետ կապված ծախսերը հատկապես մեծ են Գերմանիայի, Լեհաստանի, Ռումինիայի եւ Չեխիայի կողմից։

Որքա՞ն է ծախսում ԵՄ-ն Ուկրաինայի վրա. թվեր

Եվրոպական խորհրդարանական հետազոտական ​​ծառայության (EPRS) 2025 թվականի հոկտեմբերի գնահատման համաձայն՝ ԵՄ հաստատությունները եւ 27 անդամ պետությունները միասին՝ որպես «Թիմ Եվրոպա» 2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինայի համար մոբիլիզացրել են մոտ 177.5 միլիարդ եվրոյի ֆինանսական, ռազմական եւ մարդասիրական օգնություն։

Այս թիվը ներառում է մակրոֆինանսական օգնությունը եւ Ուկրաինային տրամադրվող օգնության մեխանիզմը (Ukraine Facility), որի շրջանակներում Ուկրաինան 2024-2027 թվականներին կստանա 50 միլիարդ եվրո: Դրանից 38.27 միլիարդ եվրոն ուղղակի բյուջետային աջակցություն է, հիմնականում՝ արտոնյալ վարկերի տեսքով: Դրան գումարվում է նաեւ ռազմական օգնությունը, որը EPRS-ը գնահատում է մոտավորապես 63-65 միլիարդ եվրո՝ ներառյալ անդամ պետություններից մատակարարումները եւ Խաղաղության եվրոպական հիմնադրամի (EPF) հատկացումները:

Վերջապես, փախստականներին աջակցությունը ծախսային մի կետ է, որը հասարակությունը հազվադեպ է ուղղակիորեն կապում Ուկրաինայի հետ: Այնուամենայնիվ, հիմնվելով Քիլի ինստիտուտի Ukraine Support Tracker զեկույցի տվյալների վրա, EPRS-ը փախստականների հետ կապված ծախսերը ԵՄ անդամ պետությունների համար գնահատում է մոտավորապես 155 միլիարդ եվրո՝ 2022 թվականի սկզբից մինչեւ 2025 թվականի օգոստոսը ընկած ժամանակահատվածում:

Եթե գումարենք ԵՄ բյուջետային բոլոր ծրագրերը, ռազմական օգնությունը եւ փախստականների հետ կապված ծախսերը, ապա ներկա պահին Ուկրաինան ԵՄ-ի վրա «արժեցել է» մոտավորապես 330 միլիարդ եվրո 3.5 տարվա ընթացքում։ Սա տարեկան կազմում է մոտավորապես 90-100 միլիարդ եվրո։ Ընդ որում՝ ԵՄ 27 երկրների ընդհանուր ՀՆԱ-ն 2024 թվականին զգալիորեն գերազանցել է 15 տրիլիոն եվրոն, այսինքն՝ այս գումարից Ուկրաինային ուղղված տարեկան ծախսերը կազմում են մոտավորապես 0.6-0.7%։

ԵՆԲ եւ ՎԶԵԲ. «Տնտեսության զարգացումը պատերազմի ժամանակ»՝ ըստ ԵՄ-ի

ԵՄ ֆինանսական հաստատությունները նույնպես կարեւոր դեր են խաղում Ուկրաինային ֆինանսավորելու գործում: Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) 2025 թվականի հուլիսի հայտարարության համաձայն՝ ռուսական ներխուժման սկզբից ի վեր այն Ուկրաինայի համար մոբիլիզացրել է 3.6 միլիարդ եվրոյի օգնություն եւ վարկեր, հիմնականում՝ էներգետիկ ենթակառուցվածքների, տրանսպորտի եւ փոքր ու միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Ուկրաինայի խոշորագույն ինստիտուցիոնալ ներդրողն է պատերազմական ժամանակաշրջանում։ 2025 թվականին Հռոմում կայացած Ուկրաինայի վերականգնման համաժողովում բանկը հայտնեց, որ պատերազմի ժամանակ իր ֆինանսավորումը հասել է 7.6 միլիարդ եվրոյի եւ որ այն նախատեսում է պահպանել տարեկան 1.5-2 միլիարդ եվրոյի մակարդակն առաջիկայում։

Պատերազմական ժամանակաշրջանում Ուկրաինայում ՎԶԵԲ-ի ներդրումներն ամենեւին շքեղություն չեն։ Դրանք ուղղված են էլեկտրակայանների, կամուրջների, կենտրոնացված ջեռուցման համակարգերի, սահմանային անցակետերի վերականգնմանը եւ փոքր ու միջին բիզնեսի գոյատեւմանը։ Այլ կերպ ասած՝ այն ամենին, առանց որի պաշտպանվող երկիրն արագորեն կվերածվեր անկայուն, քայքայվող հարեւանի։

Եվրոպան ընդդեմ ԱՄՆ-ի. ո՞վ է իրականում վճարում

Եվրոպացի եւ ամերիկացի քաղաքական գործիչների շրջանում տարածված «ո՞վ է ամենաշատը վճարում» բանավեճը պետք է հանգուցալուծվի վերջին տվյալներով, որոնք ցույց են տալիս, որ Եվրոպան այս տարվա սկզբին «անտոմս ուղեւորից» վերածվել է խոշոր ներդրողի: Քիլի ինստիտուտի տվյալներով՝ 2022 թվականից ի վեր ԵՄ հաստատությունները եւ անդամ պետությունները միասին Ուկրաինային հատկացրել են մոտ 165.7 միլիարդ եվրոյի աջակցություն, մինչդեռ Միացյալ Նահանգների դեպքում այդ թիվը կազմում է մոտ 130.6 միլիարդ եվրո:

EPRS-ը նաեւ ընդգծում է, որ 2025 թվականի դրությամբ «Թիմ Եվրոպա»-ն գերազանցել է Միացյալ Նահանգներին՝ հատկացված ֆինանսական, մարդասիրական եւ ռազմական օգնության ընդհանուր ծավալով։

Ռազմական տեխնիկայի ոլորտում ԵՄ անդամ պետություններն այս տարի Ուկրաինային հատկացրել են մի փոքր ավելի շատ միջոցներ, քան Վաշինգտոնը՝ 65.1 միլիարդ եվրո՝ ԱՄՆ-ի 64.6 միլիարդ եվրոյի համեմատ, ինչպես նաեւ լրացուցիչ 32.8 միլիարդ եվրո՝ եվրոպական խոստումների շրջանակներում։

Այդուհանդերձ, պատկերը շատ ավելի բարդ է։ ԱՄՆ օգնության մեծ մասը բաղկացած է դրամաշնորհներից, մինչդեռ ԵՄ ֆինանսավորման մոտ 75%-ը տրամադրվում է արտոնյալ վարկերի տեսքով՝ տեւական արտոնյալ ժամկետներով եւ տոկոսադրույքի սուբսիդիաներով։ Սա, անշուշտ, նշանակում է ավելի ցածր անմիջական ծախսեր, սակայն ԵՄ-ն ստանձնում է ավելի մեծ երկարաժամկետ ֆինանսական ռիսկ՝ մասամբ հիմնվելով այն սպասումի վրա, որ վարկերը, ի վերջո, կմարվեն ռուսական ակտիվներով կամ «պատերազմական ռեպարացիոն վարկերով»։

Ի՞նչն ավելի թանկ կարժենա՝ Ուկրաինայի՞, թե՞ Ռուսաստանի հաղթանակը

Պարադոքս է, բայց «Ուկրաինայի ֆինանսավորումը չափազանց թանկ է» բանավեճում ամենահամոզիչ հակափաստարկն այն գնահատականն է, թե որքան կարժենա այդ աջակցությունից հրաժարվելը։

Նորվեգական քաղաքացիական հասարակության կողմից ֆինանսավորվող Corisk վերլուծական ընկերության եւ Նորվեգիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (NUPI) կողմից վերջերս անցկացված ուսումնասիրությունը համեմատության համար առաջարկում է երկու սցենար.

Սցենար 1՝ Ռուսաստանի հաղթանակ (թեկուզեւ մասնակի). Մոսկվան ճակատը տեղափոխում է դեպի արեւմուտք, Ուկրաինան ստիպված է լինում ընդունել «վատ խաղաղությունը» եւ կորցնում իր տարածքի մինչեւ կեսը: Ուսումնասիրության համաձայն՝ սա չորս տարվա ընթացքում Եվրոպային կարժենա 524-952 միլիարդ եվրո՝ փախստականների եւ սոցիալական ծախսերի համար, գումարած լրացուցիչ պաշտպանական ծախսերը, ինչն ընդհանուր հաշիվը կհասցնի 1.2-1.6 տրիլիոն եվրոյի:

Սցենար 2՝ Ուկրաինայի հաղթանակ. Եվրոպան զինում է Ուկրաինային (1500–2500 տանկ, 2000–3000 հրետանային համակարգ, մինչեւ 8 միլիոն անօդաչու թռչող սարք եւ ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգեր), ինչը նրան թույլ կտա հետ մղել ռուսական զորքերը եւ ստիպել Կրեմլին համաձայնվել Ուկրաինայի համար շահավետ խաղաղության համաձայնագրի։ Հետազոտողները չորս տարվա ծախսերը գնահատում են 522–838 միլիարդ եվրոյի շրջանակներում՝ մոտավորապես կեսը այն գումարի, որը Եվրոպան կվճարի, եթե Ռուսաստանը հաղթի։

Ուսումնասիրությունը նաեւ ենթադրում է Միացյալ Նահանգների դերի նվազում, ինչը նշանակում է, որ Ուկրաինային աջակցության բեռի մեծ մասն ընկնելու է Եվրոպայի ուսերին, ինչպես այսօր:

Որքա՞ն կարժենա Ռուսաստանի հարձակումը ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա

ԵՄ-ն չունի պաշտոնական գնահատական, թե որքան կարժենա Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ պատերազմը։ Բայց կան մոտավոր գնահատականներ, թե ինչ կպահանջվի Եվրոպան պաշտպանելու համար, նույնիսկ եթե Միացյալ Նահանգները հրաժարվի իր ռազմական ներկայությունից եվրոպական մայրցամաքում:

Բրյուսելյան Bruegel վերլուծական կենտրոնի 2025 թվականի վերլուծության համաձայն, եթե Եվրոպան ստիպված լինի զսպել Ռուսաստանին առանց ԱՄՆ-ի օգնության, ապա առաջիկա տարիներին նրան անհրաժեշտ կլինի առնվազն 300,000 հավելյալ զորք եւ տարեկան մոտ 250 միլիարդ եվրոյի լրացուցիչ պաշտպանական ծախսեր:

Համաձայն վերը նշված նորվեգական հետազոտության՝ Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի դեմ պատերազմի սանձազերծման դեպքում ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի ուժեղացման համար լրացուցիչ պաշտպանական ծախսերն 1-ին սցենարով Եվրոպայի ընդհանուր ծախսերը կավելացնեն մինչեւ 1,2–1,6 տրլն եվրոյով:

Միայն այս թիվն արդեն գերազանցում է այն գումարը, որն այժմ ԵՄ-ն ընդհանուր առմամբ ծախսում է Ուկրաինային աջակցելու համար, եւ այս հաշվարկում ներառված չեն Բալթյան կամ Սկանդինավյան ենթակառուցվածքների հնարավոր ոչնչացումը, ինչպես նաեւ փախստականների նոր ալիքները:

Հեղինակ՝ Գեորգի Ֆոլկ 

Այս հոդվածը պատրաստվել է անդրսահմանային եվրոպական լրագրողական համագործակցության արդյունքում՝ EU NEIGHBOURS east ծրագրի շրջանակներում:

Օրիգինալ հոդվածը հրապարակվել է հունգարերեն լեզվով՝ HVG-ի կողմից։

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment