«Ադրբեջանից դեպի ՀՀ ներմուծում կա, հույս ունեմ՝ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի»․ ինչո՞ւ է Փաշինյանը շնորհակալություն հայտնում Ալիեւին

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է պարբերաբար շնորհակալություն հայտնում Ալիեւին։ Օրերս էլ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդին նիստում էր Նիկոլ Փաշինյանը հրապարակային շնորհակալություն հայտնել Ալիեւին։

«Լսեք, ինչ-որ բան է տեղի ունեցել Հայաստանի հետ կապված, Հայաստանը պետք է վերաբերմունք արտահայտի։ Մենք արտահայտում ենք մեր վերաբերմունքը դրան։ Մի քանի բան է տեղի ունեցել՝ տեղի է ունեցել ցորենի ներկրման արգելքի վերացում, ընդ որում, սկզբից Ղազախստանի համար, հետո Ռուսաստանի համար։ Հետո տեղի է ունեցել հաջորդ բանը՝ արձանագրվել է, որ Հայաստանից էլ հակառակ ուղղությամբ երկաթուղով գնալու սահմանափակում չկա։ Հարց կարող հնչել՝ բա ինչո՞ւ չեն գնում երկաթուղիներով, որովհետեւ իմ ընկալմամբ՝ մեր մտածողության եւ գործունեության մասշտաբը մի ֆուռի տրամաբանությամբ է աշխատում։ Գնացք բեռնելը եւ որեւէ ուղղությամբ ուղարկելը որոշակի բարդություն է, պետք է այդքան ապրանք կոնսոլիդացնել մի տեղ։ Երրորդ բանն է տեղի ունեցել՝ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել նավթամթերք վաճառել Հայաստանի գործարարներին, եւ այդ գնացքը եկել ու հայտնվել է մեր շուկայում։ Կարծում եմ՝ տարօրինակ կլինի, որ մենք մեր վերաբերմունքը չարտահայտենք։ Եվ ես, այո, արտահայտում եմ այդ վերաբերմունքը եւ կարծում եմ՝ ճիշտ եմ անում։ Ընդ որում, ինչո՞ւ տարբեր տեղերում, որպեսզի տարբեր տեղերում դա արձանագրվի, որովհետեւ դա կարեւոր է նաեւ ԵԱՏՄ-ի համար, որովհետեւ մենք ԵԱՏՄ-ի հետ երկաթուղային կապ ենք ստացել,որը նախկինում չենք ունեցել» ,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Փաշինյանը նշեց՝ շատ կարեւոր է գնահատել տեղի ունեցածի մասշտաբը․ «Ես ուզում եմ ցույց տալ եւ ցույց եմ տալիս ու հայտարարում եմ, որ խաղաղությունն իրականություն է։ Եվ այդ իրականությունն ունի կոնկրետ արտահայտչաձեւեր։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ առեւտուր կիրականացվի։ Հիմա Ադրբեջանից դեպի Հայաստան ներմուծում կա, հույս ունեմ՝մ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment