Ռուսաստանում երեկ գույժը ցնցեց բոլոր հայրենասեր մարդկանց (տեսանյութ) – Live News

Ինչու սպանեցին գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովին

 

Երեկ Մոսկվայի հարավում, Յասենևա փողոցում, տեղի ժամանակով ժամը 07:00-ի սահմաններում ավտոմեքենայի պայթեցման միջոցով սպանվել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը : Կատարվածի մասին կարճ ժամանակ անց տեղեկացրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

SHOT-ի տվյալների համաձայն՝ ինքնաշեն պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է մոտ 300 գրամ տրոտիլային համարժեքով։ Պայթյունը լսել են արտակարգ պատահարի վայրից նույնիսկ երկու թաղամաս հեռավորության վրա գտնվող տների բնակիչները։ Պայթուցիկ սարքը, որը տեղադրված է եղել գեներալին սպասարկող «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի հատակի տակ, գործի է դրվել, երբ Սարվարովը տնից դուրս է եկել ու նստել մեքենան՝ աշխատանքի գնալու համար: Ստացված վնասվածքներից նա մահացել է հիվանդանոցում։ Քննության առարկա վարկածներից մեկն ուկրաինական հատուկ ծառայությունների պատվերն է։

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության պահեստազորի սպա, «Р-Техно»-ի ղեկավար Ռոման Ռոմաչևը Vfokuse Mail-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Կիևը բացահայտորեն ահաբեկչական պատերազմ է վարում և դիվերսիոն գործունեություն է ծավալում Ռուսաստանում: Նա ընդգծել է, որ այդ սպանությունը կարող էր կատարվել հակամարտության խաղաղ կարգավորման փորձերը խափանելու համար։ Նրա կարծիքով, Ուկրաինան այդ կերպ մտադիր է հասնել նրան, որ Ռուսաստանն ինքը հայտարարի Կիևի վարչակարգի հետ բանակցություններից հրաժարվելու մասին:

«Հակամարտության շարունակությունն այն է, ինչը Զելենսկուն պահում է իշխանության,- նշել է Ռոմաչևը։- Ռազմական գործողությունների երկարաձգման հարցում շահագրգռված է նաև Լոնդոնը»:

Կիևը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովի սպանությունն իրականացրել է անելանելիությունից, մարտական գործողությունների գոտում Ուկրաինական բանակի ձախողումների պատճառով. այս մասին «Аргументы и факты»-ին հայտարարել է  վաստակավոր ռազմական օդաչու, գեներալ-մայոր Վլադիմիր Պոպովը։

Հավանաբար, այո, պաշտոնական Կիևն է վրեժ լուծել գեներալից, թեև նախաքննությունը դեռ նոր է սկսվել ու, բացառված չէ, պարզվի, որ կատարված ահաբեկչության հետևում Մեծ Բրիտանիայի կամ Ռուսաստանին թշնամի արևմտյան մեկ այլ պետության հատուկ ծառայությունն է:

«Հենց Գլխավոր շտաբի մասնագետներն են ընկնում հարվածի տակ, ընդ որում, ոչ նրանք, ովքեր ռազմաճակատի գծում, այլ ովքեր այստեղ են,- ասել է Պոպովը:- Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունն է ծրագրում այդ հարձակումները։ Դա վրեժ է այն բանի համար, որ մեր օպերատիվ վարչությունն է պատրաստում միջոցառումները, որոնք անցկացվում են առաջնագծում ու թշնամու թիկունքում։ Նրանք տալիս են կարգադրություններ՝ երբ և որտեղ հարվածել, ընդհանուր գծերով այն անում է Գլխավոր շտաբը, իսկ տեղերում խմբավորումների հրամանատարները հստակեցնում են կոորդինատները, կատարում է հետախուզություն, թե որտեղ և ինչպես է ավելի լավ մանևր կատարել»:

Գեներալն ընդգծել է, որ առաջնագծում միջոցառումների հաջողությունը մեծապես կախված է գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետից և տեղակալից:

«Կիևը դա անում է չարությունից, անելանելիությունից,- հայտարարել է Պոպովը:- Ուզում են ցույց տալ, որ ինչ-որ բան կարող են։ Սա պետական մակարդակով բանդիտիզմ է, այն պարզապես պետք է ոչնչացնել։ Հանգստյան օրերին Մայամիում բանակցություններ են տեղի ունեցել, և այստեղ նրանք նման քայլ են անում։ Դա ուղղակի սադրանք է»:

Ավելի վաղ Պոպովը հայտարարել էր, որ ՌԴ ԶՈւ-ն կոշտ պատասխան կտա Սարվարովի սպանության համար։ Տեսնենք… Տեսնենք և՛ այդ պատասխանը, և՛ Կիևի՝ պետական մակարդակով բանդիտիզմի ոչնչացումը, որն առայժմ դեռ չենք տեսել: Եթե հնարավորություն ունենայինք գեներալին հարց ուղղելու, թե մինչև հիմա ինչո՞ւ պետք է ողջ լինեին Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը, Ուկրաինայի ոչ լեգիտիմ ղեկավար Վլադիմիր Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը, Ուկրաինայի անվտանգության ծառայության պետը և ուրիշներ, ապա նա դժվար թե կարողանար պատասխանել:

Այո՛, Ուկրաինան պետական մակարդակով բանդիտիզմով, ահաբեկչությամբ է զբաղվել, ընդ որում, նույնն արել է նաև նախկինում, սա առաջին դեպքը չէ: Հիշենք, թեկուզ, Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալների կողմից ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիիվ վարչության պետի տեղակալ, Գլխավոր շտաբում հատուկ գործողությունների մշակման համար պատասխանատու գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկի սպանությունը, 2024թ. ճիշտ այս նույն ամսին ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի սպանությունն Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ գործողության շրջանակում:

Ուկրաինայի հատուկ ծառայությունները, ամենայն հավանականությամբ, ահաբեկչությամբ զբաղվելու են նաև ապագայում, քանի դեռ Ռուսաստանն ինքը չի վարվել նույն կերպ, աստվածաշնչյան «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքով: Սակայն, առկա տեղեկությունների վերլուծությունից ելնելով, կարելի է ասել, որ Ռուսաստանը, ցավոք, նույն կերպ չի վարվելու:

 

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութն այստեղ՝ https://www.mk.ru/incident/2025/12/22/opublikovany-kadry-s-mesta-vzryva-izza-kotorogo-pogib-general-sarvarov.html

Leave a Comment