Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով Համբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին համատեղ ճանապարհային քարտեզ ընդունելու մասին արված առաջարկին, համաձայն որի՝ փակելու են արցախցիների՝ Արցախ վերադառնալու թեման, Ադրբեջանն էլ իր հերթին վերջ է դնելու «Արևմտյան Ադրբեջան» անհասկանալի տերմինաբանության օգտագործմանը, այն համարեց վտանգավոր ու խիստ հակահայկական։
«Նիկոլ Փաշինյանը շատ վտանգավոր ու հակահայկական հայտարարություն արեց։ Եթե Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչելի է Ադրբեջանի մաս, ապա մեխանիկորեն Արցախի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են։
Եթե Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, Արցախը Ադրբեջանի մաս է, իսկ արցախահայությունը Ադրբեջանի քաղաքացիներ են, ապա հարց է առաջանում, նա ո՞վ է, որ իր կողմից Ադրբեջանի քաղաքացի ճանաչված արցախահայերի ապագան որոշի, թե նրանք վերադառնալո՞ւ են, թե՞ չէ։
Երկրորդ՝ միջազգային բոլոր օրենքներով ամրագրված են, որ համապատասխան տարածաշրջանում ապրող մարդիկ, որոնք դարձել են փախստական, հետ վերադարձի իրավունք ունեն։
Երրորդ՝ արցախահայերը Արցախում միլիարդավոր դոլարների ունեցվածք են թողել և դրա դիմաց Ադրբեջանը ոչ մի փոխհատուցում չի տվել։
Չորրորդ՝ այս հարցերը՝ արցախահայության հետ վերադառնալը և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը, որը պաշտոնական Բաքուն սկսեց կիրառել 2023 թվականի սեպտեմբերից հետո, ուղղակիորեն անհամեմատելի են, որովհետև նույնիսկ, երբ Հայաստանն անկախ երկիր չի եղել, Արցախը տարբեր ձևաչափերով գոյություն է ունեցել։
Իսկ արցախահայությունը միշտ մեծամասնություն է եղել իր պատմական հայրենիքում, այն պարագայում, երբ որ «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը ուղղակի հնարած, ադրբեջանական կեղծ պատմագրության հիման վրա կազմված թեզ է։
Պետք է նշեմ, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր հայտարարություններով սարսափելի վնասում է Հայաստանի Հանրապետությանը ու հայ ժողովրդին՝ փորձելով նույն հարթակի վրա առաջ տանել անհամատեղելի երկու երևույթները, հավասարության դնել արցախահայության հետ վերադարձի և «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթների միջև։ Սա հակահայության վերջն է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Համբարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: