Փաշինյան-Քոքեր հանդիպմանը քննարկվել են Հայաստան–ՄԹ ռազմավարական գործընկերությունը և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը ողջունել է պարոն Քոքերի այցը մեր երկիր և ընդգծել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև վերջին շրջանում առկա ակտիվ երկխոսության և համագործակցության փաստը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերություններում ձևավորվել է լայն օրակարգ, որն առնչվում է տարբեր ոլորտների և ուղղությունների։ Երկրի ղեկավարը հավելել է, որ ՀՀ Կառավարությունը կարևորում է բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք նոր ազդակ են հաղորդում կապերի հետևողական ընդլայնմանը։

Վերնոն Քոքերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել, որ Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը նոր խթան կհաղորդի բազմոլորտ կապերին և համատեղ ծրագրերի իրականացմանը։ Միացյալ Թագավորության պաշտպանության պետնախարարը գոհունակություն է հայտնել հայ գործընկերների հետ արդեն իսկ ունեցած քննարկումներից և նշել, որ պատրաստ են շարունակել սերտ երկխոսությունը՝ համագործակցությունն ընդլայնելու և զարգացնելու նպատակով։

Leave a Comment