
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 4-5-ը պետական այցով կայցելի Հնդկաստան, տեղեկացրել է Կրեմլը։
Այցը նշանակալի է և հնարավորություն է տալիս համապարփակ քննարկել ռուս-հնդկական հարաբերությունների ողջ օրակարգը՝ հատուկ, արտոնյալ ռազմավարական գործընկերությունը քաղաքական, առևտրային, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական, մշակութային և մարդասիրական ոլորտներում, ինչպես նաև անդրադառնալ միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերին։ Այս հարցերը կլինեն Նարենդրա Մոդիի գլխավորած հնդկական պատվիրակության հետ բանակցությունների կիզակետում։
Ռուսաստանի նախագահը նաև առանձին հանդիպում կունենա Հնդկաստանի նախագահ Դրոուպադհի Մուրմուի հետ։
Բանակցությունների արդյունքների հիման վրա նախատեսվում է համատեղ հայտարարության ընդունում և երկկողմ միջգերատեսչական և առևտրային մի շարք փաստաթղթերի ստորագրում։