ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Սիրված ռոմանսներ, ինչպես նաև ռուս դասականների բանաստեղծություններ հնչեցին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի բեմում «Կյանք տալով խոսքերին և նոտաներին» երաժշտական-պոեզիայի երեկոյի ընթացքում։ Ռուսական մշակույթի օրերի շրջանակներում անցկացվող միջոցառումը կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը։
Երեկոյի ընթացքում հանդես եկան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մենակատարներ Սիլվա Պետրոսյանը և Ռոման Խնկոյանը։ «Այսօր ես կատարեցի իմ սիրելի ռոմանսները, որոնք, հուսով եմ, ոչ պակաս սիրված էին հանդիսատեսի կողմից։ Ասեմ, որ մեր տանը, հայկական երաժշտության հետ մեկտեղ, հնչում էր ռուս կոմպոզիտորների երաժշտություն, այնպես որ, կարելի է ասել, ես մեծացել եմ այդ երաժշտության ներքո», – մեզ հետ զրույցում ասաց Սիլվա Պետրոսյանը։

Երեկոյին յուրահատուկ մթնոլորտ հաղորդեց կամերային անսամբլը՝ Վարազդատ Խաչումյանի (ջութակ), Արամ Վարդանյանի (կիթառ), Վյաչեսլավ Ախմետզյանովի (կոնտրաբաս) և Մադաթ Ավանեսովի (դաշնամուր) մասնակցությամբ։ «Ես գիտեմ բազմաթիվ հայտնի ռոմանսներ, այդ թվում՝ ռուսական, որոնց երաժշտությունն այսօր մեծ հաճույքով կատարեցի պոպուրիի տեսքով։ Ռուսական մշակույթը, ընդհանուր առմամբ, մոտ է ինձ, և պարզվեց, որ այն մոտ է նաև այսօր դահլիճում հավաքված հանդիսատեսին, ինչի մասին վկայում էին նրանց ծափահարությունները և աչքերի փայլը», – ասաց ջութակահար Վարազդատ Խաչումյանը։
Դերասան և ռեժիսոր Արմեն Մարգարյանը հանդիսատեսին ներկայացրեց Եվգենի Եվտուշենկոյի, Անդրեյ Վոզնեսենսկու, Ալեքսանդր Բլոկի և Բելլա Ախմադուլինայի բանաստեղծությունները։ «Ես այս հրաշալի երեկոյի հաղորդավարն էի, բայց շատ ուրախ եմ, որ միջոցառումը, ի վերջո, վերածվեց հանդիսատեսի հետ աշխույժ շփմանն և երկխոսությանը: Կարծում եմ՝ հանդիսատեսը, ինչպես նաև ես, տպավորված էինք միջոցառման հագեցվածությամբ: Արվեստագետների և հանդիսատեսի միջև կապը մոգական էր: Եվ ես շատ ուրախ եմ, որ մաս եմ կազմել այս քիմիային», – մեզ հետ զրույցում ասաց նա։
Երեկոյի ջերմ մթնոլորտը արձագանք գտավ հանդիսատեսի մոտ, ովքեր խոստովանեցին, որ կարոտում են նման համերգները և ռուսական ռոմանսի առաջացրած լուսավոր թախիծի զգացողությունը: «Այնպես պատահեց, որ վերջերս եմ վերադարձել Մոսկվայից, որտեղ ապրում եմ, և այսօր Դոմ Մոսկվիում ներկա եղա մի հիանալի երեկոյի, լսեցի իմ սիրելի ստեղծագործությունները, ինչի համար շնորհակալ եմ ընկերներիս, որոնք հրավիրել էին ինձ: Երևանում նման բան տեսնելն ու լսելը թանկ նվեր է: «Դոմ Մոսկվին» հիանալի աշխատանք է կատարել. սա ասում եմ որպես երաժշտական կրթություն ունեցող անձ», – իր տպավորություններով մեզ հետ կիսվեց Գայանե Գրիգորյանը։
Կազմակերպիչների խոսքով՝ երեկոն միջոցառումների շարքի մի մասն էր, որոնք ուղղված են հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդմանը և լայն հանրությանը ռուսական երաժշտական և գրական հարուստ ժառանգությանը ծանոթացնելուն։
–00—ՅՄ