ԿԸՀ ժամանակացույցով՝ ապրիլի 13-ին մեկնարկում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների առաջադրումը։ Ուղիղ տասը օր է տրվում կուսակցություններին և դաշինքներին՝ ներկայացնելու առաջիկա ընտրություններին մասնակցելու փաստաթղթերը։ Այս փուլի վերջնաժամկետն ապրիլի 23-ն է։ Բայց առաջադրված բոլոր ուժերը չէ, որ փաստաթղթեր ներկայացնելուց հետո կարող են գրանցված համարվել։ Նախ համապատասխան կառույցները և ոչ միայն ԿԸՀ-ն պետք է ուսումնասիրեն ներկայացված փաստաթղթերը։
Ընտրապայքարի մեջ մտնելու համար կուսակցությունները և դաշինքները նախ պետք է համապատասխան պետական կառույցներին հասանելի դարձնեն իրենց մասին տարատեսակ տեղեկություններ, ներկայացնեն գրանցման դիմում, ընտրացուցակ, կանոնադրություն, ծրագիր, ապա նաև թեկնածուների անձնական տվյալները՝ ներառյալ տեղեկանք վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու և Հայաստանում մշտապես բնակվելու մասին։ Այս ամենին գումարվում են գույքի և եկամուտների հայտարարագրերը։
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը բացատրում է՝ առաջադրման համար պետք է առաջին քայլով ստանալ օգտահաշիվ․ «Կա գործիք, որն օգտագործում է պետության ունեցած՝ բնակչության պետական ռեգիստրի տվյալները, և ոչ թե կուսակցությունները ձեռքով հավաքում են թեկնածուների անունները կամ նրանց տվյալները, այլ այդ տեղեկատվության շտեմարանից ինքնաշխատ գալիս է և ընտրական ցուցակում իր տեղն է գտնում՝ ըստ կուսակցության սահմանած հերթականության։ Սա հնարավորություն է տալիս, որպեսզի կուսակցությունները սխալներով, վրիպակներով և ուղղագրական խնդիրներով ընտրական ցուցակներ չներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին»։

Սպասվող տասնօրյա փուլում խոշորացույցով ուսումնասիրվելու են քաղաքական միավորների փաստաթղթերը ոչ միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, այլև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։ Եթե ԿԸՀ-ն կատարում է բուն գրանցումը, ապա ԿԿՀ-ն ապահովում է թեկնածուների հետ կապված հակակոռուպցիոն մեխանիզմները։ ԿԿՀ-ն նաև ստուգում է կուսակցությունների ընթացիկ ֆինանսները և վերլուծում գույքի և եկամուտների հայտարարագրերը։
Մինչև այս պահը՝ առաջադրվելու հստակ մտադրություն են հայտնել Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, Սամվել Կարապետյանի հիմնադրած «Ուժեղ Հայաստան»-ը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, Գագիկ Ծառուկյանի շուրջ միավորվածների «Առաջարկ Հայաստանին» քաղաքական միավորը, Արման Թաթոյանի «Միասնության թևեր»-ը, Վաղարշակ Հարությունյանին որպես վարչապետ առաջադրելու պատրաստվող «Ռեֆորմիստները» Լևոն Զուրաբյանին առաջադրած Հայ ազգային կոնգրեսը։ Ընտրապայքարի մտադիր մի շարք ուժեր դեռ բանակցում են։
Առաջադրումից հետո պարզ կդառնա, թե որ քաղաքական միավորներին ԿԸՀ-ն չի գրանցի և դուրս կթողնի ընտրապայքարից։ Վերջին շրջանում այս ենթադրությունները հաճախ վերաբերել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ Ընդդիմադիրները կարծում են, որ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ուժին իշխող կուսակցությունը փորձելու է խաղից հանել՝ պարզապես չգրանցելով։

Որևէ ուժի միտումնավոր ընտրապայքարից դուրս թողնելու ենթադրություններն ընդունելի չի համարում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Ես 2022 թ․ հոկտեմբերից ԿԸՀ նախագահ եմ։ Երբևէ մի մազաչափ խոսքով, կես բառի չափով անգամ երբեք որևէ ճնշում կամ ինչ-որ այլ բան չի եղել, ու ես ձեզ վստահեցնում եմ` չի էլ լինի»։
Քաղաքական ուժերի դիտարկումները ԿԸՀ նախագահին չեն հետաքրքրում, եթե դրանք չեն խախտում ԸՕ պահանջները։
«Քաղաքական գործիչները, որ մեկմեկու կկսմթեն, չգիտեմ ինչեր կասեն, բնական է։ Իրենք քաղաքական գործիչ են, իրենք իրար ինչ կուզեն՝ կասեն։ Եթե օրենքով արգելված սահմանը չեն հատի, իրենց գործն է»։
Այս հարցում, սակայն, անհանդուրժող է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որն իր լիազորությունների տիրույթում նաև նախընտրական շրջանում պետք է հետևի հանրային ծառայողների և տարբեր պաշտոնյաների վարքագծին։
Քարոզարշավին նախորդող փուլում շրջանառվող բառապաշարն արդեն յուրօրինակ նախազգուշացում է։ Վարքագծի կանոնի խախտում կա՞, թե՞ չկա, հատկապես նախընտրական շրջանում ու հատկապես պաշտոնատար անձանց հրապարակային խոսքում․ այստեղ հանձնաժողովն առաջնորդվում է միջազգային չափորոշիչներով՝ «Ռադիոլուր»-ին ասում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Տիգրանուհի Խալաֆյանը․
«Մասնավորապես, ուսումնասիրում ենք տվյալ իրավիճակին վերաբերելի ՄԻԵԴ նախադեպային որոշումները։ Գիտեք, որ խոսքի իրավաչափության սահմանները, ինչպես նաև խոսքի պաշտպանության սահմանները, այդ թվում` քաղաքական, տարբեր են, նաև՝ կախված անձի զբաղեցրած պաշտոնից։ Բնականաբար, արդեն կախված յուրաքանչյուր դեպքից, կախված անձի զբաղեցրած պաշտոնից, իրավիճակից, ընդհանուր կոնտեքստից, նաև նրանից, թե ինչին ի պատասխան է ասվել կամ սոցիալական, հանրային ինչ քննարկումների ֆոնին է ասվել, այսինքն` մի շարք հանգամանքների համալիր վերլուծության և համադրման արդյունքում հանձնաժողովը գալիս է խախտման առկայության կամ բացակայության մասին եզրակացության»։

Հանձնաժողովի ուսումնասիրած ամենաթարմ դեպքերից է մարտի 22-ին Երևանի մետրոյում միջադեպը վարչապետի մասնակցությամբ։ Ուսումնասիրել հանձնաժողովը սկսել էր, բայց չհասցրեց վարույթ նախաձեռնել, քանի որ օրենքով նախատեսված ընթացակարգը պաշտոնյան ապահովել էր մինչև ԿԿՀ որոշում կայացնելը։
«Տվյալ դեպքում, նախքան բոլոր իրավական վարութային գործընթացների մեկնարկը, պաշտոնատար անձն արդեն իսկ միջադեպից հետո հրապարակային պարզաբանմամբ հանդես էր եկել։ Հանձնաժողովը մեդիահրապարակումը քննարկելով, հաշվի առնելով, որ վարույթի արդյունքում հնարավոր իրավական հետևանքը՝ պարզաբանմամբ հանդես գալը, արդեն իսկ տեղի էր ունեցել, նպատակահարմար չի գտել վարույթի միջոցով տվյալ միջադեպին գնահատական տալը։ Այսինքն` արդեն իսկ նույն հետևանքը նախքան այդ ամենի սկսելը ապահովված է եղել պաշտոնատար անձի կողմից։ Վերջինս հանդես է եկել համապատասխան պարզաբանմամբ, ինչը միակ հետևանքն է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում»։
Հանրային ծառայողների համար սահմանված են պատշաճ վարքագծի տիպային կանոններ, հանձնաժողովի կողմից կիրառվող վարքագծի կանոնագիրք և հենց ոլորտային կանոններ։ Առանձին կուսակցություններ, օրինակ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ունեն էթիկայի կանոնագիրք։ Իշխող քաղաքական ուժը մինչև նախընտրական շրջանը քաղաքական դաշտի բոլոր մասնակիցներին առաջարկել էր ընդունել այդպիսի վարքականոններ, սակայն առաջարկն անպատասխան մնաց։