Հակակոռուպցիոն քրեական դատարանում դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց գործով այսօրվա դատական նիստում հարցաքննված վկայի ցուցմունքներն, ըստ էության, ոչ մի էական հանգամանք չփոխեցին, չնայած հանրային մեղադրողն ու պաշտպանական կողմը բազմաթիվ հարցերով փորձում էին ճշտել իրենց հետաքրքրող հանգամանքները։
Ի վերջո, Աղվան Հովսեփյանը վրդովված դիմեց դատավարության մասնակիցներին. «Արդեն ժամից ավելի է՝ վկային տանջում եք։ Ի՞նչ եք ուզում պարզել, չեմ հասկանում։ Որ Հայաստանի Հանրապետությունը կա, դա փաստ է, որ Բյուրական համայնքը կա, փաստ է, որ այնտեղ առանձնատուն կա կառուցված, փաստ է, որ այդ առանձնատունն իմ տղաների անունով է եւ նրանց համար է, փաստ է, որ իմ տղաները զբաղվել են բիզնեսով, փաստ է, որ եկամուտ են ունեցել, փաստ է, որ այդ եկամուտի հիման վրա այդ առանձնատունը կառուցվել է, փաստ է։ Իմ տղան էլ ցուցմունք տվեց այդ մասին։
Ի՞նչ հարց կա, որ պետք է դուք պարզեք։ Պարզ, շատ պարզ ցուցմունք տվեց։ Պետք է իմանաս՝ բովանդակությունը մեղադրանքի հետ կապ ունի՞, թե չէ, Աղվան Հովսեփյանը կապ ունի՞, թե չէ։ Դա ձեր պարտականությունն է։
Հարգելի դատարան։ Աղվան Հովսեփյանը հիսուն տարի աշխատել է իրավական համակարգում սկսած քննիչից, մինչեւ բոլոր պաշտոնները։ Եվ բազում անգամներ մեղադրանք է պաշտպանել ավելի բարդ գործերով։ Կա ապացուցողական նշանակություն ունեցող հանգամանք, որի շուրջ պետք է վկային հարցաքննենք; Ի՞նչ եք տանջում այս մարդուն։ Խոսքս բոլորիդ է վերաբերում։ Մի հարց կա, որ պետք է պարզեք. Աղվան Հովսեփյանը ի՞նչ առնչություն ունի այն բիզնեսների հետ, որով իր տղան է զբաղվում։ Վկան պարզ բացատրեց, որ Աղվան Հովսեփյանին ոչ ճանաչում է, ոչ տեսել է։ Տեսե՞լ է, արդյոք, որ Աղվան Հովսեփյանը այդ բիզնեսի կառավարմանը մասնակցել է։ Ահագին տարիներ եթե եղել է այդ բիզնեսի կենտրոնում որպես մենեջեր, ապա Աղվան Հովսեփյանը եթե մազաչափ անգամ մասնակցություն ունենար այդ բիզնեսի կառավարմանը, վկան կիմանար այդ մասին։ Թե չէ, Բյուրականն էլ կա, առանձնատունն էլ կա, այդ բիզնեսներն էլ կան, իմ տղաներն էլ կան։
Իմ տղաների անունը չկա այդ հարցաքննության մեջ։ Աղվան Հովսեփյան-Աղվան Հովսեփյան։ Ամեն էջի վրա 30 անգամ՝ Աղվան Հովսեփյան։ Բայց որ Աղվան Հովսեփյանն ունի գիտությունների թեկնածու տղա Նարեկ Հովսեփյան, չկա, որ Աղվան Հովսեփյանն ունի Միսակ Հովսեփյան տղա, որն զբաղվել այդ բիզնեսով եւ բազում ուրիշ բիզնեսներով, այդ մասին չկա։
Հարգելի դատարան, կներեք երկարացնելու համար։ Ուղղակի հիմա ուզում եմ իմանալ, թե ի՞նչ եք ուզում պարզել այսքան ժամանակ»։
Դիմելով վկային, Աղվան Հովսեփյանը ուղիղ հարցրեց. «Այդ բիզնեսների մեջ, որում դուք աշխատել եք, Աղվան Հովսեփյանը որեւէ առնչություն ունեցել է՞ կառավարմանը, հսկողությանը, որեւէ դեպք կամ որեւէ նշույլ անգամ բառով կարո՞ղ եք հիշատակել, որ Աղվան Հովսեփյանը առնչություն է ունեցել։ Խոսքս չի վերաբերում տղաներին։ Տղաները եւ թղթերով, եւ փաստաթղթերով, եւ գործունեությամբ առնչվել են իրար հետ։ Եվ մինչեւ հիմա էլ այդ բիզնեսներով են զբաղվում։ Ես եմ Աղվան Հովսեփյանը, որին չեք էլ տեսել երեւի։ Նորից եմ հարցնում կոնկրետ, հիշեք եւ պատասխանեք՝ Աղվան Հովսեփյանը երբեւիցե որեւէ մասնակցություն ունեցե՞լ է այդ բիզնեսների կառավարմանը, հսկողությանը, հաշվետվություններին եւ այլն»։
«Ոչ։ Ճիշտն ասած ես ձեզ մեր օֆիսում ոչ տեսել եմ, ոչ հեռախոսի եմ պատասխանել։ Այն, ինչ լսել եմ Արշավիր Սարգսյանից, միայն դա է եղել»,-պատասխանեց վկան։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: