
Դեկտեմբերի 9-ը մեզ հիշեցնում է մարդկության նկատմամբ ամենամեծ ոճիրը՝ Ցեղասպանությունը․ հանցագործություն, որը սպառնում է ազգերի գոյությանը, պատմական հիշողությանը։ Հայ ժողովուրդը լավ գիտի Ցեղասպանության գինը։ Մինչ օրս լիարժեք չճանաչված և լիարժեք չդատապարտված Հայոց Ցեղասպանությունը ոչ միայն մեր ազգային ցավն է, այլև մարդկության մեծագույն խարաններից մեկը։ Մենք ստիպված ենք արձանագրել դաժան, բայց ճշգրիտ փաստ՝ Հայոց Ցեղասպանության չճանաչումը դարձավ նոր Ցեղասպանությունների պատճառ։ Անպատժելիությունը հանգեցրեց հրեաների, ռուանդացիների, ինչպես նաև այլ ժողովուրդների զանգվածային ոչնչացմանը տարբեր երկրներում։ Եվ նույն այդ անպատժելիության տրամաբանությունը շարունակվեց մեր օրերում։ Արցախում իրականացվեց ցեղասպանություն, որի բաղադրիչներն էին շրջափակումը, Արցախի բնակչության սովահարությունը, բնակչության բռնի արտագաղթը, Արցախի ամբողջական հայաթափումը։ Սա ոչ թե «հումանիտար ճգնաժամ» էր, այլ Ցեղասպանություն՝ իր բոլոր հատկանիշներով, ինչպես սահմանում է ՄԱԿ-ի կոնվենցիան։ ՀՀ իշխանությունները, սակայն, չկատարեցին իրենց պարտականությունը։ Արցախի նկատմամբ իրականացված Ցեղասպանական գործողությունները նրանք չդատապարտեցին։ Նրանք չդիմեցին միջազգային դատարաններ ժամանակին՝ կանխելու և արձանագրելու կատարվող հանցագործությունը։ Նրանք թույլ տվեցին, որ Հայաստանի միջազգային դիրքորոշումը թուլանա, և ճշմարտությունը ներկայացվի աղավաղված։
Առավելագույնս վտանգավոր հանցագործություններից մեկը՝ Ցեղասպանության ժխտումը, Հայաստանի Հանրապետությունում պատժելի արարք է և գնահատվում է որպես հանցագործություն մեր պատմական իրավունքների, մեր ազգային հիշողության և մեր պետական անվտանգության դեմ։ Սակայն ՀՀ դատախազությունը մինչև այսօր չի սկսել որևէ վարույթ, երբ վարչապետ Փաշինյանը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ արել են հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դրել Հայոց Ցեղասպանության փաստը, աղավաղել են դրա պատմական գնահատականը, ստեղծել են բազմիմաստ, վտանգավոր մեկնաբանություններ։ Սա իրավական մեծագույն անգործություն է։ ՀՀ դատախազությունը պարտավոր էր՝ պաշտպանել պատմական ճշմարտությունը, պաշտպանել օրենքը, պաշտպանել Ցեղասպանությունից վերապրած ժողովրդի ժառանգությունը։ Բայց նրա անգործությունը նպաստեց, որ պետական մակարդակով հնչող վտանգավոր հայտարարությունները մնան առանց որևէ արձագանքի, ինչն էլ խաթարում է մեր միջազգային դիրքերը և թուլացնում Ցեղասպանության ճանաչման պահանջատիրությունը։
Մոռացության քաղաքականությունը՝ վտանգ պետականության համար։ Ցեղասպանության մոռացության սերմանումը, դրա նկատմամբ պետական լռությունը կամ դրա լեգիտիմացման փորձերն ուղիղ վտանգ են Հայաստանի ապագայի համար։ Դրանք թուլացնում են մեր պահանջատիրությունը, նվազեցնում են միջազգային աջակցությունը, ստեղծում են նոր հանցագործությունների վտանգ, խաթարում են մեր պետական ինքնիշխանությունը։
«ՔՈՉԱՐԻ — Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցությունը հստակ հայտարարում է՝ Մենք դատապարտում ենք Ցեղասպանությունը՝ ցանկացած դրսևորմամբ։ Մենք չենք ընդունում Հայոց Ցեղասպանության մոռացության կամ աղավաղման քաղաքականությունը։ Մենք պայքարելու ենք Արցախի իրադարձությունների միջազգային իրավական գնահատման համար՝ որպես Ցեղասպանություն։ Մենք հիշում ենք։ Մենք պահանջում ենք։ Եվ մենք կանխելու ենք նման հանցագործությունը։