«ՔՈՉԱՐԻ-Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցության շնորհավորական ուղերձը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առիթով

Այսօր՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն հազարավոր մարդկանց ուժին, կամքին, տոկունությանը և արժանապատվությանը, ովքեր ամեն օր հաղթահարում են այն խնդիրները, որոնք շատերը անգամ չեն նկատում։ Այս օրը հիշեցում է, որ հաշմանդամությունը երբեք չի սահմանափակում մարդու արժեքը, նրա իրավունքները կամ նրա կարողությունները։ Հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացի Հայաստանի լիիրավ, իրավահավասար անդամ է, և պետության պարտքն է ստեղծել ոչ թե ձևական, այլ իրական պայմաններ՝ լիարժեք ու արժանապատիվ կյանքի համար։ Սակայն այսօր չենք կարող չնշել, որ պետությունը տարիներ շարունակ թերացել է այս ոլորտում։ Պետությունը չի իրականացրել այն քաղաքականությունը, որը նրանց համար պետք է ապահովի ժամանակին պատշաճ բուժօգնություն, որակյալ վերականգնողական ծառայություններ, տեխնիկական միջոցների հասանելիություն, ներառական կրթություն, մատչելի և հարմարավետ քաղաքային միջավայր, ինչպես նաև երկարաժամկետ սոցիալական ապահովություն։ Ցավալի է, բայց փաստ՝ երեխաների շրջանում հաշմանդամությունը հաճախ կարող էր կանխարգելվել ճիշտ առողջապահական մոտեցումներով, իսկ արդեն հաշմանդամություն ունեցող անձինք տարիներ շարունակ մնացել են անտեսված՝ առանց պետական իրական ծրագրերի և բավարար ֆինանսավորման։ 

Այսպիսով, այս օրը պարզապես տոն չէ։ Սա նաև հիշեցում է պետության անպատասխանատվության մասին։ Մեր հստակ դիրքորոշումը՝ համոզված ենք, որ Հայաստանի ապագան չի կարող կառուցվել, եթե մեր պետությունը շարունակի անտեսել այն մարդկանց, որոնք ամենաշատն են կարիք ունենում պաշտպանվածության և աջակցության։ Պետությունը պարտավոր է ձևավորել քաղաքականություն, որը չի ավարտվում հայտարարություններով, այլ սկսվում է իրական քայլերով՝ առողջապահական կանխարգելման ծրագրեր, վաղ ախտորոշման ծրագրեր, աշխատատեղերի հարմարեցում, սոցիալական ներգրավվածություն, արժանապատիվ ֆինանսավորում՝ առանց հերթերի և տարրական միջոցների ապահովմամբ։ Յուրաքանչյուր անձ իրավունք ունի արժանապատվության և հավասար հնարավորությունների։

Այս օրը մենք ոչ միայն շնորհավորում ենք, այլև պարտավորություն ենք ստանձնում՝ պայքարել այն Հայաստանի համար, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք չեն լինելու երկրորդ տեղում, չեն անտեսվելու և որտեղ նրանց խնդիրների լուծումը լինելու է պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Մաղթում ենք առողջություն, ուժ, համառություն և այնպիսի պետություն, որը ձեր կողքին կանգնած է ոչ միայն խոսքով, այլ նաև գործով։

Հարգանքով՝ «ՔՈՉԱՐԻ-Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցություն 

Leave a Comment